Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվում է նոր հանրային հեռուստաընկերություն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2013 13:40

0359

r_03 R-04 R-05Այսօր «Կոնգրես» հյուրանոցում նախաձեռնող խմբի կողմից ներկայացվեց Հայաստանի իսկական հանրային հեռուստաընկերության հայեցակարգի նախագիծը, իրավակազմակերպչական տեսակը, տեխնիկական լուծումները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրներն ու եղանակները, բովանդակության մասին պատկերացումները:

Նախաձեռնողը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն է: 

Լեւոն Բարսեղյանը նշեց, որ քննարկումը օնլայն հեռարձակվում է ու կատակեց. «Հսկող մարմինների գործը հեշտացնում ենք»: Նաեւ հավելեց. «Սա իսկապես բաց, հանրային նախաձեռնություն է, հին գաղափար է, որը տարիներ շարունակ փայփայել ենք եւ ինչ-որ պահի, որոշել միս ու արյուն տալ եւ հասկանալ հանրությունը պաշտպանո՞ւմ է արդյոք իսկական հանրային հեռուստաընկերության գաղափարը»: Ըստ «Ասպարեզի» խորհրդի նախագահի. «Հանրային ակտիվ մասնակցությամբ կկարողանանք պատկերացնել այն, թե ինչ ենք ուզում: Գաղափարը նոր չէ եւ հենվում է այս ոլորտում Հայաստանի պատմության վերջին 15-18 տարվա փորձառություն ունեցող մարդկանց ու մասնագետների մտահղացումների, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության Ժողովրդական հեռուստատեսության գաղափարի, իսկական հանրային բովանդակությամբ հեռուստաարտադրության կարիքի մասին մի քանի տասնյակ մասնագետների արտահայտած մտահոգությունների վրա: Մասնագետները խնդիրը մշտապես տեսել են, որ ներկայումս ունենք անունով ընդամենը հանրային հեռուստաընկերություն, որը չի սպասարկում հանրության շահերը»: 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով. «Երբ Լեւոնը իր գաղափարը Ֆեյսբուքում արտահայտեց, շատերը ողջունեցին, հետո ավելի փոքր խմբերով քննարկումներ եղան, հիմա կրկին ընդլայնվել են քննարկումները, եւ ինչքան շատ առաջարկություն եւ քննադատություն, այնքան ավելի լուրջ բազայով կկարողանանք ամեն ինչ սկսել: Մենք մեր պրակտիկ պատկերացումները փորձում ենք կյանքի կոչել ու ցույց տալ թե ինչպիսին պետք է լինի հանրային հեռուստաընկերությունը: Փորձը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում գործող հանրային կոչվող հեռուստաընկերությունը կարող է կադրեր, ղեկավարներ փոխել, գուցե մի քիչ ճաշակ մտցնել, բայց բովանդակային իմաստով այդպես էլ հանրային չդառնալ, հեռանկարներ էլ չեմ տեսնում»: 

Ա1 պլյուսի սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանն էլ նշեց. «Հարց հնչեց՝ պե՞տք է արդյոք հանրային հեռուստաընկերություն: Պատասխանը հետեւյալն է՝իհարկե պետք է: Երբ մեր նախաձեռնությամբ ժամանակին հայտարարվեց ժողովրդական հեռուստատեսության ստեղծման մասին, դա փորձ էր հասկանալ՝ ժողովուրդը կարիք ունի՞ ունենալ իր ալիքը, որտեղ կհագեցնի իր պահանջմունքները: Պրակտիկան ցույց տվեց, որ այդ պահանջը կա, դրա համար անդրադառնում ենք նույն գաղափարին…Ամեն ինչ մեր ձեռքում է, ժողովրդի կամքի դրսեւորմամբ»:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը այլ կերպ ձեւակերպեց հարցը «Իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին հեռուստատեսություն, որովհետեւ իբրեւ տեղեկատվության աղբյուր հեռուստատեսություն չունենք»: Նա օրինակներ բերեց ոմանց իբր լավատեսության, թե հեռուստատեսությունը արդեն փոխվել է, բարելավվել. «Իրականում մենք ունենք յոթանասունական թվերի հեռուստատեսություն: Իրականում վերջին օրերի զարգացումների արդյունքում տեսանք, որ անունով Հանրայինը ոչ միայն հանրային չէ, այլեւ Հայաստանինը չէ: Լեւոն Բարսեղյանի նախաձեռնությունը միակ տարբերակն է իսկապես հանրային հեռուստատեսություն ունենալու» Լեւոն Բարսեղյանի ձեւակերպմամբ, ժամանակը ցույց տվեց, որ անգամ սրընթաց զարգացող համացանցային մեդիան եւ սոցիալական ցանցերը չեն կարող փոխարինել իսկական հանրային հեռուստատեսությանը:

Վարգես Գասպարին հետաքրքրվեց լիցենզավորման ժամանակ հնարավոր խոչընդոտներով: Մեկնաբանվեց, որ ինտերնետով հեռարձակման համար լիցենզիա չկա, իսկ իրավական տեսանկյունից կան ինչ-ինչ խոչընդոտներ:

ԶԼՄ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ասաց, որ պարզ լիցենզավորման պարագայում մերժելու հիմք չկա, որ կարելի է զբաղվել հեռուստառադիոհեռարձակման համար:
Նշենք, որ ծնվելիք հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է ապահովել իսկական բազմակարծություն, տեղեկությունների եւ տեսակետների ազատություն: Նախատեսված է, որ արբանյակային հեռուստահաղորդումները տարածվեն ամբողջ Հայաստանում, սփյուռքում, համացանցում, իսկ կաբելային հեռարձակողների եւ Հայաստանի վերգետնյա` սովորական եղանակով հեռարձակող ընկերությունների ցանկության դեպքում, նաեւ` այդ ալիքներով:

Հարցին՝ ՀՌԱՀ-ից որեւէ արձագանք կա՞, Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «ՀՌԱՀ-ին քննադատող զեկույցներ ենք հրապարակում, արձագանք չենք ստանում, ու մնաց այս մասին արձագանք լինի, մի աղջիկ ընդամենը Ֆեյսբուքում գրել էր, թե նախընտրում է հանրայինը, քան ձեր ստեղծած եվրոպամետ հանրայինը: Ընդամենը սա էր: Ուրիշ արձագանք չի եղել» «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը հետաքրքրվեց հաշվարկված բյուջեով, հեռուստաընկերության անունով եւ ասաց, որ այդ առումով առաջարկ ունի. «Մենք պետք է վախենանք չտեսնված ուժեղ ժամանցային հեռուստաընկերությունից, որը վտանգավոր է»,-ասաց նա: Լեւոն Բարսեղյանն ասաց, որ բյուջեի մինիմումը մեկ տարվա համար առնվազն $850000 է, ինչ վերաբերում է անվանմանը, դեռ չեն մտածել:
Մեսրոպ Մովսեսյանը ավելի մանրամասնեց բովանդակության եւ հաշվարկի հարցը. «Շոու-բիզնեսը, որ ուզում են մտցնել մեր ուղեղի մեջ, այդ հզորությունները մենք չունենք, հետո շոու-բիզնես գնացող հեռուստատեսությունները շատ շուտով վախճանի կգնան…Իմպորտ արած ամեն ինչը հոգնեցնում է: Արդեն մտնում են անկողինները՝ Ալլա Պուգաչովան երեխա ունեցավ կամ մի ուրիշ բան»:

Ի դեպ, հեռուստաընկերությունները չէին լուսաբանում այս միջոցառումը, ներկա էր միայն Հանրային ռադիոյի լրագրողը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031