Մենք մտավորականություն ունե՞նք

Մենք մտավորականություն ունե՞նք

Հայրենասիրությունը դա էություն է. ի ծնե գեներից եկող, արյան բաղադրության մեջ’ երակներում հորդող, այն քարոզելով, հորդորելով, պատվաստովի, ձեռքբերովի լինել չի կարող… Պահանջատեր մարդը երբե´ք ծնկի չի գա, պահանջատեր մարդու ճանապարհը մեկն է՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծեգում է հայտնվել, պայքարել մինչև պատմական արդարության վերականգնում, մինչև հաղթանակ.

Սա է հայրենասիրության իմ սեփական բանաձևը…
Անկախությունից այս կողմ, ինձ մի հարց է միշտ մտահոգել. մենք մտավորականություն ունե՞նք. Բա ու՞ր են…
Ու՞ր են մեր մտավորականները, մեր աստղային գենոֆոնդը. ինչու՞ են լռում, կամ ի՞նչ են դասավանդում մեր ուսուցիչները, ինչ են երգում մեր երգիչները , ի՞նչ նպատակների են ծառայում հեռուստաալիքները. Հայրենասիրական թեման ամենուրեք հետին պլան է մղվել, իսկ ժողովուրդը տնքում է անելանելի վիճակներից. ո՞վ պետք է սատարի ժողովրդին, եթե ոչ մեր մտավորականությունը, որը, ցավոք սրտի, անկախությունից այս կողմ բռնել է կրավորական կեցվածք. ինչու՞ է հապաղում զորավիգ լինել, բարոյապես սատար կանգնել մեր ազգային խնդիրներին: Այսօր ահավոր անօգնական , անպաշտպան ու թշվառ վիճակում է հայտնվել մեր ժողովուրդը : Հայն իր երկրում անպաշտպան է բոլոր առումներով և այդ է պատճառը, որ նոր թափ է առել արտագաղթը . Հայ մարդը լքում է իր հայրենիքը, դատարկվում է երկիրը, որը ռազմավարական տեսանկյունից ահավոր վտանգավոր է :

Ցավալին այն է, որ այսօրվա մտավորականությունը չունի ազգային մտածողություն. դրա վառ ապացույցն է 2009 թվականին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը իր հորինած «Ֆուտբոլային դիվանագիտությամբ» մեր ազգային խնդիրները մտցրեց փակուղի, երբ աշխարհասփյուռ հայությունը համարյա բոլոր հայ գաղթօջախներում բազմահազարանոց ցույցեր էր անում, ահազանգ էր հնչեցնում, որ այդ պրոտոկոլները չվավերացվեն, բայց մեր մտավորականություն կոչվածը՝ ձայն բարբառոյ յանապատե: Մինչև այսօր էլ քար լռություն է այդ կարևոր հարցի շուրջ, իսկ Շվեյցարիայում քնած պրոտոկոլները ռումբ են, որ մի օր կպայթի մեր ազգի գլխին:
Հայաստանյան և աշխարհասփյուռ մտավորականությունը իր բողոքի ձայնը
չբարձրացրեց ինչպես Հին Ջուղայի մեր հազարամյա խաչքարերի վանդալիզմի դեմ, այնպես էլ Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սահմռկեցուցիչ սպանության ժամանակ: Հայ մտավորականը ինչպե՞ս կարող է ականջները գոցել, աչքերը փակել ու քար լռությամբ սպասել, թե երբ կկործանվի ողջ հայության միակ օազիսը’ Հայաստանը :
Դրանց ավելի շատ մորթիապաշտներ կարելի է կոչել, քան թե մտավորականներ, որոնք մի մեդալով կարող են աչքերը գոցել, ականջները փակել…
Ինչպե՞ս կարելի է մոռանալ Սովետի տարիներին, երբ արգելված էր ազատ խոսքը, արգելված էր ազգային հարցեր վեր հանել , մենք ունեցանք Չարենց, Գուրգեն Մահարի, Խաչիկ Դաշտենց, Շիրազ, Պարույր Սևակ…Մտավորականներ, ովքեր տառապում էին ազգի վշտից … Ու նրանց շնորհիվ էր, որ 1965թ. ապրիլի 24-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը:
Ես ողբում եմ այսօրվա հայ մտավորականության թշվառ վիճակը.

Այսօրվա մտավորականը խիստ տարբերվում է Սովետական շրջանի մտավորականից: Սովետի ռեժիմից չվախենալով մենք ունեցանք հեղափոխական, ազգային մտածողությամբ գրողներ ու բանաստեղծներ, հիմա իբր ազատ, անկախ երկիր ենք, հիմա էլ տաքուկ անկյունից զրկվելուց են վախենում. այսօրվա մտավորականը ժողովրդի հետ չի, չունի ազգային մտածողություն, չի երգում Մասիս ու մեր պապոնց հողերը լույս:

Անգամ եղեռնի ծանր տարիներին մենք ունեցանք Սիամանթո, Ռուբեն Սևակ, Զոհրաբ, Դանել Վարուժան, Կոմիտաս, Վահան Թեքեյան…: Միթե՞ այսօր մեր ազգը դեպ հետընթաց է ապրում բոլոր առումներով. ազգի վաղվա օրվա ճակատագիրը չի հուզում մեր այսօրվա մտավորական կոչվածներին. Չի հուզում, որ Շվեյցարիայում քնած պրոտոկոլները անմիջապես հարվածում են մեր արևմտյան Հայաստանի հողերի պահանջատերը լինելուց, քանզի պրոտոկոլներում պարզ գրված է «Փոխադարձ սահմանների ճանաչում», այսինքն` մենք ճանաչում ենք Թուրքիայի այսօրվա սահմանները, իսկ Թուրքիան’ մեր սահմանները:
Այսինքն` մենք պահանջատեր չենք ու այս պարագայում մեր շանսերը հօդս են ցնդում, մեր հարյուրամյա պայքարը հողին է հավասարեցվում: Մեր հողերը հետ վերցնելու երազանքը ի չիք է դառնում . եղած մեր շանսերը, ինչպես Սևրի դաշնագրի, այնպես էլ Վուդրո Թովմաս Վիլսոնի «իրավարար վճռի», որն անժամկետ է ու չունի վաղեմության ժամկետ, որը ստորագրվել է 18 պետությունների մասնակցությամբ
և ուժի մեջ է այնքան, ինչքան ստորագրման պահին, դառնում է հեռավոր երազանք :
«Իրավարար վճռի» վերնագիրն է…
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» կան բոլոր հիմքերն ու ճանապարհները, որ լինենք հետևողական, օգտագործենք ամբողջ գիտական ներուժը, քննարկենք ինչպես «Սեւրի դաշնագրի» դրույթները, այնպես էլ 1920թ. նոյեմբերի 22-ին 18 պետությունների կողմից հաստատված, Ամերիկայի միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից ԱՄՆ մեծ կնիքով վավերացված «Իրավարար վճռը» կյանքի կոչելու, վերահաստատելու Հայաստանին հատկացված տարածքների վրա իր տիտղոսն ու իրավունքները: Հայաստանը լինելով ՄԱԿ-ի լիիրավ անդամ, պետք է օգտվի իրեն վերապահված իրավունքներից, ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ և բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի «իրավարար վճռի » վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված տարածքների վրա:
Կարծում եմ մենք մեծ աշխատանք ունենք հայ մտավորականին լեթարգիական քնից արթնացնելու, որպեսզի ակտիվորեն ներգրավվեն ազգային խնդիրներին ու նեցուկ կանգնեն, որը պետք է լինի ոչ միայն մտավորականության, այլ ամեն մի հայի սրբազան պարտքը: 95 տարի առաջ գրված՝ «Այսքա՜ն չարիք թե մոռանան մեր որդիք, թող ո՛ղջ աշխարհ հայուն կարդայ նախատինք»:

Հավաքական ուժն է ազգի գաղափարը միշտ անմեռ,
Փրկությունը ա’յս է հայի, միակ ճանապարհը մեր.
Ողորմություն ումի՞ց հայցենք, որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պիտի կռվենք, սա եկած է դարերից…

Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ

ԲՐՅՈՒՍԵԼ
(
Գրող-հրապարակախոս)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Էդուարդ says:

    Բարեկամս,մտավորական լինելը,ըստ իս, նախ և առաջ և առաջին հերթին դա պատասխանատվություն է:
    Երբ գրողը և կամ բանաստեղծը չի կիսում իր ժողովրդի ցավերը, երբ չի կրում
    նրա հոգևորը, ապա նա ոչ միայն մտավորական, այլ անգամ գրող էլ չէ և կամ
    բանաստեղծ իր տեսակով, էությամբ, ամեն ինչով…
    Այսօր միայն քանակ է ապահովում Հայաստանի գրողների միությունը և ոչ
    միայն չի խառնվում, այլ առհասարակ չի երևում ասպարեզում:
    Սա մեծ ցավ է, սա անբուժելի ցավ է,որը տանում է ինքնակործանման և հոգևորի արժեքազրկման:
    Չեմ ուզում «լեկցիա» կարդալ, բայց այսպես թե շարունակենք, կհայտվենք փաստի առաջ:
    Տխուր փաստի առաջ:
    Մինչ հողեր պահանջելը, պիտ սովորենք եղածը պահել, պիտ հասկանանք, որ իրավունք չունենք
    մեր նախնյաց ավանդը ոտնահարելու, մեր մահյալների հիշատակը պղծելու, մեր վարքով, մեր
    փոքրհոգիությամբ, մեր անկարողությամբ, մեր ցուցամոլությամբ:
    Հոգեկանը մինչ չփոխենք , երբեք չենք լինի արժան մեր նախյաց և ոչնչի չենք հասնի:
    Կուզեի հավատալ, որ ձեր օրինակին կհետևեն նրանք, ովքեր չեն կարող և չեն ուզում լինել միայն դիտորդի դերում,սպասելով, որ կգա մեկը և իրենց տեղը կանի այն, ինչ պարտավոր են անել իրենք իսկ, ամեն մեկը իր տեղում և իր հնարավորությունների չափով:
    Հարգանքներս:
    Էդուարդ Պողոսյան:
    Բանաստեղծ
    Սանկտ-Պետերբուրգ

  2. գևորգ says:

    Մտավորականություն ունենք, բայց չափազանց ինքնամփոփ, մտքում է մտածում,չի արտահայտվում…

  3. gago says:

    Ստացվել է այնպես, որ ազգի հոգսով “տառապող և կարող” մեր մտավորականները ապրում են կամ բրյուսելներում, կամ սանկպետերբուրգներում, կամ էլ մի ուրիշ տեղ, իսկ հայաստանում մնացել են մտավորականներ որոնք առօրյա հոգսերի տակ կքած “տառապելով սպառվել են”:Հազար ներողություն հարգելիս, բայց, խոստովանելով հանդերձ, որ հոդվածում արծարծված որոշ բաների հետ համաձայն եմ, որոշների հետ ոչ, այն իր մեջ պարունակում է անահմեստության տարրեր: Սա ինձ հիշեցրեց տարիներ առաջ Երևան վերադարձած նախկին հայաստանցուն, ով բողոքում էր, թե ” արա ուրա իմ քաղաքը, էս ինչ եք արել, ես իմ հին էրևանն եմ ուզում”:

  4. գոհար says:

    Հեռվից լավ է երւում

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք