Լրահոս
Օրվա լրահոսը

13-ամյա աղջկա բռնաբարության համար դատապարտվածը դիմել է վճռաբեկ դատարան

Սեպտեմբեր 02,2013 12:13

Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը») մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէր: Ա. Մաճկալյանն ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու եւ մեկ տարեկան:

Սույն դատավարությունն ընթանում էր դռնփակ ռեժիմով: Մայիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Անուշավան Մաճկալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել 8 տարի եւ 9 ամիս ազատազրկման: Այս ժամկետից 3 ամիսը Ա. Մաճկալյանի կողմից նախկինում կատարված հանցագործության պատժի չկրած մասն է: Քրեական գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանը պահանջել էր Անուշավան Մաճկալյանին դատապարտել 10 տարի եւ 3 ամիս ազատազրկման: Ա. Մաճկալյանն իրեն մեղավոր չի համարել, նա դատարանում ցուցմունք չի տվել: Նա բողոքարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, պահանջելով ճանաչել եւ հռչակել իր անպարտությունն առաջադրված մեղադրանքում:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝հուլիսի 31-ին վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան) վճռաբեկության կարգով քննելով վերաքննիչ բողոքը՝ համարել է , որ քրեական գործի քննության նախորդ փուլում թույլ չեն տրվել նյութական եւ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի: Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Ա. Մաճկալյանի վերաքննիչ բողոքը մերժել: Օգոստոսի 29-ին Ա. Մաճկալյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30