«Ժամանակն է, որ անցկացվի Գոհար Գասպարյանի անվան միջազգային մրցույթ»

«Ժամանակն է, որ անցկացվի Գոհար Գասպարյանի անվան միջազգային մրցույթ»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցի դիտարկումները

Վերջերս Վլադիկավկազում կայացած  աշխարհահռչակ օպերային բարիտոն Պավել Լիսիցյանի անվան երիտասարդ օպերային երգիչների երկրորդ միջազգային մրցույթից Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ  Գուրգեն Բավեյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս) եւ Արման Նիկոլյանը (տենոր) վերադարձան դափնիներ շահած: Սա հայկական վոկալ դպրոցի հերթական եւ սպասված հաղթանակն էր: Այսուհանդերձ, որոշ մասնագետներ եւ օպերային արվեստի երկրպագուներ թերահավատորեն են վերաբերվում մերօրյա իսկապես սնկի պես աճած միջազգային մրցույթներին:

Աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի քրոջ՝ դաշնակահար Լարիսա Գերգիեւայի նախաձեռնությամբ Պավել Լիսիցյանի ծննդավայրում՝ Վլադիկավկազում անցկացված երկրորդ մրցույթն է սա: Առաջինը կայացել է 2006թ., որտեղ երկրորդ մրցանակի էր արժանացել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող (պրոֆեսոր  Ռաֆայել Հակոբյանցի դասարան), այժմ Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի մեներգիչ Արսեն Սողոմոնյանը (բարիտոն): Ի դեպ, Արսենն այսօր հրավիրյալ մեներգիչ է նաեւ Մեծ թատրոնում: Լիսիցյանների ընտանիքը Մոսկվայում 2008թ. անցկացրեց բարիտոնների միջազգային մրցույթ, որտեղ ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը դարձավ դափնեկիր:

«Առավոտի» հետ զրույցում դասական դարձած միջազգային մրցույթների կողքին «նորելուկների» մասին Ռաֆայել Հակոբյանցը (լուսանկարում), ով  խորհրդային տարիներին ընդգրկված է եղել Չայկովսկու, Գլինկայի անվան եւ այլ հանրահայտ մրցույթների կազմկոմիտեներում՝ համագործակցելով մեծանուն Իրինա Արխիպովայի, Զարա Դոլուխանյանի, Մարիա Բիեշուի, Պավել Լիսիցյանի եւ մյուս հռչակավոր երգիչների հետ, ասաց, որ ցանկացած մրցույթ որոշակի նպատակ է հետապնդում եւ դրանց միջեւ համեմատականներ անցկացնելը ճիշտ չէ: «Յուրաքանչյուր, նույնիսկ հիանալի վոկալ տվյալներով օժտված երգիչ, եթե չունի ամուր նյարդեր, իրեն չի կարող դրսեւորել մրցույթներում: Մրցույթի մասնակցից պահանջվում է ամբողջական կոմպլեքս. ձայնի կառավարում, վարպետություն, բեմական կեցվածք, ժյուրիին գերելու կարողություն եւ այլն: Իսկ մրցույթներն անհրաժեշտ են ցանկացած երաժշտի համար, մանավանդ՝ կարիերայի սկզբում»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Պարոն Հակոբյանը նշեց նաեւ, որ վերջին շրջանում անցկացվում են  այսպես կոչված՝ փակ մրցույթներ: Այս առիթով մեր հարցապնդմանը պարոն Հակոբյանցը օրինակ բերեց վերջերս Երեւանում տեղի ունեցածը. «Հանրահայտ բաս Դմիտրի Խվորոստովսկու երեւանյան համերգին ներկա էր նաեւ նրա՝ բրիտանացի ճանաչված իմպրեսարիո Մարկ  Խիդրյուն, ում հետ ժամանակին համագործակցել են մեր օպերային աստղերը՝ Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը եւ այլն: Իմպրեսարիոն մեր երգիչների շրջանում անցկացրեց լսումներ: Ի դեպ, Կիեւից հայրենիք էր եկել Ուկրաինայի վաստակավոր արտիստ, Շեւչենկոյի անվան ազգային օպերային թատրոնի մեներգիչ Գարի Սեթյանը: Ավելին ասել չեմ կարող…»:

Ռաֆայել Հակոբյանցը փաստելով, որ Երեւանի կոնսերվատորիայի եւ նախարարության հետ համատեղ անցկացնում են  օպերային արվեստի երախտավորներ Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Պավել Լիսիցյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթներ, այնուամենայնիվ ցավով նշեց, որ, իր խոսքերով՝ մեծանուն Զարուհի Դոլուխանյանի անվան մրցույթ անցկացվում է միայն Կալինինգրադում: Լրացան Նար Հովհաննիսյանի, Ավագ Պետրոսյանի  հարյուրամյակները, նրանց անունը ոչ մի ձեւով չի հավերժացվում: «Ավելին, իմ խորին համոզմամբ՝ ժամանակն է, որ Հայաստանում անցկացվի Գոհար Գասպարյանի անվան միջազգային մրցույթ: Տխուր է, նաեւ՝ ամոթ, որ Երեւանում չկա հատկապես այս երգչուհու  թանգարանը, նրա անունով փողոց եւ այլն: Կա ընդամենը մի հուշատախտակ կոնսերվատորիայի այն դասարանին, որտեղ պարապել է աշխարհահռչակ երգչուհին»,- հայտնեց պարոն Հակոբյանցը: Առանց մանրամասնելու էլ տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս մեզ մոտ կանցկացվի «Նավասարդ»  մասշտաբային փառատոն-մրցույթը, որի նախագահն է Բարսեղ Թումանյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք