Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Օրենքով վերջ կտան «քոփի-փեսթին»

Սեպտեմբեր 09,2013 18:18

Առանց պատշաճ հղումների՝ այլ ԶԼՄ-ներից հոդվածների ուղղակի պատճենահանման խնդիրը այնքան է բարձրացվել լրատվամիջոցների կողմից, որ հարցը, ինչպես ասում են, հասել է «դիվանբաշուն»: Ազգային ժողովը որոշել է օրենսդրորեն կարգավորել «քոփի-փեսթերի» վրա նստած կայքերից ամեն վայրկյան տուժող, սեփական արտադրանք տվող կայքերի առջեւ ծառացած խնդիրը:

Ազգային ժողովն այսօր քննարկեց եւ վաղը հատուկ կարգով (երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) կքննարկի ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թեւան Պողոսյանի, Դավիթ Հարությունյանի հեղինակած` «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ավելի հայտնի է որպես «քոփի-փեսթի» հոդված:

Հոդվածի նպատակը, ըստ էության, գրագողության դեմ պայքարն է: Օրենքով նախատեսվում է, մասնավորապես հետեւյալը. «Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում իրականացվում է միայն նպատակն արդարացնող ծավալով: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի եւ լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը»:

Ինչպես նաեւ՝ «Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարատադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութներից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշելը պարտադիր է: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են հեղինակային պայմանագրով»: Ընդ որում, նախատեսվում է նաեւ վերը նշված խախտումների համար վնասի հատուցում՝ ««սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը» չափով:

Ի դեպ, օրինագծի հիմնավորումների մեջ, ի թիվս այլ պատճառաբանությունների, նշված է նաեւ հետեւյալը. «Ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, քանի որ նրանց կողմից հրապարակված հոդվածները կորցնում են իրենց էքսկլյուզիվությունը, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը, կայքէջերի այցելությունների քանակը»:

Օրինագիծը ներկայացնող պատգամավոր Արփինե Հովհանիսյանը մի քանի անգամ շեշտեց, որ այս օրենքի ընդունմամբ որեւէ սահմանափակում չի մտցվում որեւէ լրատվամիջոցի գործունության մեջ: Իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այս օրինագծով Ազգային ժողովն, ըստ էության, արձագանքել է խմբագիրների արված համատեղ հայտարարությանը, եւ մինչ օրինագիծը ԱԺ մտցնելը, լսել են տարբեր ԶԼՄ-ների խմբագիրների առաջարկները, աղաղակող փաստերի եւ կրկնվող դեպքերի համար լծակ է ԶԼՄ-ների համար՝ իրավունքները պաշտպանելու համար:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30