Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Իհարկե, հետեւում են եւ գաղտնալսում են»

Հունիս 24,2013 18:03

Վերջին օրերին մամուլով պարբերաբար անդրադարձ է լինում ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից սոցիալական ցանցերը, մասնավորապես, Ֆեյսբուքն ու Սկայպը վերահսկելու, գաղտնալսելու մասին տեղեկություններին: Երկու օր առաջ էլ Ֆեյսբուքի ղեկավարությունն էր հաղորդագրություն տարածել, որում խոստովանել էր, որ ծրագրային խափանման արդյունքում ՖԲ որոշ օգտատերերի անձնական տվյալներ այլ օգտատերերի կողմից պատահաբար տեսանելի են դարձել: Ավելին, այսօր հայտնի դարձավ, որ Ֆեյսբուքի անվտանգության բաժնի պետն աշխատանքի կանցնի ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում, ինչն իր հերթին շատ բան է ասում:

Այս ամենը որքանո՞վ է առնչվում Հայաստանին, արդյո՞ք մենք, մասնավորապես, մեր քաղաքական կամ հանրային գործիչները, ովքեր որոշակի հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ համար՝ նույնպե՞ս վերահսկվում են, եւ դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:

-Իմ կարծիքով` ոչ միայն ԱՄՆ-ի ծառայությունները, այլեւ ընդհանրապես բոլոր գերտերությունների ծառայությունները, որոնք այս տարածաշրջանում ինչ-որ շահեր են հետապնդում, իրենք այդ գաղտնալսումներով կամ դրա փորձերով զբաղվում են, ուղղակի ԱՄՆ-ի տեխնիկական բազան ավելի հզոր է, որովհետեւ ամենատարածված էլեկտրոնային փոստային ծառայությունները եւ հոսթինգները, որտեղ ներկայացված են հայկական կայքերը, որոնցից հնարավոր է ինչ-որ ինֆորմացիա քաղել, գտնվում են ԱՄՆ վերահսկողության տակ: Հետո, պետք է նաեւ հաշվի առնել, որ բացի նման գաղտնալսումներ անելուց, կարող են ուղղակի գաղտնալսումներ անել:

-Ուղղակի ասելով՝ հեռախոսայի՞նը նկատի ունեք:

-Հեռախոսը լսել, կաբելներով վերահսկել: Մեր կապը՝ Բիլայնն էլ, ՄՈՏՍ-ն էլ, ինչպես գիտենք, ռուսաստանյան ընկերություններ են, եւ հնարավոր է վերահսկվեն ՌԴ ծառայությունների կողմից: Ամեն դեպքում, իհարկե, մի քիչ բարդ է եւ թանկ հաճույք է ունենալ սեփական ամեն ինչը, այդ իսկ պատճառով մեր պաշտոնյաները ուղղակի պետք է ուշադիր լինեն եւ ավելի շատ օգտագործեն հատուկ կապի միջոցներ, որոնք կան եւ թույլ են տալիս դուրս մնալ այդ վերահսկողությունից: Իսկ մարդիկ, ովքեր ակտիվ են Ֆեյսբուքում, մանավանդ՝ պաշտոնյաները, պետք է իմանան, որ որեւէ գաղտնի ինֆորմացիա չպետք է տեղադրել սոցցանցերում եւ նույնիսկ՝ չաթով չխոսել, որովհետեւ ամեն ինչը գնում տեղադրվում է համապատասխան սերվերի վրա: Եվ կախված նրանից, թե ինչքան են կարեւորվում տվյալ պահին ընթացող գործընթացները, այնքան ավելի ուժեղ կլինի եւ հետախուզությունը, եւ գաղտնալսումը եւ այլն: Ամեն դեպքում, պետք է իմանալ, որ ամեն ինչ գաղտնալսվում է, ամեն ինչին հետեւում են:

-Իսկ սովորական էլեկտրոնային նամակագրությունը նույնպե՞ս վերահսկվում է:

-Որքանով ես հասկանում եմ՝ այո, ամեն ինչը վերահսկվում է: Նույնիսկ Գուգլը մի անգամ ասել էր, որ գաղտնի նամակագրության ֆիլտրացիա կա՝ բառերով: Օրինակ, ժամանակին ֆիլտրացիա էր արվում «Բեն լադեն» բառով, բոլոր նամակները, որտեղ այդ բառը կար,ավտոմատ վերահսկվում էին: Համակարգեր կային, որոնք համապատասխան ալգորիթմների միջոցով հաշվարկում էին, թե ինչքանով է վտանգավոր այդ նամակագրությունը՝ ԱՄՆ պաշտպանության համար, կամ ինչքանով կարելի է չհետեւել դրան: Եվ Գուգլը եւ Սկայպը ներառված են եղել այդպիսի սկանդալների մեջ: Այսօր նույնիսկ կարելի է տեսնել, որ շատերը իրենց հեռախոսի կամ պլանշետի վրայի վեբ-տեսախցիկները, ուղղակի փակում են՝ մեկուսացնող ժապավեններով, որովհետեւ վարկածներ են եղել, որ, անկախ օգտատիրոջ ցանկությունից, Սկայպը միանում է, նկարներ է անում եւ ուղարկում է համապատասխան սերվերների վրա: Բլեքբերիի հետ էլ է նույն բանը եղել, տեղեկատվություն եղավ, որ ամբողջ տեքստերը կամ զանգերը, որ ուղարկվում են, գնում է նրանց սերվերի վրա է նստում, հետո տարբերակում են: Ես, օրինակ, պաշտոնյաների մոտ՝ ոչ միայն Հայաստանում, տեսել եմ, որ օգտագործում են շատ հին հեռախոսներ՝ առանց կամերայի եւ ինտերնետի հնարավորության, որը նույնպես պաշտպանվելու միջոցներից մեկն է:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ՀՀ համապատասխան ծառայությունները նույնպե՞ս գաղտնալսում, վերահսկում են:

-Բաց տեքստով չի երեւում, բայց կարելի է քրեական խրոնիկայից տեսնել, որ ոստիկանական հատուկ վարչությունը զբաղվում է նման հարցերով: Իհարկե, իմ կարծիքով վերահսկվում է, որովհետեւ նորմալ ազգային անվտանգության ծառայությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կառավարվում համացանցում, սոցցանցերում: Ես հուսով եմ, որ վերահսկվում են: Հասկանում եմ, որ վատ բան եմ ասում, բայց չմոռանանք, որ Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում: Եվ անվտանգության ծառայությունները պետք է իմանան,թե ովքեր են հայտնի խուճապ կամ ապատեղեկատվություն տարածողները, ով ում ազդեցության տակ է գտնվում: Սոցցանցերում դա շատ լավ երեւում է, նույնիսկ սովորական օգտատերը, որ երկար ժամանակ է անցկացնում ցանցերում, մոտավորապես գիտի, թե ով՝ ում ազդեցության տակ է: Աստված չտա՝ իսկական պատերազմ սկսվի, պետք է պատրաստ լինել հետագա քայլերին:

-ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ծառայությունների մասին արդեն ասացիք, իսկ ի՞նչ եք կարծում՝ մեզ հետ պատերազմական վիճակում գտնվող երկրի ծառայությունները նույնպե՞ս կարող են գաղտնալսել մեզ:

-Ես ասեցի, որ հիմնականը ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն են, բայց, այո, իհարկե, Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց շահերն ունեն, եւ ԱԱԾ-ից պետք է ճշտել, թե ինչքանով են ներկայացված իրենք այստեղ, բոլորս էլ գիտենք, որ քաղաքում կան ադրբեջանցիներ՝ պարսկաստանյան անձնագրերով, կամ Թուրքիայից են գալիս- գնում մարդիկ, պարզ է, որ իրենց ԱԱԾ-ից էլ կլինեն այստեղ:

-Նրանք կարո՞ղ են վերահսկել մեր գործիչներին:

-Ինչ-որ չափով հավանականություն կա: Բայց ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համար ավելի հեշտ է դա անելը, որովհետեւ հիմնական կոմունիկացիաների վրա վերահսկողություն ունեն ԱՄՆ եւ ՌԴ-ն: ԱՄՆ-ը՝ գլոբալ, ՌԴ-ն՝ Հայաստանի ներսում:

– Իսկ մեր ծառայությունները կարո՞ղ են պարզել, թե տվյալ գործիչը Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից գաղտնալսվո՞ւմ է, թե՞ չէ: Ունե՞ն նման հնարավորություն:

-Պարզելու ձեւեր կան: Հիմնականն այն է, թե այդ մարդու գաղտնի ասածներից հետո կամ պրիվատ տեղեկատվությունը արտահոսք ունենո՞ւմ է, ինչ-ինչ ալիքներով հայտնվո՞ւմ է Թուրքիայում կամ Ադրբեջանում: Եթե այդպես է, ուրեմն՝ խնդիր կա: Վերահսկողություն պետք է լինի սենյակներում, որտեղ մարդիկ աշխատում են, պետք է հետեւել ցանցի եւ համակարգիչների անվտանգությանը: Ներկա պահին լավ տեղեկատվական անվտանգություն ապահովում են ԱՄՆ-ը, Չինաստանը եւ մի քիչ էլ ՌԴ-ն, որոնք հնարավորություն ունեն սերվերներ ստեղծելու, իրենց նամակագրական համակարգերն ունենալու, տեղեկատվական պաշտպանողական վահանները տեղադրելու, մնացած բոլոր երկրները այսպես թե այնպես կախված են ուրիշներից, այդ թվում՝ Հայաստանը: Այնպես որ՝ պետք է աչալուրջ լինել եւ գաղտնի հարցերը համացանցով չքննարկել:

Զրուցեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930