Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կվերականգվի «կյանքի ճանապարհը»

Օգոստոս 21,2013 18:50

2011թ. ապրիլին փլուզում եղավ միջպետական ճանապարհից Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղ տանող միակ, ասֆալտապատ ճանապարհին: Այդ ճանապարհի առաջին կիլոմետրում սողանքից փլվել էր 30մ երկարությամբ, 15մ լայնությամբ եւ 20մ խորությամբ հատված, հողը թափվել էր գյուղը սնուցող, 130մմ տրամագծով խմելու ջրագծի վրա, շարքից հանել այդ ջրագծի 30 մետրանոց հատվածը: Պատահարից հետո ջրագծի վնասված հատվածը արագ  վերականգնվել է: Գյուղ մտնող ճանապարհը թեեւ նեղացել, սակայն երթեւեկելի է: Ի՞նչ է փոխվել անցած երկու տարի եւ 4 ամսվա ընթացքում: Ճանապարհի երթեւեկելի մասում, ասֆալտին 2 սմ լայնությամբ եւ 2 մ երկարությամբ ճեղք է գոյացել, որը գնալով աճում է: Ճեղքի լայնանալով՝ ճանապարհն ամբողջությամբ կարող է փլվել:

Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը մեզ հայտնեց, որ այս տարի պետական բյուջեի միջոցներով գյուղը աշխարհին կապող ճանապարհը վերականգնվելու է, փլվածքի գոտին շրջանցող նոր ճանապարհ է կառուցվելու:  «Մեկուկես  ամիս առաջ Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկությունից եկել էին, չափումներ արել: Այս տարի ճանապարհը վերականգնելու են: Գյուղի 4 բնակիչներին  հողի համար, մեկ  բնակչի էլ տան համար այդ ծրագրով  փոխհատուցում է տրվելու»,-ասաց Ներքին  Ծաղկավանի գյուղապետը:

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Արծրունի Ղալումյանն ասաց, որ ճանապարհի կառուցման  մրցույթ  է կայացել, իրենց ձեռնարկությունը 27  միլիոն դրամ առաջարկով մրցույթում  շահել է: Նրան  հարցրեցինք, թե Ներքին Ծաղկավանի համար կենսական նշանակություն ունեցող,  «կյանքի  ճանապարհի» վերականգնումը ե՞րբ է սկսվելու: Պարոն Ղալումյանը հայտնեց, որ  ճանապարհը կկառուցվի այս տարի, սակայն շինարարության ստույգ ժամկետը չկարողացավ հայտնել, ասելով, որ դրա համար կառավարության որոշում պետք է  լինի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031