Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կենսագրականներ ունեն Սյունիքի մարզպետի թեկնածուները

Հունիս 30,2013 22:24

Սյունիքի մարզպետի թեկնածուների բազմաթիվ անուններ են շրջանառվել մինչ օրս: Որոշ անուններ հրապարակվել են առանց տվյալ մարդկանց գիտության, որոշներն էլ՝ մի շարք թեկնածուների կամքով ու մարզպետի պաշտոնին ձգտելու մեծ ցանկությամբ:

Մինչեւ Սյունիքը նոր մարզպետի նշանակումը՝ սյունեցիների շրջանում շարունակվում են քննարկումները, թե Սյունիքն ինչպիսի մարզպետի է արժանի, շրջանառվող անուններից որոնք են գերադասելի եւ որոնք անթույլատրելի՝ հիմնվելով նրանց ներկայիս գործունեության ու անցած ուղու վրա: Ներկայացնում ենք առավել շատ շրջանառվող մի քանի թեկնածուների կենսագրականներից մանրամասներ, որոնք առավել պարզ պատկերացում կտան բնակիչներին, թե ովքե՞ր այդ հավակնորդները, ինչպիսի՞ ուղի են ունեցել մինչ օրս եւ արդյոք արժանի՞ են այդ պաշտոնին:

Սյունիքի մարզպետի ներկայիս պաշտոնակատար Արա Դոլունցը ծնվել է 1957թ. Գորիս քաղաքում՝ ծառայողի ընտանիքում, բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական ֆակուլտետում, աշխատել է Գորիսի թիվ 21 ՇՄՇ-ում՝ որպես շինվարպետ, աշխղեկ: 2 տարի՝ 1988-1990թթ., ՀԿԿ Գորիսի շրջանային կոմիտեում կազմակերպական բաժնի հրահանգիչ է եղել, «Գորիսշին» շինմոնտաժային միավորումում՝ գլխավոր ինժեներ։  1990թ.-ին ընտրվել է Գորիսի քաղաքային խորհրդի պատգամավոր, մեկ տարի հետո ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, իսկ 1996թ. մայիսին` Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։

Նաեւ եղել է Գորիսի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար, իսկ 1999թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել ՀՀ Սյունիքի մարզպետարանում՝ որպես ՏԻՄ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետ։

2001թ. հուլիսին «Համայնքային կապեր» ծրագրով վերապատրաստվել է ԱՄՆ Բոստոն քաղաքում, 2003թ. հունիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, որտեղ աշխատում էր մինչեւ վերջերս։

Պարգեւատրվել է «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», ԼՂՀ «Մայրական Երախտագիտություն» եւ այլ մեդալներով՝ այդ թվում` ՀՀ նախագահի 2010թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ տարածքային կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար «Անանիա Շիրակացու» մեդալով։ 1998 թվականից ՀՀԿ անդամ է, ամուսնացած է եւ ունի երկու զավակ:

Վերջին շրջանում նաե շատ է շրջանառվում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի անունը, ով ծնվել է 1963թ.-ին Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր գյուղում՝ ուսուցչի ընտանիքում: Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա եւ տեխնիկա» բաժինն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լեռնային արտադրամասում՝ որպես էքսկավատորավարի օգնական, հետո` հերթափոխի պետ, այնուհետեւ ԶՊՄԿ-ում շրջկոմի իրավունքներով ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար է ընտրվել, Հայաստանի երիտասարդական միության Քաջարանի քաղխորհրդի նախագահ։ 1983-1985թթ սովորել եւ ավարտել է Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում եւ ստացել է ժուռնալիստի մասնագիտություն։

1992-1995թթ. մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին։ 1992թ սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զորակոչվել է ՀՀ ազգային բանակ, այնտեղ նշանակվել է ականանետային մարտկոցի, որից հետո մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, հակատանկային դիվիզիոնի հրամանատար: 1995թ մարտին զորացրվելուց հետո մեկ ամիս անց նշանակվել է ԶՊՄԿ-ի լեռնային արտադրամասի ստորգետնյա հանքուղու տեղամասի պետի տեղակալ, աշխատել է նաեւ ստորգետնյա հանքուղու պետ, կոմբինատի արհկոմի նախագահ։

2002թ-ից մինչեւ օրս Քաջարան համայնքի ղեկավարն է։ Նա նաեւ ՀՀ Երկրապահ կամավորների միության անդամ է, ՀՀԿ-ի Քաջարանի տարածքային կազմակերպության նախագահ: 1988թ աղետի գոտում փրկարարական աշխատանքներին որպես փրկարար ջոկատի հրամանատարի՝ պարգեւատրվել է «Փրկարար» կրծքանշանով, պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ», «Մայրական երախտագիտություն», «Ադմիրալ Իսակով» եւ մի շարք այլ մեդալներով։ Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկ որդի։

Բավականին երկար կենսագրություն ունի մեկ այլ թեկնածու՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, ծնունդով գորիսեցի, ՀՀԿ խորհրդի անդամ Խաչիկ Ասրյանը, ում թեեւ սյունեցիների զգալի մասը մարզպետի պաշտոնում չեն պատկերացնում: Ինչպես տեղեկանում ենք նրա կենսագրությունից՝ «1988-91թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արեւելքում, Ճապոնական ծովի հարեւանությամբ՝ ծովային հետեւակ:

1991թ. Սյունիքում իր նախաձեռնությամբ ստեղծել է ամենաերիտասարդ ջոկատը` «Նժդեհյան գայլախումբ» անվամբ, որտեղ ընդգրկվել են 15-18 տարեկան պատանիներ եւ երիտասարդներ, որոնք էլ Տաթեւում եւ Հալիձորում ստացել են ֆիզիկա-տեխնիկա-տակտիկական խիստ մասնագիտացված դասընթացներ: ՙՆժդեհյան գայլախումբ՚ ջոկատով մասնակցել է (1991-1994թթ.) Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի եւ Կապանի սահմանների պաշտպանական մարտերին»:

1991-95թթ. սովորել եւ ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ մարզելով թվով 90-100 պատանիների եւ երիտասարդների` արեւելյան մարտարվեստով:

1994թ-ի աշնանը Կապանում, Սյունիքի օլիմպիադայում 3 կմ վազքատարածքում դարձել է բացարձակ չեմպիոն: 1996-97թթ-ին աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում` որպես ուղեկցող խմբի հրամանատար: 2005-09թթ. սովորել եւ ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը՝ «Փրկարար գործ» մասնագիտությամբ:

2007թ-ի հուլիսի 14-ից աշխատում է որպես ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է շնորհակալագրերով: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով, «Մահապարտ» ոսկյա հուշամեդալով` «Արծիվ Մահապարտներ» միության կողմից եւ այլ մեդալներով», – մեջբերում ենք Խաչիկ Ասրյանի կենսագրական ընդարձակ նյութի ընդամենը մի փոքր հատվածը, իսկ մյուս մանարամասներով հետաքրքրվողները կարող են ծանոթանալ նրա կենսագրությանը այստեղ՝

Իսկ թե իրականում ո՞վ կդառնա Սյունիքի հաջորդ մարզպետը եւ ի՞նչ կենսագրություն կունենա՝ մնում է սպասել, քանի որ չի բացառվում, որ նշված անձանցից եւ ոչ մեկն այդպես էլ մարզպետի պաշտոնը չզբաղեցնի:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Հետաքրքիր է, որտեղից տեղեկատվություն, որ մարզպետի թեկնածուները միայն նշված մարդիկ են.՞

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930