Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ ԿԳ նախարարին. 31 տարվա նվիրյալ մանկավարժին անհիմն ուզում են աշխատանքից ազատել

Օգոստոս 28,2013 12:48

Martun_2 Martun_3

Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների, մշակութային կրթական հաստատությունների ներկայացուցիչներ եւ մոտ հինգ տասնյակ բնակիչներ դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով կանխել Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի եւ նրա տնօրեն Մարտուն Զաքարյանի շուրջ տեղի ունեցող ապօրինի գործողությունները:

Նրանք տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին Գեղագիտական ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը այցելել է Գորիս եւ մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանին առաջարկել ստորագրել մասնաճյուղի տնօրենի աշխատանքից ազատման հրամանի ծանուցագիրը, ինչից տնօրենը հրաժարվել է: «Գորիսի հասարակությունը թույլ չի տալու դժվարին պայմաններում ստեղծագործող եւ գորիսեցի երեխաներին գեղագիտական գիտելիքներ փոխանցող արվեստագետի հետ որեւէ ապօրինի արարք»,- նշված է նախարարին ուղղված նամակում:

Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է ծավալել 1982թ.-ին՝ նկարիչ, մանկավարժ Մարտուն Զաքարյանի ջանքերով: 2013թ-ին կենտրոնի սաների թիվը հասնում էր 64-ի, ովքեր հաճախում էին ասեղնագործության, շյուղագործության, նկարչության, կավագործության խմբակներ:

Գորիսաբնակների պատմելով, Մարտուն Զաքարյանի անմնացորդ նվիրումի շնորհիվ, արդեն 31 տարի է գորիսեցի մանուկները գեղագիտական կրթություն են ստանում, կենտրոնում ստեղծագործած աշխատանքների շնորհիվ կազմակերպում ցուցահանդեսներ, մրցույթներ եւ դա այն դեպքում, երբ կենտրոնը շենքային ոչ բարվոք պայմաններում է գտնվում: Իսկ թղթի, մատիտի, աշխատելու այլ նյութերի ծախսերը հոգում է անձամբ տնօրենը՝ իր համեստ միջոցներով:

Մարտուն Զաքարյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ իր եւ գլխավոր տնօրենի միջեւ ոչ մի կոնֆլիկտ չի եղել եւ նրա ներկայացրած պահանջն էլ անհիմն ու ապօրինի է համարում:

«Օգոստոսի 22-ին եկավ Իգիթյանն ու ասաց՝ տնօրեն արդեն չի լինելու, բաժնի վարիչ է լինելու: Ասեցի ի՞նչ տարբերություն, բաժնի վարի՞չ է, թե՞ տնօրեն, ասեց ոչ՝ դրսից մարդ է գալու, իսկ դու ազատվում ես, եթե ուզում ես ժամեր տամ պարապես, ու դեմ արեց թուղթը ստորագրեմ: Ես չհամաձայնվեցի: Ինչի՞ համար ստորագրեմ, ասացի նախեւառաջ ինձ առաջարկիր, երբ որ ես չցանկանամ՝ ուրիշ տնօրեն բեր: Իր գրպանից հանեց կողպեքն ու առանց բացատրության՝ ապօրինաբար իմ հիմնարկը փակեց, երբ հիմնարկի ամբողջ նյութականի համար պատասխանատուն ես եմ: 3 օր էլ Գորիսում է, գուցե 3 օրում իմ ունեցվածքին ձեռք է տվել, ուզում եմ տանեմ իմ կողպեքը դնեմ», -ասաց Մարտուն Զաքարյանը:

Նա կասկածում է, որ գլխավոր տնօրենի արարքը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի վաճառի այդ շենքն, սակայն ինքը դեմ է դրան եւ նույնիսկ աշխատանքից ազատման փաստաթղթի տակ չի պատրաստվում ստորագրել: «Ես ինչի՞ համաձայնեմ, 31 տարի է՝ աշխատում եմ, էս պետությանը 1000 օգուտ եմ տվել: Թանկանոց մեքենա է առել, իսկ իմ ատամը ցավում է՝ կոպեկ չունեմ գնամ բուժեմ: Ծնողական հոգատարությունից դուրս մնացած, աղքատ, որբ երեխեքին եմ ընդունել կենտրոն, պարապում եմ անվճար, արհեստ եմ սովորեցնում, որ վաղը կարողանան մի բան սարքեն՝ վաճառեն, սոված չմնան, ցամաք հացի փող ունենան: Հոգ եմ տանում նրանց մասին, ձմռանը փայտ եմ առնում իմ աշխատավարձով, ոտները թաց գալիս են՝ հանում եմ, չորացնում, սովածանում են՝ գնում եմ մի բան առնում, հյուրասիրում: Ամերիկայից Սթիվ Լազարյանն էլ հագուստով է օգնում սաներին», -ասաց պարոն Զաքարյանը:

Նրա պատմելով՝ կենտրոնում սաներին պարապելուց բացի, տարբեր աշխատանքներ է անում՝ եկեղեցու շինարարությանը մասնակցում եւ այլն, ու աշխատանքի դիմաց գումար չի վերցնում, միայն խնդրում է կենտրոնին օգնել անհրաժեշտ թղթերով եւ այլ նյութերով: «Նյութերի կարիք ունենք: Գնում եմ մարդկանց խնդրում տանիքներում պահված վերանորոգման պաստառները տալիս են մեզ ու դրանց հակառակ մասում նկարում են երեխեքը: Մենակ տեսնեք թե ինչ նկարներ են անում, ուղարկում ենք ցուցահանդեսների՝ ապշում են: Բա նման պայմաններում աշխատող մարդու հանդեպ էս ձե՞ւ են վարվում: Ինձ Հարվարդի համալսարանից կանչել են փորձի փոխանակման, իմ մեթոդիկան են այնտեղ օգտագործել, ուզում էին, որ մնամ անտեղի մեթոդ կաբինետում աշխատեմ, ասեցի չէ՝ ես վերադառնում եմ իմ հայրենիքը: Վերադարձա ու հիմա ի՞նչ ձեւ են վարվում հետս իմ հայրենիքում: Ես աշխարհ եմ եկել, որ օգուտ տամ մարդկանց, իմ աշխարհը սա է, ես սնվում եմ իմ արած գործով, ոնց որ գազանը եկել է՝ ուզում է մի վայրկյանում փշրի իմ ստեղծած աշխարհը», – ասաց պարոն Զաքարյանը եւ համոզմունք հայտնեց, որ ողջ հանրապետությունը ոտքի է կանգնելու ի պաշտպանություն իրեն, քանի որ ինքն անմնացորդ նվիրված է իր գործին, շրջում է գյուղերով, շնորհալի երեխաների բացահայտում, անվճար դաս տալիս, աղքատ երեխաներից մասնագետներ պատրաստում:

«Գլխավոր տնօրենն իր վատ կերպարով մտածում է՝ մենք պետք է իր առաջ խոնարհվենք: Ուզում է էդ շենքը ծախի թե ինչ, իր բալանսում է, բայց վերջում պարզվել է, որ փաստաթղթերը կորցրել է, ոչ մի լումա 30 տարվա մեջ շենքի համար չի մուծել: Իմ հարազատների միջոցներով ենք էդ շենքը սարքել, նորոգել: Ես մի հին գորգ ունեի արժեքավոր, դա վաճառեցի ու նորոգեցի շենքը: Էսքան տարի է՝ հոսանքի ու մյուս ծախսերը ես եմ վճարել: Հիմա իմ առողջական վիճակը վատ է, հիվանդանոցից եմ գալիս: Էդ օրը Լեւոն Իգիթյանը որ եկել էր, ինձ նյարդայնացնելուց ու հոգեկան ապրումներից՝ ստամոքսիս խոցը պայթեց, դուրս եկա դրսում արյուն էի հետ տալիս: Փողոցում իրենց ասացի՝ օգնենք գնամ բժշկի: Նրանք էլ ասացին՝ տաքսիները շարված են, վերցրու՝ գնա տուն եւ իր մարդկանց հետ թողեց ինձ էդ վիճակում արյունահոսելիս ու գնաց: Մինչեւ մի րոպեն ամբողջ Գորիսը թափվեց ինձ մոտ ու հիվանդանոց հասցրեցին», – եզրափակեց զրույցը, գորիսեցի արվեստագետ ու երկարամյա մանկավարժ Մարտուն Զաքարյանը, ում գորիսեցիները քաղաքի ամենաբարի մարդկանցից մեկն են համարում:

Այժմ Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանը չգիտի, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում իրեն ու կենտրոնին, որն 5 աշխատող ու 64 սան ունի:

Այժմ բոլորը սպասում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի արձագանքին:

Կփորձենք կապ հաստատել նաեւ Լեւոն Իգիթյանի հետ եւ նրանից էլ պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փուչիկ says:

    Իր անտաղանդ հալով եղբոր գործը «ժառանգություն» ստացավ իշխանությունների սազը «չալելու» համար հիմա էլ տաղանդավոր սրտացավ մարդկանց տակն է փորում:

    Գնա գնա քեզ համար «համապատասխան» գործ գտիր ծերանոցում:

  2. Spartak says:

    Այսքան …….Բոլոր մակդիրները, իրար հրմշտելով, ուզում էին առաջ ընկնել:Ոչ մեկն էլ պետք չի գրել, ընթերցողն իր ցանկացած բառը կգտնի:Պարզապես ես ուզում եմ իմանալ՝ դու պարոն Զաքարյանի կեսի,կեսի չափ օգտակար գործ արած կա՞ս :

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031