Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու սիմվոլ դարձած մուշուրբան օգտագործվել է պարսկական բաղնիքներո՞ւմ

Հուլիս 07,2013 16:13

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքի  կենտրոնական  Սայաթ-Նովա  ու Խաղաղության օղակ փողոցների հատման խաչմերուկում կլկլան մուշուրբայի արձանը տեղադրելով, ակամա  ակտիվացրել է  գյումրեցիներին, հատկապես հայագետներին, պատմաբաններին, արեւելագետներին: Ինչպես հայտնի է, քաղաքապետի այս նախաձեռնությունը թրերով  ընդունվեց շատերի կողմից, ովքեր համոզված են, որ մահմեդական աշխարհին պատկանող թասը ամոթ է  կանգնեցնելը Գյումրու կենտրոնում: Իհարկե,եղան նաեւ մասնագետներ, ովքեր պնդեցին, որ մուշուրբայի կլկան տեսակը պատկանում է բացառապես գյումրեցի վարպետներին եւ բոլոր տեսակի մեկնաբանություններն էլ ավելորդ են, նոր քաղաքապետին  չարախոսելու առիթ են:

Բանը հասել է նրան, որ վիճաբանությանը խառնվել են նաեւ պարսիկ պատմաբանները` ուղարկելով մուշուրբայի կամ պարսկերեն ասած մաշրաբայի նկարներ  ու նշելով, որ այն օգտագործվում է  բաղնիքներում: Այս թեմայի շուրջ ֆեյսբուքյան  իր էջում գիտական մեկնաբանություն է ներկայացրել ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Հովհաննես Խորիկյանը. «Գյումրվա մուշուրբան կամ այսպես կոչված կլկլան բաժակը Մուշուրբա, վերջին շրջանում բավականին «ալեկոծել» է Գյումրիի մշակութային անդորրը: Գյումրեցի լրագրողները մի քանի անգամ արդեն դիմել են ինձ եւ խնդրել այս հարցում մեր մեկնաբանությունը, բայց ինչ-ինչ պատճառներով մերժել եմ: Այսօր եւս խնդրեցին, կրկին մերժեցի, բայց հետո որոշեցի ֆեյսբուքյան իմ էջում ներկայացնել մի քանի նկատառում:

Բառի հպանցիկ ծանոթությունն իսկ ցույց է տալիս, որ այն Գյումրվա բարբառում օտարաբանություն է: Ըստ այդմ էլ բառի վերաբերյալ մատենագրական կամ ուշ շրջանի ազգագրական տեղեկություններ չկան: Մուշուրբա բառը չկա ոչ Հր. Աճառյանի «Արմատական բառարանում», ոչ էլ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»-ում, ինչը վկայում է բառի շատ ուշ շրջանում կատարված փոխառության մասին: Մուշուրբա բառն ունի արաբական ծագում mi(e)šrebe=mašrapa, որը թուրքերենից է անցել հայերեն բարբառներին: Պոլսի բարբառում հայտնի է մօրշուփա-moršupa, Վանի բարբառում մուշուրբա ձեւերով, որը, ըստ ակադեմիկոս Հր. Աճառյանի, նշանակում է «ըմպանակ, ջրի թիթեղեայ մեծ բաժակ» (Թուրքերէնի ազդեցութիւնը հայերէնի վրայ եւ թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մեջ…, էջ 21; Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մեջ…, էջ 241):

Ծիսական-մոգական բնույթի խեթական սեպագիր տեքստերում հաճախ հանդիպում է անոթի մի անվանում, որը տառադարձվում է կամ (DUG)HAB.HAB, կամ էլ (DUG)KIL.KIL: (DUG)HAB.HAB բառը կա նաեւ աքքադերենում` haphap` «զոհաբերության անոթ կամ աման» նշանակությամբ: Վերջինիս համարժեքն է նաեւ kukub(p) բառը: Դժվար է ասել, թե haphap, kilkil, kubkub բառերը որ լեզվից են ծագում, չնայած բացառված չէ դրանց շումերերենից փոխառնված լինելը:

Հայերենում նման անվանումով անոթները կամ ամանները նույնպես տարածված են եւ հանդիպում են Սեբաստիայում, Եվդոկիայում, Վանում, Մուշում, Սասունում, Բալուում, Ալաշկերտում, Երզնկայում, հին Երեւանում. հմմտ. կիլկիլ, կուլկուլ, կուլկուլակ, գլգլ, գլգլիկ, գմգմ, պլպլ, պուլպուլ, պուլպուլակ, խորխորա, բըղբըղիկ, բղբղիկ: Նաեւ կան մի քանի անվանումներ առանց կրկնավոր բարդության. պուլա, պուլիկ, կուլա, կուլիկ: Այս բառերի մեծ մասը կազմված է բնաձայնության հիմքի վրա, եւ այդ անուներով կոչվել են կավից պատրաստված բաժակները կամ անոթները, որոնք ջուր խմելիս կամ դատարկելիս կլկլոց, խոխոջյուն, խլթխլթոց են արձակել (մանրամասն տե՛ս Мкртчян Н., Семитские языки и армянский, Ереван, 2005, с. 329-333), հետեւաբար փոխառությունը պարտադիր չէր:

Նկատենք, որ մուշուրբան պատրաստվել է թիթեղից, այն դեպքում, երբ կլկլան ամանները Հայկական լեռնաշխարհում օգտագործվել են շատ վաղուց եւ պատրաստվել են կավից, հետեւաբար թուրքի հետ շփվելու դեպքում կլկլան բառի փոխարեն պարտադիր չէր, որ բոլոր հայերը գործածեին մուշուրբա բառը: Վերջինիս փոխարեն կարող էին հեշտությամբ օգտագործել հենց բնաձայնական կազմություն ունեցող կլկլ կամ նմահունչ, թուրքերեն արտասանությանը մոտ այլ բառեր: Օրինակ պարսկերենում գործածվում է bulbula բառը, որը նշանակում է կավե փոքրիկ աման, որից ջուրը դատարկելիս լսվում է plpl (պլպլ) ձայնը: Մուշուրբա բառի գործածությունից պետք է հրաժարվել վերջինիս թուրքերենից կատարված փոխառություն լինելու պատճառով. այն ոչինչ չի տալիս մեր բարբառին:

Մյուս կողմից էլ այսպես կոչված կլկլան բաժակը Գյումրու յուրահատկությունը եւ մշակութային ինքնությունը ոչ մի ձեւով չի ընդգծում, քանի որ կլկլան բաժակները կամ ամանները հազարամյակներ շարունակ օգտագործվում էին Հայկական լեռնաշխարհից հարավ եւ արեւմուտք ընկած մեծ քաղաքակրթություններում:
Խնդրում եմ այս հարցի վերաբերյալ մասնագետների արձագանքը եւ քննարկումը»: Մասնագետները բնականաբար  անմիջապես արձագանքել են այս քննարկմանը, նրանցից մեկը` Վազգեն Ղազարյանը, ուղակել է մուշուրբայի լուսանկարը`
ու որոշակի պատմագիտական նյութեր այդ մասին:

ՀՀԿ-ական պատմագավոր Նաիրա Կարապետյանն էլ, ով մասնագիտությամբ  արեւելագետ է,  գրել է.«Շառաբա» արաբերեն «խմել» բառից գոյացել է «մուշուռբա» – «խմելու հարմարանք», այն է` «բաժակ»: Իսկ այսպես է կոչվել առեւտրական նպատակով, որպեսզի օտար գնորդներին հասկանալի լինի: Ընդամենը… »: Սակայն այս դիտարկմանը չի համաձայնել Հովհաննես Խորիկյանը` պատասխանելով. «Հմուտ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը նույնիսկ կլկլան բառի մասին է գրել. «… կլկլան բառը, որպես գոյական, մի քիչ նեգատիվ զուգորդում ունի ինձ համար, քանի որ որոշ բարբառներում նշանակում է ‘նարգիլե’: Պարսկերենում եւս բառը մաշրաբա ձեւով գործածվում է եւ օգտագործվել է բաղնիքներում: Այս մասին հավաստեցին պարսիկ ընկերներս եւ ուղարկեցին մաշրաբայի մի նկար»

PrevPhoto
NextPhoto

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Մարատ Բարոյան says:

    Լսեք էլի, էդ Բալասանյանի արած որ քայլն է տրամաբանական , որ էդ դնելը լիներ?, գիտե , թե պիվի կռուշկա է, ինչքան որ ինքն իրեն է ասում, գյումրեցի, էդքան էլ իր դրած հետույք լվանալու ամaնը Գյումրվա ծագում ունի, ան մարդը ապացուցում է, որ գյումրվա չէ,էդ խայտառակությունը ընդտեղից հանել ՝է պետք, ում հարցրեց, որ դրեց էդտեղ? ուրա քաղաքաշինական խորհուրդի համաձայնույթւոնը, քաղաքը կեղտի ու ցելոֆանների մեջ կորած է , էդ է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տեսքը? ամոթ է, բա էդ նաիրա կառապետյան էր պակաս էդ թեմայի մեջ, էդ էլ մտավ?

  2. Spartak says:

    Ի՞նչ կարիք կար վիճահարույց այս բաժակը կանգնացնել Գյումրիում:Գյումրին ուրիշ խորհրդանշան չո՞ւնի:Բաժակ է, էլի… Հետաքրքիր է, ո՞ւմ մտքով է անցել այդ անճաշակությունը:Կարելի էր, չէ՞, վերջնական համ աձայնության գալ ու նոր այդ անճաշակությունը տնկացնել:Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ ապացուցվի, որ պարսիկները դա օգտագործել են բաղնիքում:Պարոն Բալասանյան, դրա նով լավ գարեջուր կխմվի:

  3. End says:

    Մինչև հիմա եղած մեկնաբանություններից ամենահետաքրքիրն է ու գրագետը: Հարգելի Հովհաննես, շնորհակալություն հիմնավորված մեկնաբանության համար: Լավ կլիներ, որ ի սկզբանե Ձեր խոսքը ներկայացրած լինեիք հանրությանը, ոչ թե քաղաքապետարանի կիսագրագետ սուտի <> խոսեր: Դուք գյումրեցի եք?

  4. Ռօ says:

    Եթե նույնիսկ Մ.Մաշտոցը հաստատեր այդ ջրամանի “հայկական” ծագումը, միևնույն է այն քաղաքի կենտրոնում տեղադրելը խայտառակություն է…
    Եթե այսպես գնա, մի գեղեցիկ օր քաղաքի կենտրոնում կտեսնենք ոչխարի կիսանդրին (քյալլեն):

  5. Gagik says:

    Շնորհակալություն գրագետ և գիտական պարզաբանումների համար: Վերջապես գրագետ մարդկանց հիշեցին, հարցրեցին… Ես մասնագետ չեմ, սակայն մահմեդական երկրներում, հատկապես Թուրքիայում շատ եմ տեսել ներկայիս քաղաքապետի կողմից մեծարանքի արժանացած այդ բաժակը, որն առ այսօր օգտագործվում է զուգարաններում, լավագույն դեպքում՝բաղնիքում: Ստեղծվում է տպավորություն, որ մշակութաստեղծ Գյումրին չունի ոչ գլխավոր ճարտարապետ, ոչ էլ մասնագետների կարծիքը հարցնելու և առավելևս լսելու կուլտուրա: Եվ որ ամենակարևորն է՝ չեն կարող ձերբազատվել նախկին քաղաքաշինական բարդույթներից՝ մի բուռ կենտրոնում 3 արձանախումբ՝ Էլ Աշոտը Ողորմած, Էլ արհեստավոր ուտող-խմող գյումերիցներ, հիմա ել կլկլան.. չհաշված կլոր այգու մանր մունր արձանիկները…՝ անճաշակության գագաթնակետ:

  6. NB says:

    Շնորհակալություն եմ ուզում հայտնել հեղինակին գրագետ, լուրջ ու բազմաթիվ փաստերով հիմնավորված մեկնաբանության համար: Մեր քաղաքը ուրիշ շատ արժեքներ էլ ուներ և ամենևին էլ պետք չէր, որ մահմեդական ՛՛Մուշուրբա՛՛-ն կանգնեցվեր քաղաքի կենտրոնում: Կցանկանայի, որ նման խելացի մարդկանց մեկնաբանությունները ըստ արժանավույնս գնահատվեին ու ավելի շատ արձագանք գտնեին մեր հանրության մեջ:

  7. aJ says:

    Վերջապես մեզ բոլորիս հուզող օտար ծագում ունեցող Մուշուրբայի խնդրի մասին խոսեց նաև մասնագետը, շնորհակալություն հոդվածի հեղինակին, այս պատմության վրա լույս սփռելու համար, ինչպես նաև հարցին ճշգրիտ մեկնաբանություն տալու համար, թեև լավ կլիներ, որ ձեր կարծիքը Հովհաննես ավելի շուտ ներկայացրած լինեիք, որպեսզի հասկացող, չհասկացող չխոսեր այս հարցի շուրջ: Հուսով եմ, որ մարդիկ այս ամենը կարդալուց հետո էլ չեն ասի եկեք գնանք մեր քաղաքի խորհրդանիշը, մեր Գյումրվա Մուշուրբան տեսնենք:

  8. hkkkkk says:

    Քաղաքապետարանի գիտնական-մասնագետին կառաջարկեմ գնալ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի այս աշխատակցի մոտ ու բան սովորել:

  9. Վազգեն says:

    Շնորհակալություն, Հովհաննես:Երևում է, որ լուրջ և բանիմաց անձնավորություն է:Պետք է միայն ավելի վաղ խոսացած լինեիք:Որքանով տեղեկացա, աշխատանքային և ընկերական միջավայրում էլ գնահատվում է որպես շատ դրական անձնավորություն:Պարոն Բալասանյան, ինչու նման մարդկանց հետ չեք խորհրդակցում:Լսում եք կիսագրագետ հաճոյակատարներին:Ոչինչ, Բալասանյանն էլ կարող է սխալվել:Ով չի սխալվում:

  10. Համո says:

    Մեկնաբանությունն իրոք հետաքրքիր է, բայց եղածն արդեն եղած է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031