Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր աթոռն ու Կյանքի խոսքը՝ ընդդեմ «Խտրականության դեմ» օրինագծի

Հունիս 25,2013 18:20

Վարդան Խաչատրյանի տվյալներով՝ Փարիզում տարեկան մի քանի հազար երեխայի բռնի ուժով միասեռական են դարձնում

 

«Պատմական օրինակ կա. ամերիկյան օդաչուներին, որ Վիետնամի պատերազմի ժամանակ բռնում էին, վիետնամցիները 100-500 անգամ բռնաբարում էին, ու հետո բաց էին թողնում, որովհետեւ նրանք արդեն ակտիվ հոմոսեքսուալիստ դարձած վերադառնալու էին ԱՄՆ եւ այդ երկիրը այլասերեին: Նույն վիճակը հիմա Փարիզում է, տարեկան վեց հազար երեխա են գողանում: Նրանց բռնաբարում են բազմաթիվ անգամներ, եւ հետո այդ երեխաները մեծանում են, արդեն հոմոսեքսուալիստ դարձած, դա նրանց մոտ պահանջմունք է դարձած լինում»,-այս ամենը այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում պատմում էր փիլիսոփա, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ Համահայկական խնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի կազմակերպած՝ ընդդեմ այլասերվածությունների օրինականացման և հանուն ավանդական-հոգևոր արժեհամակարգի քննարկման ժամանակ:

Նման քննարկում կազմակերպելու առիթը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ԱԺ ներկայացված «Խտրականության դեմ» օրինագիծն է, որը, քննարկման  մասնակիցների կարծիքով, անուղղակիորեն եւ նրբորեն փորձում է ոտնձգություններ կատարել հայկական ընտանիքների դեմ, այլասերվածություն մտցնել հասարակության մեջ եւ այլն, եւ այլն:

Քննարկմանը ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու եւ «Կյանքի խոսքի» ներկայացուցիչներ: Վերջիններս այս պարագայում միակարծիք էին, որ պետք է պայքարել այլասերվածության դեմ՝ թույլ չտալով, որ «Խտրականության դեմ» օրինագիծը ընդունվի:

Շահե վարդապետ Անանյանը՝ Մայր Աթոռի մամլո բաժնի տնօրենը, նշեց, որ եկեղեցին միանշանակորեն միասեռականությունը մեղք է համարում եւ ոչ թե հիվանդություն, առավել եւս՝ կենսակերպ: Նա նաեւ ասաց, որ առիթ ունեցել է շփվելու միասեռականների հետ, ովքեր, կրոնական նկատառումներից ելնելով, ցանկացել են ձերբազատվել դրանից: «Նրանք իրենց հիվանդ չէին համարում»,-ասաց վարդապետը:

Նույն տեսակետն էր պաշտպանում նաեւ «Կյանքի խոսք»-ի մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը, որը ասաց, թե մարդիկ կարծում են, որ միասեռականների խնդիրը մեր հասարակությանը չի առնչվում, անտարբեր են հարցի վերաբերյալ, բայց, իրականում «խնդիրը արդեն մեր դռան առջեւ է չոքել»: Ըստ Լուսյանի՝ տեսնելով, որ հայ ժողովրդին, որպես «պինդ պոպոքի», չեն կարողանում կոտրել, դրսի չարակամ ուժերը որոշել են դանդաղ գործող ռումբի նման՝ «պոպոքի շրջագծով ճաք առաջացնել» : Այդ ճաքերից առաջինը, ըստ «Կյանքի խոսքի» մամուլի խոսնակի, 2005թ.-ի Սահմանադրությունն էր, որում հստակ սահմանված չի, թե ամուսնությունը ում միջեւ է՝ կնոջ եւ տղամարդու, կնոջ եւ կնոջ, թե տղամարդու եւ տղամարդու: Ըստ նրա, ներկայումս, եթե փորձես ասել, որ միասեռականությունը մեղք է, «կարող են քեզ դատի տալ եւ դու կհայտնվես բանտում՝ ավանդապահության համար»:

Պարոն Լուսյանը առաջարկում էր ոչ միայն պայքարել «Խտրականության դեմ» օրինագծի դեմ, այլեւ մի «լակմուսի թղթի» դեր խաղացող օրինագիծ ստեղծել, որը հասարակության պարտադրանքով պետք է ներկայացվի Ազգային ժողով: Այդ «լակմուսի թուղթը», ըստ «Կյանքի խոսքի» ներկայացուցչի, պետք է լինի միասեռական զույգերի կողմից երեխայի որդեգրումը եւ համասեռամոլ կենսակերպի քարոզչությունը երեխաների շրջանում արգելող օրենքի նախագիծը:  «Պետք է ստեղծենք այդ օրինագիծը եւ նետենք հրապարակ: Ու այդ ժամանակ կտեսնենք, թե հայրենասիրությունից եւ այլ արժեքներից խոսող ուժերից ով ով է»:

Նա նաեւ ասաց, որ որոշ իրավապաշտպաններ իրենց ասել են, որ «Խտրականության դեմ» օրինագծով նաեւ իրենց՝ որպես կրոնական փոքրամասնության, շահերն են պաշտպանվում, սակայն իրենք դեմ են, որ իրենց իրավունքները այդ գնով պաշտպանեն:

Նա ասաց, որ իրենց կազմակերպությունը «տաս հազար ստորագրություն» կարող է բերել հանուն այդ օրինագծի:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930