Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Եղեռնի հարցը վստահվի հրեա փաստաբաններին»

Հոկտեմբեր 10,2013 13:05

Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերի «դեղատոմսը»

Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերն այս անգամ Հայաստան այցելելու երկու առիթ ունի՝ ՀՀ նախագահի հրամանագրով հոկտեմբերի 10-ին պարգեւատրվելու է «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ մյուս առիթը հոր՝ Հայկազ Ճգնավորյանի անվան համար 5 դպրոցն է, որ կառուցվել է Արտաշատում՝ իր աջակցությամբ:

Շուրջ 50 տարի Ավստրիայում բնակվող տիկնոջը խնդրեցինք ներկայացնել ավստրիահայ համայնքը, որի ղեկավարը յոթ տարի շարունակ նրա որդի Հայկ Այզենբաուերն է եղել: Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերը փաստեց, որ ոչ միայն Ավստրիայում, այլեւ ողջ Սփյուռքում հայերը համախմբված չեն, ազգային կառույցներն էլ անմիաբան են ու միմյանց հանդեպ ոչ բարյացակամ տրամադրված. «Ցավոք, չենք հավատում միաբանությանը, հարգանք ու սեր չունենք միմյանց հանդեպ, հենց մեկը առաջադիմություն է ունենում, նախանձ է առաջանում: Ավելի շատ հայերը միավորվում են տվյալ մարդուն ցածրացնելու համար: Նախկինում չունեինք անկախ երկիր, եւ հասկանալի էր դրսում ստեղծված կառույցների գործունեությունը՝ դաշնակցություն, ռամկավարություն, հնչակցություն եւ այլն, եւ այլն: Իսկ հիմա Սփյուռքում ինչի՞ն են այդ կառույցները ծառայում: Ախր պետք է պոլիտիկական խումբերը համախմբված լինեն, նայենք Եվրոպային, միացնելով միտքերը, սարքենք լավ երկիր՝ Հայաստան: Ի՞նչ է անում Դաշնակցությունը, Ռամկավարը, Բարեգործականը, փոլարիզացիոն են անում Սփյուռքի մեջ»:

Մեր զրուցակիցը մտածում է, որ գոնե ցեղասպանությունը եւ դրա ճանաչումը պետք է բոլոր հայերին միավորի: Օրինակ, ինքը թեմայով դասախոսություններ է կարդացել Բրատիսլավայում: 40 տարի աշխատելով ՄԱԿ-ում, լինելով 170 երկրում, հարուստ փորձ է կուտակել: Ասում է՝ ուսումնասիրել է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիան ու փորձել հասկանալ, թե այն ինչպես կարելի է ծառայեցնել ցեղասպանության հարցին: Ըստ տիկին Ճգնավորյան- Այզենբաուերի, հայերը պետք է խնդիրը բարձրաձայնելիս շեշտադրեն այն միտքը, որ հայերին ցանկացել են բնաջնջել, վերացնել, ավելին. «Շատ սխալ ենք հայերս, որ մտածում ենք, թե ցեղասպանությունը վերջացել է եւ 1915-1918 թթ.-ին է եղել: Ցեղասպանությունը շարունակվում է, այն ժամանակ կարմիր ջենոսայդ են մեզ արել, հիմա՝ սպիտակ: Ժամանակին թուրքերը բոլշեւիկների հետ գործակցելով՝ պահանջեցին Նախիջեւանը, Ղարաբաղը, նրանք մասոններից ազդված լինելով՝ մեզ պատճառ են համարում պան-թյուրքական կայսրությունը ոտքի կանգնեցնելու ճանապարհին»:

Տիկին Արշալույսը նշեց, թե որդին իր գիտական թեզում փաստել է, որ Ռուսաստանը Ղարաբաղը եւ Նախիջեւանը Ադրբեջանին հանձնելու իրավունք չուներ, քանի որ Սահմանադրության մեջ նման հոդված չկար, ինչը մեզ իրավունք չի տալիս ուրիշի հողերը ուրիշին նվիրել:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ հարկ է մեր խնդիրը օտար երկրում գրագետ ներկայացնել, տվյալ ժողովրդի հոգեբանությանը եւ սովորություններին հարիր: «Ես 50 տարի է՝ Ավստրիայում եմ ապրում, ավստրիացի ամուսին ունեմ՝ Էրվին Այզենբաուերը, որը հայացած է եւ հայերեն է խոսում, բայց ցեղասպանության մասին չեմ կարող այնպես խոսել, ինչպես որդիս՝ Հայկ Այզենբաուերը: Երբ նա հայ համայնքի նախագահն էր, ապրիլի 24-ին հրավիրում էր ավստրիացի կառավարության անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների, Եղեռնի մասին ֆիլմ ցուցադրում: Մի անգամ էլ այդ ամենից հետո կանգնեց ոտքի եւ մաքուր գերմաներենով ասաց, որ անհարմար է՝ Ավստրիան մինչ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե ես ասած լինեի, ավստրիացին կասեր՝ դու ո՞վ ես: Մինչդեռ ինքը Այզենբաուեր է, գերմաներեն իրենցից լավ է խոսում: Ես տեսա, թե ինչպես ծափահարեցին ավստրիացիները եւ հետո շրջապատեցին իրեն: Եվ այդպես ամեն տարի: Նա Գերմանիայում պատրաստված, գերմաներենով «Աղետ» ֆիլմը ամեն տարի ուղարկում է դիվանագետներին, պառլամենտի անդամներին: Գերմանացի հայտնի մարդիկ այնտեղ խոսում են ցեղասպանության մասին, հա՛յը չի խոսում, իրե՛նց շուրթերից է հնչում: Հայկական համայնքի նոր նախագահն էլ է դա անում, եւ արդեն այս ակցիան մեծ արձագանք է տվել Ավստրիայում եւ Գերմանիայում»:

Արշալույս Ճգնավորյան-Այզենբաուերը կարծում է, որ չպետք է շեշտադրել, թե 1915 թվականին 1,5 մլն զոհ ենք ունեցել. «Մեր ջարդերը սկսվել են 1850-ականներից: Եթե ուզում ենք Հայոց եղեռնի հարյուրամյակը նշել, պիտի շեշտենք, որ այն ավելի վաղ է եղել: Ի դեպ, թուրքերը որոշել են 2015 թվականին ինչ-որ հաղթանակ տոնել, որպեսզի ստվերեն մեր հարյուրամյակի միջոցառումները: Անգամ ուզում են տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին հրավիրեն: Եթե խելացի լինենք, 2015-ին աշխարհին կներկայանանք մեր ինտելեկտով, ցույց կտանք թուրքերին, որ մեզ չեն ջարդել, հարյուրամյակը մեծ շուքով կնշենք 2016-ին»:

Տիկին Արշալույսը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի իր լուծումն է առաջարկում: Ասում է՝ խնդիրը զգացմունքների դաշտից պետք է տեղափոխել ողջամտության դաշտ, ու Ցեղասպանության մասին բարձրաձայնել օտարների միջոցով. «Թող Երեւանում մի հրապարակ կառուցվի, որտեղ կներկայացվեն այն բոլոր օտարերկրացիները, որոնք խոսել են Ցեղասպանության մասին: Թող փողոցներ անվանակոչվեն, օրինակ, գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական Յոհաննես Լեփսիուսի, գենոցիդ եզրույթը շրջանառության մեջ դրած Ռաֆայել Լեմկինի, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդո Վիլսոնի, Հայոց ցեղասպանությունը դատապարտած Հենրի Մորգենթաուի անուններով: Ընդ որում, լավ կլինի, որ ԱՄՆ-ի կառավարությունից հրավիրեն Վիլսոնի փողոցը բացելու, Գերմանիան Լեփսիուսի փողոցը բացի, նույնիսկ Մերկելը կգա, պրոտեստանտ կին է: Թող Իսրայելից հրավիրեն Լեմիկինի փողոցը բացելու, այ դա ապտակ կլինի Թուրքիային ու Ցեղասպանությունը ժխտողներին ու Ցեղասպանության մասին բարձրաձայնելու լավ տարբերակ: Կամ 1913-14 թթ. Կաթոլիկ եկեղեցին քանիցս Օսմանյան կառավարությանը նամակ է հղել, որ հանգիստ թողնի հայերին: Գուցե պարզեն, թե ո՞վ է եղել այն ժամանակ պապը, եւ Հռոմի պապին հրավիրեն նման մի փողոց բացելու: Թե չէ մեր ասելը, որ մեզ ջարդել են, քիչ է»:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թուրքերի դեմ բազմաթիվ դատեր կան, եւ լավ կլինի վարձել հայտնի հրեա փաստաբանների՝ այնտեղ մեր դատը ներկայացնելու համար. «Արժե, որ բոլոր հայերը համախմբվեն, մի հիմնադրամ ստեղծվի, ամեն հայ որոշակի ներդրում ունենա, եւ այդ ճանաչված ոչ հայ փաստաբանները ներկայացնեն Ցեղասպանության հարցը: Եթե համաշխարհային փաստաբաններով համապատասխան դոսիեն պատրաստենք, թուրքը հաստատ կնստի բանակցությունների սեղանի շուրջ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031