Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ԱԳՆ-ն պիտի նոտա հղի Մոլդովայի օմբուդսմենին». Ն. Զոհրաբյանը՝ մոլդովացի փաստաբանի ելույթի մասին

Հուլիս 05,2013 13:16

«ՀՀ ԱԳՆ-ն պիտի նոտա հղի Մոլդովայի օմբուդսմենին, ինչպես նաև մեր օմբուդսմենը  անպայման պիտի արձագանքի: Սա ցանկացած կոռեկտություն, պատշաճության մակարդակ խախտող երևույթ է: Մոլդովացի փաստաբանը սեփական երկրի խնդիրներից խոսելու փոխարեն դարձել է երրորդ երկրի բացահայտ լոբբիստն ու դատապաշտպանը: Մենք չպիտի լռենք», – Aravot.am-ի հարցին ՀՀ արտաքին քաղաքականության որոշ բացթողումների՞, թե՞ միջազգային հանրության թողտվության արդյունք էր երեկ ՀՀ ԱԺ-ում Մոլդովայի խորհրդարանական փաստաբանի խայտառակ ելույթը,  այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Դառնալով մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցին՝ տիկին Զոհրաբյանն ասաց. «Չեմ ցանկանա ադրբեջանցի լոբբիստների նշանակությունն այդքան բարձրացնել ու խնդիրը փորձել տեղափոխել արտաքին քաղաքականության բացթողման դաշտ: Ադրբեջանը կարողանում է իր նավթադոլարներով, դափոններով ու բլոկներով եվրոպացի պատգամավորներ, իրավունքի մասնագետների գնել, ովքեր միջազգային հարթակներում զբաղվում են Ադրբեջանի լոբբինգով: Նույն խայտառակ իրավիճակն է ԵԽԽՎ-ում, միջազգային տարբեր կառույցներում: Իսկ երբ մենք ահազանգում ենք, թե մեր արտաքին քաղաքականությունը ոչ թե պիտի ընդամենը արձագանքի, այլ  քարոզչական պատերազմների դաշտում մի քիչ ավելի նախաձեռնող լինի, պարզվում է, որ ամեն ինչի համար գումարներ կան, բայց այդ խնդիրը կարգավորելու համար մենք չպիտի իջնենք նրանց մակարդակին: Մենք չենք էլ կարող և մեզ վայել էլ չէ, որ կաշառքով մեր արտաքին քաղաքական շահը հետապնդենք, բայց մեխանիզմներ կան, որ պիտի օգտագործենք: Ադրբեջանը վերջին շրջանում իր սեփական լոբբինգով չի էլ զբաղվում: Ադրբեջանցի պատգամավորները հանգիստ նստած են, և նրանց փոխարեն Ադրբեջանի շահերը կրծքով, սեփական երկրի շահերից ավելի պաշտպանում են ԵՄ անդամ երկրի պատգամավորները»:

Տիկին Զոհրաբյանը նշեց, որ անգամ Գերմանիայի Բունդեսթագում քննվել է Գերմանիայի այն պատգամավորների հարցը, որոնց Ադրբեջանը կաշառում է: Բունդեսթագի հայտնի պատգամավորներին Ադրբեջանն առաջին կլասով է տանում: Ըստ Ն. Զոհրաբյանի՝ Ադրբեջանի նավթոտ ձեռքը հասել է Օբամայի վարչակարգ, երեք բարձրաստիճան պաշտոնյաներ կաշառված են եղել Ադրբեջանի կողմից և  Բաքվում անցկացվող  էներգետիկ կոնֆերանսի մասնակցության համար նրանցից յուրաքանչյուրը հիսուն հազար դոլար հոնորար է ստացել: Ն. Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին հրատապ լսումներ կազմակերպել և ԵԽԽՎ այն պատգամավորները, ում անումը շոշափվում է միջազգային խավիարային  սկանդալում, նրանց հանդեպ սանկցիաներ կիրառել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ևս կարծում է, որ մոլդովացի փաստաբանի ելույթը պատվիրված է եղել: Aravot.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց. «Ելույթի տեքստը նման էր բոլոր այն ելույթներին, որոնք արտաբերվում են միջազգային կառույցներում հենց ադրբեջանական պատգամավորների և իշխանավորների կողմից:

Հստակ է, որ մոլդովացի փաստաբանի ելույթը ադրբեջանական լոբբիզմի արդյունք  էր: Իրենք բոլոր ուղղություններով աշխատում են,  և այն մարդիկ, որոնք կարող են կաշառվել, կաշառվում են:Պարզապես չէի ցանկանա, որ հենց Մոլդովային հետ կապված այդ միջադեպը լիներ, քանի որ մենք այդ երկրի հետ Եվրանեսթի շրջանակներում աշխատում ենք: Այսպիսի անլուրջ վերաբերմունքը, սեփական շահն ավելի բարձր գնահատելը պատիվ չի բերում մանավանդ կին պաշտոնյային:

Մոլդովան այն երկիրը չէ, որ մեծ եռանդով պաշտպանում է Ադրբեջանի շահը: Փաստացի այս դեպքում գործեց անձնական շահը և ադրբեջանական լոբբինգի ազդեցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031