Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատային զուգահեռներ

Նոյեմբեր 02,2013 13:49

Ինձ թվում է՝ լավ է, որ մենք շախմատային տերություն ենք, որ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի սանդղակով երկրորդն է, որ մեր հավաքականը շախմատային օլիմպիադաներում փայլուն է հանդես գալիս: Հրաշալի է, որ մեր առաջին նախագահն իր վերլուծություններում շախմատային զուգահեռներ է անցկացնում: Պատկերացնո՞ւմ եք, մեզ մոտ զարգացած լինեին ամերիկյան ֆուտբոլը, բեյսբոլը կամ գոլֆը: Քաղաքական տեքստի համար չափազանց անհարմար սպորտաձեւեր են:

Չնայած շատերը փնթփնթում են, բայց կարծում եմ՝ լավ է նաեւ, որ դպրոցում շախմատ են սովորում: Փոքր աղջիկս  ամեն անգամ դպրոցից գալուց հետաքրքիր բաներ է պատմում: Պարզվում է՝ նավակը 5 միավոր է, փիղն ու ձին՝ 3-ական, թագուհին՝ 9, զինվորը՝ 1: Իսկ թագավո՞րը:  Թագավորը, ըստ աղջկաս, ոչ մի միավոր էլ չունի: Եկեք դա հիշենք եւ անցնենք առաջ:

Հայաստանում ընտրությունների ժամանակ կողմերը կարծես թե նստում են շախմատ խաղալու, բայց խաղացողներից մեկը գողանում է մրցակցի ֆիգուրները, իսկ սեփական խաղաքարերը շարժում է ոչ այնպես, ինչպես նախատեսված է խաղի կանոններով: Այդպես էր ամեն անգամ՝ սկսած 95 թվականից: Բացառություն է կազմում 2008 թվականը, երբ խաղացողներից մեկը չբավարարվեց ֆիգուրներ գողանալով եւ «սխալ» քայլեր անելով, այլ պարզապես վերցրեց շախմատի տախտակը եւ խփեց մրցակցի գլխին: Դա արդեն շախմատ չեղավ:

Դառնալով խաղաքարերի արժեքին: Թագավորով, ինչպես տեսաք, խաղը չի պայմանավորվում, եթե նույնիսկ նա 1 կամ 2 միավոր ունի: Ոմանք ասում են՝ եկեք թագավորին սարքենք փայտից, պլաստմասսայից կամ փղոսկրից, կամ եկեք նրա թագի նախշերը փոխենք, եւ ամեն ինչ լավ կլինի: Բայց հայտնի է, որ կան շատ ավելի ուժեղ ֆիգուրներ:  Սակայն դրանք էլ ոչինչ չեն որոշում: Որոշում են, բնականաբար, խաղացողները:

Ովքե՞ր են խաղացողները: Նոր բան չեմ ասի՝ խաղացողները մենք ենք՝ տվյալ «թագավորության» բնակիչներս (ոչ թե դրսի «մութ» կամ «պայծառ» ուժերը, ինչպես շատերն են կարծում): Անկախ նրանից՝ ակտիվ ենք, թե պասիվ, զարգացած ենք, թե տգետ, մենք ենք իրականում շարժում այդ ֆիգուրները: Եվ այստեղ շախմատային զուգահեռներից անցնենք համակարգչային համեմատությանը, որն առաջարկել է աֆրիկացի մի սոցիոլոգ: Իհարկե, նա նկատի ուներ իր հայրենիքը, բայց նրա անցկացրած զուգահեռը կիրառելի է նաեւ մեր տիպի երկրների հանդեպ:

Ըստ այդմ, մեր պետական կառուցվածքում մենք ունենք ժողովրդական hardware` խորհրդարան, կուսակցություններ, դատարաններ, ընտրություններ եւ այլն, բայց ավտորիտար software` իրական հասարակական հարաբերություններ՝ հիմնված իշխելու եւ ենթարկվելու հոգեբանական, սոցիալական կարծրատիպի վրա: Ժողովրդական software-ի ստեղծումը բարդ գործ է, որը պահանջում է համբերություն եւ ամենօրյա աշխատանք: Դարձյալ նորություն չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    XX դարի սկզբի հայտնի մի շախմատիստ ասել է. «միջնախաղում արքան ավելորդ է, մինչդեռ վերջնախաղում այն դառնում է աստղ»: Զարգացած երկրները գտնվում են իրենց միջնախաղում, իսկ կոռումպացված երկրները` վերջնախաղում:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Ճիշտն ասած՝ եկել էի համոզման, որ ՛՛քոմենթ՛՛ գրելը անշնորհակալ և հատկապես անիմաստ գործ է, քանի որ նրանց, ում ուղղված է դրանում պարունակած ուղղերձը, ըստ էության գտնվում են խաղից դուրս վիճակում, խոսքն, իհարկե, ազատ քաղաքացիներին է մասին է, բայց, քանի որ թեման համեմված էր շախմատով, որոշեցի այս անգամ անդրադառնալ:
    Սկսեմ տեխնիկական մասի վերլուծությունից. Շախմատում Արքան ունի 3 միավորին համարժեք ուժ, քանի որ, ի տարբերություն զինվորի, կարող է քայլ կատարել բոլոր հնարավոր 8 ուղղություններով, ավելին, այդ նույն ուղղություններով կարող է նաև հարվածել հակառակորդին, սակայն, ընդհանրապես, ընդունված չէ Արքան ներկայացնել իր համարժեքության ուժով, քանի որ Նրա զրոյանալու դեպքում զրոյանում են նաև մյուս բոլոր ֆիգուրներն ու զինվորները: Այդ և մնացած բոլոր ՛՛իրավահարաբերությունները՛՛ բխում են խաղի կանոններից և ճշգրտորեն վերահսկվում են բոլոր նրանց կողմից, ովքեր ընդունում են այդ կանոնները:
    Հիմա պատկերացնենք մի շախմատային խաղ, որտեղ Արքաներից մեկը, կամ հնարավոր է երկուսն էլ, հակառակորդին հարվածելուց զատ, ավելի մեծ հաջողությամբ և ջանադրությամբ հարվածում են սեփական ֆիգուրներին ու զինվորներին, սակայն գտնվում են դհոլամիտ ու անպայման շահագրգռություն ունեցեղ վերահսկողներ, որ պնդում են, թե դա իմաստուն խաղի կողմնակի հետևանքներից է, և թե այդպես եկել է, այդպես էլ հավանաբար պիտի գնա…
    Հիմա անդրադառնամ hardware – ին, software-ին որպես էլեկտրոնիկայի մասնագետ և քաղաքացի.
    hardware- համակարգիչ, software – ծրագիր, որով աշխատում է այդ համակարգիչը:
    Առաջինն ըստ իս՝ մեր 30 հազար ք.կմ-անոց կենսատարածքն ու նրա վրա գտնվող ու դեռևս ապրող մարդիկ են, իսկ երկրորդը՝ Սահմանադրությունը, համաձայն որի այդ մարդիկ պետք է արարեն հավելյալ արդյունք՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ, համանման այն համակարգչին, որն իրականացնելով ծրագրով իրեն ընձեռված հնարավորությունները, պետք է 5-րդ տարում արտածի իր հետագա զարգացման համար այնքան անհրաժեշտ exe. ֆայլը, Սակայն հենց այդ պահին մոտենում է օպրատորը, սեղմում ռեստարտ կոճակը և մոնիտորի վրա խզբզում. ԷՍ ԷԼ ՁԵԶ ԵՂՔԶԵ ՖԱՀԼԸ…
    (Շարունակությունը, կամ ավելի ճիշտ կրկնությունը՝ 5 տարի հետո, իսկ Ձեզ՝ ցանկանում եմ համբերություն և ամենօրյա բեղմնավոր աշխատանք)

    • Galust Yenokyan says:

      Իհարկե ես համաձայն եմ եվ հարգելի հոդվածագրի եվ հարգելի Մարգարի հետ , միայն թե կուզէի մի փոքր ավելացնել որ իմ կարծիքով ամենակարեվոր հարցը որ մեր Նոր Հանրապետության ակունքին կանգնած այրերը պիտի իրականացնեին ոչ թե նոր Սամանադրությունն էր, այլ այն որ փորձեին փոխել նախկին կարգերից ժառանգած համակարգչի- hardware ի ծրագիր-software մեր մտածողության մեջ, որը մենք բոլորս ժառանգել էինք աբսուրդ Խորհրդային կարգերից: Ինձ թվում է որ առաջին Նախագահ Թագավորի մեծագույն ծառայությունը կլիներ այն որ աշխատէր հենց այդ ուղղությամբ որ փոխեր եվ իր եվ իրեն վստահված ժողովրդի գլխի softwar ը , այն ինչ որ իմ կարծիքով հաջողվեց իրականացնել վրացիների խաղատախտակի Թագավոր Սահակաշվիլուն, կարծում եմ այս վերջին ընտրությունները դրա վկայությունն է: Մեր առաջին Նախագահը շատ շուտ հավատաց իրեն «հանճարեղության» վարկածին, իմ կարծիքով եվ դրա հետեվանքը 1996 ի ընտրություններն էին…Ցավալի է բայց ջաստ է որ մեր Հայրենիքի այսօրվա վիճակի պատասխանատուները մենք բոլորս ենք եվ Հայրենիքում եվ Հայրենիքը լքած հայրենակիցներս, որ չկարողացանք իրական ճակատամարտ տալ Խորհրդային երկրից մնացած հարմարվողականությանը,քաղքենի կաշառակեր պաշտոնավորներին, ռաբիզ ցեխավիկներին…Իհարկե 1996 ին հանդուրժելը պատճառ դարձավ եվ Հոկտեմբերի27. ին եվ Մարտի 1 ին, եվ հաջորդ անիմաստ ընտրություններին…

  3. Լևոն Մելքումյան says:

    Իսկ ինձ այնպես է թվում, որ մեր խաղատախտակի վրա բոլոր ֆիգուրները զինվորներ են, այսինքն՝ (пешки) պեշկաներ:

  4. Լևոն Մելքումյան says:

    Ուզում եմ ավելացնել․ Շարմազանովից, օրինակ, пешка էլ դուրս չի գա:

  5. Լավատես says:

    Մի գիտնական դասախոսություն է կարդում, ընդմիջմանը մոտենում են ընկերները, շնորհավորում եւ հարցնում՝ ո՞րն է դասախոսության հաջողության գրավականը, նա պատասխանում է՝ դահլիճում փնտրում եմ ամենախոժոռ դեմքը եւ բացատրում այնքան, մինչեւ դեմքը պայծառանում է։ Այդ պահին մոտենում է հաստատության ղեկավարը, նույնպես շնորհավորում եւ հարցնում՝ բայց ինչո՞ւ էիք ամեն րոպե ինձ նայում։
    Եթե ուսուցիչը կարողացավ հասկացնել դասը ամենաթույլ աշակերտին, մյուսները կհասկանան։
    Մենք բոլորս պետք է ենթարկվենք մեր թագավորին, նա պետք է լինի ամենապաշտպանվածը, ազգի խելքն ու հարստությունը եւ ուժը պետք է ծառայի թագավորին, մենակ մի պայմանով՝ թագավորը պետք է լինի ազգի ամենաթույլ բոլոր առումներով քաղաքացին։ Ինչքան մեր միջից ամենաթույլը ուժեղ լինի, այնքան մենք բոլորս ուժեղ կլինենք։

    • Ruben says:

      Ես Ձեզ հետ համաձայն եմ:
      Բայց այս դաշտում դա հասկանալը անհնարին է: Մենք համոզվել ենք, որ ամենավտանգավորը «զինվորն» է, որը արհեստականորեն դառնում է թագավորուհի:

      • Լավատես says:

        Լիովին համաձայն եմ։ Մեր միջից ոչ միայն լավագույնին, այլեւ վատագույնին միաձայն ընտրել՝ դա համարյա անհնար է, որովհետեւ չկա ընտրողների աստիճանավորում՝ արժանավորներն ու անարժանները հավասար ձայնի իրավունք ունեն, իսկ սա էլ հետեւանք է գործի բացակայության, խոսքով բոլորս էլ մի մակարդակի ենք, գործ անող չկա, որ իրարից տարբերվենք։ Ես, օրինակ, լիքը խելոք բաներ կարող եմ ասել, բայց առանց գործի՝ դրանք արժեք չէն ներկայացնում։

  6. Maxim says:

    Հոդվածագիրը շատ ճիշտ ներկայացրեց երկրի իրավիճակը շախմատային մեկնաբանությամբ՝, մինչև
    2008 թ. ամենակոպիտ խախտումը, երբ կողմերից մեկը չբավարարվելով՝ քարեր գողանալով կամ սխալ քայլեր կատարելով, անցավ Հայաստանում մինչ այդ չնդունված նոր մեթոդի՝ խաղը եզրափակել
    շախմատի տախտակը խփելով դիմացի գլխին: Անչափ լավ ներկայացված է մեր օրերի և մեր ազգի,՝
    Օստապ Սուլեյման Բերտամարիյա Բենդեր Բենի բնութագիրը, որը իհարկե մեր երկրում ճանաչված է
    որպես՝ ռոբիկ, ռոբս-գոպս, Ալբանացի որսորդ՝ Տանզանյաի սավանաներում, և այլն այլն:
    Հոդվածի երկրորդ մասը խոսում է հենց՝ գաղճ մթնոլորտի մասին: Սակայն այն ոչ թե երևույթ է, այլ
    կոնկրետ անձ, որը ձևավորել է իր հանցագործության անիվը, և այդտեղից որևէ մեկին հեռացնելը,
    կնշանակի նրա ողջ փլուզումը, սակայն կարծում եմ որ այն տեղի է ունենալու մինչև գարուն:
    Իսկ հոդվածը ինձ շատ դուր եկավ, այն իրականում կարելի է ներկայացնել, որպես փոքրիկ՝
    տրագի-կոմեդիա:

  7. Ռուզան Սահակյան says:

    Իսկ ես կարծում եմ, որ Պ. Աբրահամյանը մեզ շատ մեծ դեր է տվել՝ համարելով շախմատ խաղացողներ: Մի պահ հավատացի, թե ինձանից կախված՝ ինչ-որ բան կարող է փոխվել այս երկրում: Եթե ՛ ՛մենք՛՛-ը ժողովուրդն է, ուրեմն մենք ընդամենը դիտորդներ ենք, որ միջամտելու իրավունք չունենք ՛՛Հայաստան՛՛ կոչված այս խաղին. մեզ պարզապես դուրս կհանեն խաղի դահլիճից, եթե փորձենք միջամտել: Բայց դահլիճից դուրս, պատերի տակ խոսելու, մեկնաբանելու, երբեմն նույնիսկ հայհոյելու հնարավորություն դեռևս ունենք: Հնարավորություն, ոչ թե իրավունք:

Պատասխանել Մարգար Մախսուդյան

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930