Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամ քահանա Մելիքյան. «Ամենայն հայոց կաթողիկոսը երբևէ չի պահանջել Նորվան սրբազանի հրաժարականը»

Հուլիս 10,2013 16:48

Aravot.am-ը տեղեկացրել է , որ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հուլիսի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Գարեգին Բ կաթողիկոսին, ինչին նախորդել էր այն, որ Վեհափառ հայրապետը, սրբազանի ասելով, իրեն հրապարակավ նկատողություն էր արել:

Վերջին օրերին հայ հասարակությունը և զանգվածային լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը: Հրաժարականին էլ հաջորդել էր Նորվան արքեպիսկոպոսի հարցազրույցը Փարիզի «Այբ» ռադիոկայանին, ներկայացվել նաև հրաժարականի պատճառները, որոնց մասին առ այսօր Սուրբ Էջմիածինը հրաժարվում էր մեկնաբանություն տալ՝ մինչ այս հարցով Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Հրաժարականի և Ֆրանսիայից հնչող տեսակետների մասին ներկայացնում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հարցազրույցը Aravot.am-ին:

-Մի քանի օր շարունակ Մայր Աթոռը լռում էր կամ հրաժարվում էր որևէ մեկնաբանություն տալ Ֆրանսիայի թեմի առաջնորդի հրաժարականի վերաբերյալ, ինչո՞վ էր պայմանավորված հապաղումը:

– Նորվան սրբազանի հրաժարականի մասին տեղեկատվության հրապարակման առաջին իսկ օրից Մայր Աթոռը հաստատեց տարածված լուրը, սակայն պաշտոնապես որևէ մեկնաբանություն չտրվեց հրաժարականի մանրամասների վերաբերյալ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստ է հրավիրվել հուլիս ամսվա վերջին օրերին, որտեղ պիտի քննվի ներկայացված հրաժարականը: Օրեր առաջ արդեն իսկ Ֆրանսիայի թեմի առաջնորդը ելույթ ունեցավ Փարիզի «Այբ» ռադիոկայանով` տալով որոշակի բացատրություններ կատարվածի վերաբերյալ:

– Այսինքն` ելույթում ներկայացված պատճառները համապատասխանո՞ւմ են իրականությանը` գործելաոճերի տարբերություն, տարաձայնություններ կաթողիկոսի և առաջնորդի միջև:

-Հիմնականում` այո´: Տարակարծություններ աշխատանքի մեջ, բնական է, եղել են և կարող են լինել: Նորին Սրբության պահանջն է եղել Նորվան սրբազանից հետամուտ լինել թեմական խնդիրների ու հարցերի լուծմանը, դրանց վերաբերյալ կայացնել որոշումներ ու որևէ կերպ չառնչել Ամենայն հայոց կաթողիկոսի անձի հետ և պայմանավորել նրա որոշումներով:

– Իսկ Նիսի նախկին հոգևոր հովիվ տեր Վաչեի պարագան և՞ս պատճառ հանդիսացավ հրաժարականի:

– Ֆրանսիա կատարած վերջին այցից առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը տեղեկացավ, որ հակառակ իր հանձնարարականի, որով որևէ թեմում ծառայության կոչված եկեղեցականի և նրա ընտանիքի համար պետք է ապահովվեն արժանապատիվ կյանքի պայմաններ, տեր Վաչե քահանա Հայրապետյանը հայտնի զարգացումների հետևանքով Նիսից Ստրասբուրգ հովվության փոխադրվելուց ի վեր 2.5 տարի 2011 թ. փետրվարից սկսյալ որևէ աշխատավարձ չի ստացել (ինչպես Սփյուռքի թեմերում սպասավորող հոգևորականների պարագային է) և ստիպված է եղել իր ընտանիքի ապրուստը վաստակել պահակությամբ ավտոկանգառում: Նորվան սրբազանը հայտնել է, որ տեղյակ չի եղել այդ իրողությունից, որովհետև եկեղեցական վարչությունը պետք է հոգար այդ խնդիրը: Հարցը քանիցս բարձրաձայնելուց հետո Նորին Սրբությունը Հայաստան վերադարձից առաջ խստորեն պահանջել է թեմակալ առաջնորդից անհապաղ ձեռնամուխ լինել խնդրի կարգավորմանը մինչև հուլիսի 1-ը: Տեղեկացնեմ, որ Ամենայն հայոց կաթողիկոսը երբևէ չի պահանջել Նորվան սրբազանի հրաժարականը: Սա Սրբազանի կայացրած անձնական որոշումն է: Ընդհակառակը, մեկ տարի առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը, ընդառաջ թեմական-պատգամավորական ժողովի ցանկության, գնահատելով Նորվան սրբազանի ծառայությունը, վերահաստատեց նրան առաջնորդական իր հանգամանքի մեջ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031