Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստիպված եմ լրջորեն մտածել իմ հետագա քաղաքական գործունեության մասին»

Հոկտեմբեր 16,2013 15:09

«Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Արթուր Ղազինյանի կարծիքով՝ Հայաստանն իր գործող Սահմանադրությամբ չունի իրավասություն միանալու ոչ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրոպական միությանը:

– Սեպտեմբերի 3-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությամբ ՀՀ-ն որոշում կայացրեց միանալ ՌԴ կողմից ստեղծված Մաքսային միությանը: Ի՞նչ հետեւանք առաջացրեց այս որոշումը, եւ ինչպիսի՞ հեռանկարներ է խոստանում այն մեր երկրին:

– Երկու նախագահների համատեղ հայտարարությունը առաջացրեց քաղաքական, իրավական եւ սոցիալ-տնտեսական հետեւանքներ, որոնցից ես կփորձեմ ներկայացնել քաղաքական եւ իրավական հետեւանքներն ու հեռանկարները՝ թողնելով սոցիալ-տնտեսական հետեւանքների ուսումնասիրությունը այդ ոլորտի մասնագետներին:

Սկսեմ քաղաքականից: Մինչեւ սեպտեմբերի 3-ը ՀՀ-ն պետական եւ հասարակական մակարդակներով ապրում եւ գործում էր մի քաղաքական օրակարգով, որի նպատակն էր հաջողությամբ ավարտել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ նախաստորագրել դրանք Վիլնյուսում կայանալիք ԱԳ գագաթնաժողովին: Մենք ինքներս ակտիվ մասնակցություն ունեինք այդ գործընթացում եւ մեծ աջակցություն էինք բերում այս ջանքերին՝ խորապես հավատալով այս ուղեգծի արդյունավետությանն ու անհրաժեշտությանը: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանին պատմական հնարավորություն էր ընձեռվել ինքնություն ընտրել իր զարգացման առաջնահերթություններն ու գերակայությունները, որից այն պետք է առավելագույնս օգտվի: Երկրորդ նման հնարավորություն կարող է այլեւս չլինել: Սեպտեմբերի 3-ից հետո այս հնարավորության իրացման ռեսուրսը զգալիորեն նվազեց, եւ մենք հայտնվեցինք ներքին եւ արտաքին քաղաքականության այլ օրակարգում: Եթե մինչեւ սեպտեմբերի 3-ը մենք պատրաստվում էինք պաշտպանել հռչակված գերակայություններն ու իրականացվող քաղաքական ուղեգիծը, ապա հիմա արդեն ստիպված ենք լինելու փոխել մեր ռազմավարությունը:

– Ձեր ասածից հետեւում է, որ նախագահ Սարգսյանի ընտրությունը արդարացված եւ հիմնավորված չէր, մինչդեռ դատելով Հայաստանի քաղաքական ուժերի արձագանքից՝ կարծես թե առկա է ներքին փոխհամաձայնություն: Ինչպե՞ս կգնահատեք այս իրողությունը:

– Քաղաքական ուժերի գնահատականների եւ արձագանքների լոյալությունը Մաքսային միությանը միանալու վերաբերյալ նախագահի որոշմանը ի ցույց է դնում ՀՀ քաղաքական համակարգի անկատարությունը եւ սնանկությունը, քաղաքական մշակույթի բացակայությունը, որոշումների ընդունման փակ համակարգը եւ հասարակությանը որոշումների ընդունման գործընթացից մեկուսացնելու քաղաքականությունը: Սա նաեւ ապացուցում է այն, որ ՀՀ Ազգային ժողովում քաղաքական ուժերի հարաբերակցությունը չի արտացոլում հասարակության ներսում առկա քաղաքական նախապատվությունները, քանզի այս որոշումը ոչ միարժեք արձագանք ստացավ քաղաքացիական հասարակության մեծ թվով կառույցների եւ հասարակության այլ շերտերի՝ գիտնականների, վերլուծաբանների, փորձագետների եւ երիտասարդության կողմից: Հատկանշական է այն փաստը, երբ մինչ սեպտեմբերի 3-ը այդ նույն իշխանական քաղաքական ուժերն ու անհատ քաղաքական գործիչները միաբերան պնդում էին, որ Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը՝ ընդհանուր սահմանի բացակայության եւ ինքնիշխանության հետ անհամատեղելիության հիմքով, իսկ մյուս կողմից՝ հայտարարում, որ Հայաստանը հաստատակամ է Վիլնյուսում ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ձեւավորել ԵՄ-ի հետ: Սեպտեմբերի 3-ից հետո այդ նույն քաղաքական ուժը սկսեց արտահայտել տրամագծորեն այլ տեսակետներ՝ արդարացնելով ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի որոշումը եւ փաստելով, որ սա մեր միակ ճանապարհն է, մենք այլ հնարավորություն չունեինք՝ հղում անելով ՀՀ անվտանգության գերակա շահի կարեւորությունը: Նույնիսկ արմատական ընդդիմություն ընկալվող ուժերը քողարկված աջակցություն ցուցաբերեցին նախագահի որոշմանը, եւ այս ամենն իրականացվեց խիստ գաղտնի եւ հապճեպ ռեժիմով՝ տալով այս որոշմանը էմոցիոնալ եւ իրավիճակային բնույթ: Վերլուծելով երկու նախագահների համատեղ հայտարարության քաղաքական հետեւանքներն ու հեռանկարները՝ կարող ենք փաստել, որ որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, կայացվել է ոչ ժողովրդավարական մեթոդներով՝ առանց հասարակության մասնակցության, ինչի արդյունքում Մաքսային միությանը միանալու ամբողջ ճանապարհը պատվեց ականներով, որոնք կարող են պայթել ցանկացած քայլափոխի:

– Դուք նշեցիք Մաքսային միությանը միանալու որոշման սուբյեկտիվ պատճառները. օբյեկտիվ պատճառներ չկա՞ն:

– Արդարության առջեւ չմեղանչելով՝ պետք է նշել այն փաստը, որ իրավիճակը, որում կայացվել է այս որոշումը, հետեւանք է անկախությունից հետո ձեւավորված այնպիսի քաղաքական վարչաձեւի, որի պայմաններում ձեւավորված օլիգոպոլ համակարգը խորը ազդեցություն ունի քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա: Սա իրականության ներքին ախտորոշումն է, մինչդեռ արտաքին ազդեցության ոլորտում նախորդ 22 տարիների ընթացքում ստեղծվել է այնպիսի իրականություն, որտեղ Ռուսաստանին են հանձնվել պետության կենսագոյության կարեւորագույն ռազմավարական նշանակության ոլորտները, որի պայմաններում Սերժ Սարգսյանի համար մեծ վտանգ էր ներկայացնում ձեւավորված իրականության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն: Նշվածը միայն հիմնավորում, բայց որեւէ կերպ չի արդարացնում աշխարհա-քաղաքական գերակայությունների շրջադարձը, որոնց շուրջ 2009թ. մայիսից հետո ձեւավորվել էր հասարակական կոնսոլիդացիա: Ես ինքս, համաձայն չլինելով քաղաքական իրականության մեծ թվով երեւույթների հետ, իմ աջակցությունն էի բերում ընտրված արտաքին քաղաքական գերակայություններին՝ հավատալով, որ դրանց իրականացման դեպքում երկրում կստեղծվեր առավել բարենպաստ իրավիճակ քաղաքական, տնտեսական, իրավական եւ սոցիալական ոլորտներում խնդիրների լուծման եւ զարգացման կայուն գործընթացի համար:

Ես փորձեցի հնարավորինս խտացված ներկայացնել այս որոշման քաղաքական հնարավոր հետեւանքներն ու հեռանկարները, մինչդեռ նշված բոլոր գործոններն ու հանգամանքները ամբողջական չեն եւ առկա են մեծ թվով այլ վտանգներ ու մարտահրավերներ:

– Իսկ ի՞նչ իրավական խնդիրներ կան:

– Ի տարբերություն քաղաքական խնդիրների՝ իրավականը շատ ավելի հստակ է ու կոնկրետ. Հայաստանը կամ իրավասու է միանալու Մաքսային միութանը, կամ ոչ: Այս գործընթացը պետք է կարգավորվի ՀՀ Սահմանադրությամբ, որը, սակայն, ինքնիշխան լիազորությունների այլ վերպետական միջազգային կազմակերպություններին փոխանցելու մեխանիզմ ու ընթացակարգ չի սահմանում: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանը ինքնիշխան եւ իրավական պետություն է, իսկ 2-րդ հոդվածը ամրագրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Ինչպես տեսնում ենք, ժողովուդն իր իշխանությունը կարող է փոխանցել միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ միջազգային վերպետական ինստիտուտների մասին որեւէ բառ անգամ չի նշվում: Այս գործընթացը կարգավորվում է ինտեգրացիոն իրավունքով, որի մասնագետները Հայաստանում դեռ շատ չեն: Համաձայն այս իրավունքի՝ միջազգային ինտեգրացիան իրականացվում է երկու մակարդակներում. միջկառավարական եւ վերպետական: Իր անկախության 22 տարիների ընթացքում Հայաստանը ոչ մի վերպետական միջազգային կազմակերպության չի անդամակցել եւ ինքնիշխան լիազորություններ չի փոխանցել, իսկ Մաքսային միության պարագայում տեղի է ունենում ինքնիշխանության սահմանափակում՝ թեկուզ սահմանափակ ոլորտներում, եւ դրանց փոխանցում Մաքսային միության հանձնաժողովին, որը պետք է Հայաստանի պետական մարմինների փոխարեն սահմանի մաքսատուրքեր եւ մաքսավճարներ: Սա դասական ինքնիշխանության սահմանափակում է, որը տեղի է ունեցել ԵՄ շրջանակներում: Բոլոր ԵՄ անդամ պետությունները, միանալով ԵՄ-ին, սահմանափակում են իրենց ինքնիշխանությունը եւ ինքնիշխան լիազորությունները փոխանցում վերպետական ինստիտուտներին: Այդ իսկ պատճառով մինչ լիարժեք անդամակցումը՝ այդ պետությունները փոփոխություններ են կատարում իրենց սահմանադրություններում եւ համապատասխանեցնում ներքին օրենսդրությունը ԵՄ իրավունքին: Ասվածից հետեւում է, որ Հայաստանն իր գործող Սահմանադրությամբ չունի իրավասություն միանալու ոչ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրոպական միությանը:

– Այժմ սահմանադրական փոփոխությունների գործընթացներ են ընթանում. չե՞ք կարծում, որ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո այս խոչընդոտը կվերանա:

– Ոչ, չեմ կարծում: ՀՀ Սահմանադրության 114-րդ հոդվածը արգելում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածներում: Այսինքն՝ եթե Հայաստանին պետք լինի միանալ Եվրոպական միությանը կամ Մաքսային միությանը, պետք է ընդունել նոր Սահմանադրություն, իսկ դա նույնն է, թե հռչակել Հայաստանի Չորրորդ հանրապետություն, իսկ դրա համար պետք են լրջագույն նախադրյալներ եւ հիմնավորումներ, որոնք այս պահին գոյություն չունեն:

Հաջորդ խնդիրը, որի մասին կցանկանայի խոսել՝ բացի իրավականից, ունի նաեւ քաղաքական նշանակություն: Մասնավորապես, երկու նախագահների հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը որոշում է կայացրել միանալ Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական միության հիմնադրման գործընթացին: Ես երկար փորձեցի գտնել այդ որոշումը, բայց չգտա, քանի որ այդ հարցով որեւէ հանրաքվե Հայաստանում չի անցկացվել, հանրային քննարկումներ չեն ծավալվել, եւ որեւէ իրավական հիմք նման որոշման համար գոյություն չունի: Միգուցե կան քաղաքական հիմքեր, սակայն դրանք այնքան թույլ են, որ չարժե նույնիսկ ժամանակ եւ էներգիա ծախսել դրանք վերլուծելու համար:

– Բավական հանգամանալից ներկայացրեցիք այն խնդիրների ամբողջությունը, որոնք համակցության մեջ լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության ու անվտանգության համար: Ունի՞ արդյոք Հայաստանը ռեսուրս՝ դիմակայելու այս մարտահրավերներին:

– Դուք իրավացի եք ձեր գնահատականում, որ դրանք իրականում լրջագույն մարտահրավերներ են դինամիկ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության մեջ: Անկեղծ ասեմ՝ ոչ, չունենք: Սակայն դա չի նշանակում, որ չենք կարող ունենալ: Ռեսուրս ասելով ես հասկանում եմ քաղաքական, հասարակական եւ տնտեսական ռեսուրս, որոնց հիմքում ընկած է մարդկային ռեսուրսը: Առաջին երեքը մենք այս պահին չունենք, բայց մարդկային ռեսուրս Հայաստանն ունի: Խնդիր է դրված համախմբել այդ ռեսուրսը՝ հանուն մեր անկախության, ինքնիշխանության եւ անվտանգության, որը, սակայն, հաշվի առնելով Հայաստանի սոցիալական առանձնահատկություններն ու վերջին 22 տարիների ընթացքում այդ ռեսուրսի նկատմամբ ցուցաբերած անխնա վերաբերմունքը՝ հեշտությամբ մեզ չի տրվելու:

– Դուք զգո՞ւմ եք Ձեր պատասխանատվությունը այս հարցում եւ պատրաստվո՞ւմ եք ուղղակիորեն ներգրավվել այս գործընթացին:

– Ես ամեն օր եմ զգում այդ պատասխանատվությունը եւ արդեն 12 տարի է, ինչ ներգրավված եմ այս գործընթացին, բայց իմ մասնագիտական՝ կրթական եւ ակադեմիական ոլորտում: Սակայն վերջին իրադարձությունները ինձ ստիպեցին վերաիմաստավորել իմ սոցիալական պատասխանատվության շրջանակները եւ լրջորեն մտածել հետագա արդեն քաղաքական գործունեության մասին: Հատկապես, որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031