Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ն «Արմավիայից» առանց ապացույցների՞ է 5 միլիարդ պետտուրքի պարտք պահանջում

Սեպտեմբեր 09,2013 16:31

Այսօր ՀՀ վարչական դատարանում ՊԵԿ-ն ընդդեմ «Արմավիա» ավիաընկերության դատական հերթական նիստն էր, որին չէր ներկայացել ավիաընկերության լիազոր ներկայացուցիչը: Նիստը շարունակվեց առանց պատասխանող կողմի, քանի որ ինչպես դատարանը վստահեցրեց, «Արմավիայի» ներկայացուցիչը պատշաճ ծանուցվել է:

Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է «Արմավիայից» բռնագանձել 7 միլիարդ 35 միլիոն 703 հազար դրամ, որից մոտ 5 միլիարդը պետական տուրքն է, իսկ մնացածը շահութահարկ, ոչ ռեզիդենտի շահութահարկ, եկամտահարկ, սոցվճարներ եւ այլն:

Դատավոր Կարինե Բաղդասարյանը հայցվորից հետաքրքրվեց` «Արմավիայի» ապառքն առաջացել է  ընկերության կողմից հարկային տեսչության ներկայացրած հաշվարկների եւ հաշվետվությունների վրա՞, թե նաեւ հարկային մարմնի ստուգման արդյունքում կազմված ակտերի հիման վրա:

ՊԵԿ-ի ներկայացուցիչն այս առնչությամբ վստահեցրեց, որ «Արմավայի» պարտքի չափը կազմվել է ավիաընկերության կողմից ներկայացրած  հաշվարկ-հաշվետվությունների արդյունքում:

Դատավորը նաեւ ճշտեց` մոտ 7 միլիարդ դրամը մաքուր ապա՞ռքն է, թե նաեւ տույժ-տուգանքներն էլ են ներառված, ինչին ի պատասխան հայցվոր կողմն ասաց, որ տույժերը եւ տուգանքները ներառված չեն: Ապա դատավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ, ինչպես «Հարկերի մասին» օրենքն է պահանջում`հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում հաշվի չի առնվել եւ չի հաշվարկվել 365 օրվա համար 0,15% տույժերը:

Այս առնչությամբ էլ ՊԵԿ-ի լիազոր ներկայացուցիչն ասաց, որ թեեւ տույժեր-տուգանքներ կան, բայց որոշվել է հայցադիմումը ներկայացնելիս միայն ապառքի մասով դիմել: Դատավորը զարմանք արտահայտեց, ասելով, որ առաջին անգամ է հանդիպում, որ նման դեպքերում ներկայացվի միայն ապառքը, իսկ տույժերի մասով պահանջ չներկայացվի:

Հաշվի առնելով, որ «Արմավիայի» պարտքի մեծ մասը, ինչպես գրված է հայցադիմումում, պետտուրքն է, դատավորը փորձեց ճշտել, թե ինչի մասին է խոսքը. «Դա արտոնագիր է, դա լիցենզիա է, ինչի՞ մասին է խոսքը»:

ՊԵԿ-ի ներկայացուցիչը մի պահ շփոթվեց, հետո իր փաստաթղթերի մեջ նայելով ասաց` այստեղ պարզ գրված է` պետտուրքի ապառքն առաջացել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի եւ հարկ վճարողի կողմից ներկայացված օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց, երկրի համար պետական տուրքի 2009-2013 թվականների ժամանակահատվածի տեղեկություններով:

Դատավորը նորից փորձեց ճշտել, թե դրանք ինչ տեղեկություններ են եւ ինչպես են ստացվել` գրավո՞ր, թե՞ հեռախոսային զրույցի հիման վրա  տեղեկություններ են: «Դա պատասխանողի կողմից ներկայացված տեղեկություններ են»,-ասաց ՊԵԿ-ի լիազոր ներկայացուցիչը:

Դատավորը որքան էլ փորփրեց դատարանին ներկայացրած փաստաթղթերը պետական տուրքի` «Արմավիայի»  ապառքին վերաբերող հատվածը, չգտավ այն փաստաթուղթը, ըստ որի հաշվարկվել է, որ պետտուրքը 5 միլիարդ դրամ է կազմում: Ուստի դատավորն ասաց, որ այդ պարտքի մասին տեղեկությունների գրավոր ապացույցն է անհրաժեշտ:

ՊԵԿ-ի ներկայացուցիչն այդ հարցի պատասխանը տալու համար դատարանից 10 րոպե ընդմիջում խնդրեց, իսկ ընդմիջումից հետո էլ պատասխան չկարողացավ տալ, պատճառաբանելով, որ ՊԵԿ-ում ընդմիջման ժամ է:

Ապա հայցվորը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգել վերոնշյալ հարցի պատասխանը ճշտելու համար: Դատավորը բավարարեց միջնորդությունը եւ հավելեց, որ հայցվոր կողմը գրավոր ապացույց ներկայացնի, այսինքն հաշվարկները ներկայացնի, թե ինչպես է կազմվել «Արմավիայի» պետտուրքի պարտքի  չափը, այլ ոչ թե որպես հիմք հայցադիմումում նշել տեղեկություններ բառը:

ՊԵԿ-«Արմավիա» հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին, ժամը 15:15-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, դատավորն արգելեց «Առավոտի» թղթակցին ձայնագրել նիստի ընթացքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30