Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը

Հոկտեմբեր 29,2013 17:46

2013թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը: 
Նա նաև խոսեց այն փոփոխությունների, նորամուծությունների մասին, որոնցով կտարբերվի այս տարվա փառատոնը նախորդ տարիներին անցկացվածներից. «Փոփոխության է ենթարկվել մանկապատանեկան ժյուրիի ձևաչափը, որտեղ այս տարի աշխատելու և փառատոնի անմիջական մասնակիցն են դառնալու Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Թեղուտ և Շահումյան համայնքների երեխաները, Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության սաները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի և «Երևակ» կրթահամալիրի աշակերտները»,- ասաց Ն. Մանուկյանը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովան էլ հայտնեց, որ ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը` համալրվելով Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ստեղծված երեք նոր անվանակարգերով` «Պատիվ ունեմ», «Սպորտն իմ ընտրությունն է» և «Երաժշտական ֆիլմեր»: Խոսելով նոր անվանակարգերի մասին` նա մասնավորապես ասաց. «Պատիվ ունեմ»-ը հայրենասիրական ֆիլմերի անվանակարգ է, որն ստեղծվել է` կինոյի միջոցով նպաստելու զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Փառատոնային լավագույն ֆիլմերը գալիք տարվա ընթացքում կցուցադրվեն հանրապետության բոլոր մարզերում տեղակայված զորամասերում:
«Սպորտն իմ ընտրությունն է» սպորտային ֆիլմերի անվանակարգ է, որն ստեղծվել է` կինոյի միջոցով խթանելու մասսայական սպորտի դերն ու նշանակությունը հայ երեխաների և երիտասարդության շրջանում, շեշտելու սպորտի և առողջ ապրելակերպի անհրաժեշտությունը:
Իսկ «Երաժշտական ֆիլմեր» անվանակարգն ստեղծվել է, որովհետև վերջին տարիներին երաժշտական ֆիլմեր շատ հազվադեպ են նկարահանվում, մինչդեռ, կարծում եմ, դրանց անհրաժեշտությունը կա»:
Նշենք, որ փառատոնի ծրագրում ընդգրկվել է 113 ֆիլմ 34 երկրներից:
Նունե Մանուկյանի փոխանցմամբ` Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, կինոդիտումներ, պրեմիերաներ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում, ցուցահանդեսներ, ինչպես նաև մշակութային, կրթական ու սոցիալական մի շարք ծրագրեր:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031