Ինչու են նվազել օտարերկրյա ներդրումները

Ինչու են նվազել օտարերկրյա ներդրումները

Մրցունակության համաշխարհային ցուցանիշով Հայաստանը 3 կետով առաջընթաց է գրանցել` 148 երկրների շարքում 82-րդ տեղից 79-րդ տեղը զբաղեցնելով: Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում լրագրողները այս զեկույցը ներկայացնող «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ մրցունակությամբ բարելավվում ենք, իսկ օտարերկրյա ներդրումների ծավալը տարեցտարի նվազում է: Այս առնչությամբ պարոն Հերգնյանն ասաց. «Որպեսզի այդ ֆենոմենը հասկանանք, նախ պետք է հասկանանք օտարերկրյա ներդրումների կառուցվածքն ու դինամիկան Հայաստանում: Եթե վերցնում ենք վերջին 5-6 տարիների օտարերկրյա ներդրումների քանակությունն ու պաշարը 1 շնչի հաշվով, Հայաստանը հետընթաց դիրքերում չէ: Բայց պետք է հասկանալ ինչի՞ հաշվին է դա տեղի ունեցել:

Հայաստանում հիմնականում դա տեղի է ունեցել խոշոր ենթակառուցվածքային ներդրումների հաշվին եւ եթե նայենք, օտարերկրյա ներդրումները կազմված են մի քանի բաղադրիչներից, ամենամեծ բաղադրիչը Հայաստանում դա վերաներդրած շահույթն է, այսինքն` այն ընկերությունները, որոնք այստեղ իսկ ներկայացված են, իրենց շահույթի վերաներդրումը համարվում է որպես օտարերկրյա, նմանատիպ կառուցվածքը բերել է նրան, որ երբ վերջանում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, մեզ մոտ խնդիր է առաջանում: Այսինքն, այս խնդիրը վաղուց է գալիս, ոչ թե այս կամ նախորդ տարվա խնդիր է:

Ընդհանրապես նմանատիպ իրավիճակում գտնվող երկիրը օտարերկրյա ներդրումների մասով շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն պետք է իրականացնի, որովհետեւ դա տնտեսական վերափոխում իրականացնելու իրական միջոցներից մեկն է: Մեր տնտեսական թերացումներից մեկը հենց այդ ուղղությունն է»:

Հարցին էլ, թե ինչ տեսակետ ունի տնտեսագետը Հայաստանի` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ, պարոն Հերգնյանն ասաց, քանի դեռ չկա լուրջ տնտեսագիտական վերլուծություն դրա վերաբերյալ, դժվար է որեւէ գնահատական տալը: Պարոն Հերգնյանի խոսքերով` «Կարծում եմ խնդիրը բազմաշերտ է` աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգության եւ այլն: Եթե խոսենք միայն տնտեսականի մասին, մասնագիտական վերլուծության պակաս կա, որի հիման վրա հնարավոր կլիներ որոշակի եզրակացություն անել: Ես տեսել եմ 1 վերլուծություն Եվրամիության կողմից պատվիրված, որտեղ գնահատվում են այն օգուտները, որոնք կարող են բերել ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո, որտեղ ՀՆԱ-ն 2.5% աճ կլիներ, էքսպորտը մոտ 15% աճ, իմպորտը` 8% աճ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք