Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունը»

Սեպտեմբեր 03,2013 14:13

Ըստ քաղաքագետ, Սլովակիայի միջազգային քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի եւ Բանսկա Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող Արմեն Գրիգորյանի՝ ԼՂՀ-ն ՀՀ-ից մեկուսացնելու վտանգի մասին պնդումները ռուսական քարոզչության արդյունք են

– Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ Ասոցացման գործընթացից, մասնավորապես՝ ազատ առեւտրի պայմանագրի կիրառումից:

– ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը կարող է խթանել իրական բարեփոխումների երկարաժամկետ իրականացմանը, որի արդյունքում Հայաստանը հնարավորություն ունի բռնել հասարակական կյանքն արեւմտյան չափանիշների հիման վրա կառուցելու ուղին: Բազմակարծության հիման վրա ժողովրդավարական հասարակության ձեւավորումը, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը հնարավոր է միայն ժամանակակից, առաջադեմ համակարգի ինտեգրվելու դեպքում: Այժմ թեկուզ 20 տարվա ուշացումով հնարավոր է դառնում իրականացնել այն, ինչը Կենտրոնական Եվրոպայի եւ Բալթյան երկրներն իրականացրել էին՝ սկսած 90-ականների կեսերից:

Իսկ մասնավորապես ազատ առեւտրի ռեժիմի վերաբերյալ օրեր առաջ հրապարակվել է մանրամասն վերլուծություն՝ որքանով կավելանա առեւտրի ծավալը, ինչպիսի սոցիալական հետեւանքներ կլինեն, եւ այլն. սպասվող արդյունքները դրական են:

Բացի այդ, ազատ առեւտրի ռեժիմը կարող է խթանել ներդրումներին՝ առավել նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը: Իհարկե, դրա համար շատ նախադրյալներ կպահանջվեն. դրանց մի մասը տեխնիկական բնույթի են, ինչպես օրինակ՝ սննդամթերքի վերամշակման եվրոպական ստանդարտի անցնելը: ԵՄ-ի 2014-2021թթ. բյուջեում լրացուցիչ միջոցներ են հատկացվելու Արեւելյան գործընկերության մասնակից երկրներին՝ տեխնիկական վերազինման, սերտիֆիկացման, ենթակառուցվածքների մոդեռնիզացիայի նպատակով: Առավել կարեւոր է, սակայն, մյուս նախադրյալների ապահովումը, որը մեզանից է կախված. օրենքի գերակայության ապահովումը՝ մասնավորապես սեփականության իրավունքի անձեռնմխելիության, հարկային մարմինների կամայականությունների վերացման, կոռուպցիայի նվազեցման առումով, օլիգարխիայի ազդեցության վերացումը եւ այլն: Մյուս կողմից՝ ազատ առեւտրի ռեժիմը ոչ միայն կնպաստի արտահանմանը, այլեւ կհանգեցնի ներքին շուկայում մրցակցության ուժեղացմանը՝ դրա դրական ազդեցությամբ հանդերձ:

– Մտավախություններ կան, որ ազատ առեւտրի ռեժիմը կհանգեցնի ԼՂՀ-ի մեկուսացմանը Հայաստանից:

– Ոչ միայն Հայաստանը, այլեւ Վրաստանը եւ Մոլդովան առնչվում են չկարգավորված հակամարտությունների խնդրին՝ ազատ առեւտրի առումով: ԵՄ-ն պահանջում է, որ գործընկեր երկրները երաշխավորեն, որ ազատ առեւտրի ռեժիմից չօգտվող երկրներում (Ռուսաստան, Չինաստան եւ այլն) արտադրված ապրանքները, օրինակ, «արտադրված է Հայաստանում» նշումով չարտահանվեն ԵՄ: Դրա համար գործընկեր երկիրը պետք է, մասնավորապես, ապահովի ԵՄ-ի տեսուչների կողմից այցերի հնարավորությունը՝ արտադրական հզորությունների վերահսկման նպատակով: Վրաստանը եւ Մոլդովան իրենց տարածքի մի մասը եւ արտաքին սահմանի որոշակի հատվածներ չեն վերահսկում եւ այդպիսով չեն կարող երաշխավորել ռեէքսպորտի բացակայությունը: Այս պատճառով Մոլդովայի կառավարությունը պատրաստ է անգամ հսկիչ կետեր տեղադրել Մերձդնեստրի հետ բաժանարար գծի երկայնքով. հարկ է նշել, որ Մոլդովայի եւ Մերձդնեստրի միջեւ տեղաշարժն ազատ է: Վրաստանը պատրաստ չէ նման քայլի, քանի որ դա կարող է որպես անկախության դե-ֆակտո ճանաչում ընկալվել: Բայց միգուցե ԵՄ-ում մտավախություն կա, որ ռուս զինվորականներն իրենք կարող են որոշ վրացի գործարարների հետ պայմանավորվել Ռուսաստանից դեպի գրավյալ տարածքներ, այնուհետեւ Վրաստանի տարածքից ԵՄ արտահանում կազմակերպել, ինչը մաքսատուրքից ազատված լինելու պայմաններում կարող է մեծ շահույթ ապահովել: Սա ենթադրություն է միայն, բայց ամեն դեպքում Վրաստանի կառավարությունը պետք է որոշակի լուծում գտնի:

Մեր դեպքում իրադրությունն այլ է. ի տարբերություն Վրաստանի եւ Մոլդովայի՝ Հայաստանն արտադրանքի ծագման կանոններին համապատասխանությունն ապահովելու, մասնավորապես տեսուչների այցեր կազմակերպելու առումով խնդիր չունի: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ից արտադրանքի արտահանման հնարավորությանը, չմոռանանք, որ ներկայումս Հայաստանի արտահանման մեծ մասն արդեն իսկ ԵՄ է գնում, եւ որոշ արտադրատեսակների տեսականորեն հնարավոր ղարաբաղյան ծագումը խնդրահարույց չէ: Ասոցացման պայմանագրի պատճառով ԼՂՀ-ն Հայաստանից մեկուսացնելու վտանգի մասին պնդումները ռուսական քարոզչության արդյունք են, իսկ մտահոգվել պետք է ոչ թե ԵՄ-ի, այլ հենց Ռուսաստանի վարած քաղաքականությամբ:

– Ի՞նչ քայլեր կարելի է ակնկալել Ռուսաստանի կողմից՝ եվրաինտեգրման դեմ հակաքարոզչության ուժեղացո՞ւմ, թե՞ այլ ճնշումներ եւս:

– Քարոզչության մասին. օրինակ՝ Մոլդովայում վերջին երեք տարիների ընթացքում մոտ 40 հ/կ է ստեղծվել՝ հատուկ «եվրասիական ինտեգրումը» քարոզելու նպատակով, բնականաբար՝ Ուկրաինայում էլ քարոզչությանն ահռելի միջոցներ են ուղղվում: Հայաստանի դեպքում նույնպես պետք է ակնկալել քարոզչության ուժեղացում. ցավոք, Հայաստանի քաղաքական դաշտում, վերլուծական շրջանակներում, նաեւ այլ ոլորտներում մեծ է թե ուղղակի ռուսական կողմից ցուցումներով առաջնորդվողների, թե, այսպես կոչված, «инициативник»-ների քանակը: Եվրաինտեգրման պատճառով ԼՂՀ-ն Հայաստանից մեկուսացնելու վտանգի մասին խոսակցություններից սկսած՝ համասեռականության թեմայով վերջացրած, ամենուր ռուսական ազդեցության հետքեր են:

Ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանը չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունը. սրա վկայությունն է այն, որ մի քանի օր առաջ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ա. Վասիլեւը հրապարակավ Հայաստան-ԵՄ բանակցությունները «սեպարատ» է անվանել՝ դժգոհելով դրանց գաղտնիությունից, ու նաեւ Հայաստանում «թեժ աշուն» է կանխատեսել: Այսինքն՝ ՌԴ-ում պաշտոնական մակարդակով մտածում են, որ ՀՀ-ն իր վարած բանակցությունների վերաբերյալ պարտավոր է իրենց հաշվետու լինել: Երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության նման արտահայտությունը պետք է անմիջապես կոշտ վերաբերմունքի արժանանար: Ցավոք, այս անգամ եւս, ինչպես նաեւ շատ այլ դեպքերում, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու դեպքում, Հայաստանի պաշտոնական շրջանակները որեւէ կերպ չարձագանքեցին:

Բացի քարոզչությունից՝ այլ ճնշումներ էլ, անշուշտ, հնարավոր են: Այս օրերին Ուկրաինայի դեմ ծավալված «տնտեսական պատերազմը» բոլորիս աչքի առաջ է: Իհարկե, Ուկրաինայի դեմ ծավալված արշավը հատկապես ուժեղ է, քանի որ ՌԴ-ում գիտակցում են, որ եթե Ուկրաինան անշրջելի կերպով կանգնի եվրաինտեգրման ճանապարհին, Եվրասիական միության ստեղծումն ակնհայտորեն անիմաստ կդառնա: Հուսանք, որ Ուկրաինան, չնայած ճնշմանը, կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը՝ նոր դարաշրջան բացելով նաեւ պայմանագիրը նախաստորագրող երկրների համար:

Հայաստանի նկատմամբ հնարավոր է ճնշում՝ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ շահարկումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Ցավոք, միակ տարբերակը, որն այժմ կարելի է հաշվի չառնել, այն է, որ Ռուսաստանը քաղաքակիրթ կգտնվի եւ հարգանքով կվերաբերվի Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կատարած ընտրությանը:

– Իսկ Հայաստանն ունի՞ ճնշումներին դիմակայելու բավարար հնարավորություններ, եւ արդյոք ԵՄ-ն Հայաստանին կարո՞ղ է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տալ:

– Նախեւառաջ, ԵՄ-ն չի կարող, իմ կարծիքով՝ նաեւ պարտավոր էլ չէ մեզ անվտանգության երաշխիքներ տալ այն դեպքում, եթե մենք չենք վերացնում մեր ներքին թերությունները եւ արատավոր ավանդույթները: Ճնշումներին դիմակայելու եւ սպառնալիքները չեզոքացնելու համար հանրային կոնսենսուս է պահանջվում, որին հասնելն անհնար է, քանի կան շինծու մեղադրանքներով դատապարտվածներ ու շարունակվում է ոստիկանական «բեսպրեդելը»՝ քաղաքացիական ակտիվիստների դեմ «գործ սարքելու» նոր փորձերով, քանի դեռ օլիգարխների կամակատարությունների դեմ միջոցներ չեն կիրառվում, եւ այսպես շարունակ:

Պետք է գնահատել առկա վտանգները եւ դրանց սկզբնաղբյուրը եւ չեզոքացման պլաններ մշակել: Օրինակ՝ էներգետիկ ոլորտում ճնշումն ինչո՞ւ է հնարավոր՝ քանի որ ողջ էներգետիկ ոլորտը հայտնվել է ռուսների տնօրինության ներքո: Մենք իրավացիորեն դժգոհում ենք թուրքական շրջափակումից, սակայն մոռանում ենք, որ ինքնամեկուսացման, կարելի է նաեւ ասել՝ ինքնաշրջափակման խնդիր էլ ունենք: Մի քանի տարի առաջ, երբ Իրան-Հայաստան գազատարի նախագիծն էր քննարկվում, բարձրագույն պաշտոնյաներն ասում էին՝ «չենք կարող Ռուսաստանի շահերը հաշվի չառնել», եւ ի վերջո՝ գազատարը կառուցվեց փոքր տրամագծով ու հանձնվեց ռուսներին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30