Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ծախսերն անգամ գցեցին հայերի վրա

Սեպտեմբեր 30,2013 22:01

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 4-ին «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիում տեղ է ունենալու միջազգային գիտաժողով` «Պատմամշակութային ժառանգություն եւ արդիականություն» խորագրով, որը կազմակերպել է Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը:

Այս կենտրոնի հիմնադիր Սերգո Հայրապետյանը այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անդրադարձավ գիտաժողովի թե բովանդակային մասին և թե ֆինանսավորմանը: «Ինչո՞ւ որոշվեց այս տոնակատարության շրջանակներում միջազգային գիտաժողով կազմակերպել Գյումրիում, նախ ասեմ, որ մենք այդ համարձակությունը ունեցանք այնքանով, որքանով, որ առաջին անգամը չէ, որ Գյումրիում միջազգային գիտաժողովներ ենք անցկացնում, ընդ որում արդեն մեզ դրսում շատ լավ ճանաչում են այս իրողությամբ: Մենք երկու տարին մեկ պարտադիր անցկացնում ենք «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովը, ինձ թվում է բոլորդ էլ շատ լավ տեղյակ եք դրան, որոնք ինչքան գնում, այնքան ավելի բարձ մակարդակի են դառնում և անցկացման, կատարման, և ուսումնասիրվող թեմատիկայի խորացման, ընդլայնման միտումներ ունի և բնականաբար  գիտաժողովի կազմակերպումը այս անգամ ավելի խոշոր ֆորմատով դժվարություն չի ներկայացնում: Իսկ ինչ մնում է այն բանին, թե արդյո՞ք մեր տարածքը` Գյումրին, Շիրակը, տալիս է հնարավորություն խոսել պատմամշակութային, հոգևոր, նյութական արժեքների մասին, բնականաբար դուք ինձանից լավ գիտեք, որ Գյումրին մեր պատմական հայրենիքի լայն հատվածներից մեկն է, որն իր ամենահարուստ, ճոխ ազգագրական դիմագծով, իր արհեստներով ու արվեստներով, իր ազգային երաժշտությամբ, այդ երաժշտության պահպանման, խնայման օրինակով վերջին 30-40 տարիներին մշտապես եղել է հայագետների ուշադրության կենտրոնում, առավել ևս վերջին շրջանում: Էլ չեմ խոսում Գյումրիում անցկացվող հնագիտական հետազոտությունների և աշխատանքների մասին, որը կատարվում են մեր կենտրոնի կողմից, որը կատարվում է նաև հնագիտության, ազգագրագիտության ինստիտուտի և այլ կազմակերպությունների ուժերով»,- ներկայացրեց Սերգո Հայրապետյանը:

Այս գիտաժողովին կհնչեն ելույթներ ոչ միայն Շիրակի պատմամշակութային ժառանգության մասին, այլ ԱՊՀ երկրների: Ըստ բանախոսի, թեև հրավիրվել են 67 հոգի, սակայն ներկա կգտնվեն 42-43-ը`ԱՊՀ երկրներից: Միայն ՌԴ-ից`Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից Հայաստան կժամանեն 28 հոգի, ինչպես նաև կլինեն հյուրեր Հյուսիսային Կովկասի ոչ քրիստոնյա հանրապետություններից: «Իմիջիայլոց ողջունելի եմ համարում. սա հյուսիսկովկասյան ոչ քրիստոնեական հանրապետությունների առաջին գիտական, կարևոր մասնակցությունն է մեզ մոտ, և, անշուշտ, սա նրանց մեջ մեր երկրի, մեր տարածքի, Շիրակի ու Գյումրու մասին նորանոր պատկերացումների առիթ ու տեղիք է հանդիսանալու, այնպես որ, կարծում ենք, որ այս առումով գիտաժողովը անպայման շահեկան կլինի առաջին հերթին մեզ համար`գյումրեցիներիս համար: Ասեմ, որ մասնակցում են Թուրքմենստանից, Կիրգիզիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լիբանանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, մոտավորապես 18 երկրների գիտնականներ են մասնակցում, և ոչ միայն հայագետներ, այլ ազգագրագետներ, ֆոլկլորիստներ, բանագետներ, ճարտարապետներ, ազգային երաժշտության մասնագետներ: Այստեղ մի շատ հետաքրքիր իրողություն կա, մենք չենք խնդրել իհարկե, բայց մեր դրսի մասնակիցները հիմնականում ընտրել են այնպիսի թեմաներ, որոնք եթե ոչ ուղղակիորեն, ապա գոնե անուղղակիորեն առնչվում են մեզ: Պատկերացրեք Կիրգիզիայից հյուրընկալում ենք մի ակադեմիկոսի` Պլոսկիխ ազգանունով, շատ շնորհալի անձնավորություն, որը զբաղվում է Իսիկուլ լճի հատակում հայկական միջնադարյան եկեղեցու ուսումնասիրությամբ: Պարզվում է այդ լճի հատակում կա 9-րդ դարի հայկական եկեղեցու, շատ հետաքրքիր կլինի նրանից իմանալ վերջին հետազոտությունների արդյունքները: Կամ թուրքմեն մի քանիսը ներկայացնում են այնպիսի զեկույցներ,որոնք հայ-թուրքմենական տնտեսական հարաբերություններին են վերաբերում»,- ասաց հայագետը:

Իսկ հյուրերից շատերը Հայաստան չեն ժամանում այն պատճառով, որ հնարավորություն չկա ֆինանսավորել նրանց ճանապարհածախսը: Բանախոսի ներկայացմամբ, «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը նախաձեռնելիս ԱՊՀ երկրների «Հումանիտար» հիմնադրամը խոստացել էր գիտաժողովը ամբողջովին ֆինանսավորել`մեկ միլիոն ռուսական ռուբլու չափով, սակայն հրաժարվել է ֆինանսավորելուց և ամբողջ ծախսերը մնացել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի վրա, որն էլ չնչին գումար է հատկացրել ու դեռ չի էլ փոխանցվել: Հայագիտական կենտրոնի հաշվարկներով առնվազն 10-15 միլիոն էր պահանջվում գիտաժողովն ու փառատոները կազմակերպելու համար, մինչդեռ հավաքվել է 3,5 միլիոն: «Ռուսներն ասել էին ճանապարհածախսը թողեք մեր վրա, բայց հետ կանգնեցին, ստիպված եղանք երեսներս պնդացնելով, լավ էլ կարմրեցի` իհարկե, բոլոր ռուսներին տեղյակ պահել, որ ձեր ճանապարհի հարցը դուք լուծեք»,-ասաց Սերգո Հայրապետյանը:

Շիրակի հայագիտական կենտրոնի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանն էլ հավելեց, որ Միջին Ասիայից Հայաստան ժամանելը սարսափելի մի բան է, քանի որ ուղիղ թռիչք չկա դեպի Հայաստան, երկու հազար դոլար է տոմսը. պիտի գան Մոսկվա, այնտեղից նոր Երևան: Դրա համար էլ 7 հոգու փոխարեն 2-ն են Հայաստան գալիս: «Հումանիտար» հիմնադրամը պատճառաբանել է, որ առայժմ չունեն 2013 թվականի բյուջեն: «Բայց դե Գյումրու տոնակատարությունը ամբողջապես այդ հիմնադրամի ծախսերով պիտի լիներ», -ակնարկեց Սերգո Հայրապետյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30