Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիմա Դեմիրճյան. «Հասարակությունը շատ բաներ չի իմացել, թե ինչպիսի հարվածներ է իր վրա վերցրել Կարեն Դեմիրճյանը»

Նոյեմբեր 04,2013 13:37

Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներից մեկի ժամանակ պատմում էր, թե ինչպես է ընտանիքում ընդդիմություն եղել եւ ամուսնուց խորհուրդ ստացել մտնել քաղաքականություն:

Aravot.am-ը Կարեն Դեմիրճյանի կնոջից՝ տիկին Ռիմա Դեմիրճյանից հետաքրքրվեց՝ Դո՞ւք էլ եք Ձեր տանը ընդդիմություն եղել: Նա պատասխանեց. «Ընդդիմություն չեմ եղել, բայց ընդդիմախոս որոշ դեպքերում եղել եմ: Կարեն Սերոբիչն ինքն ուրախանում էր իր հաջողություններով միայն առաջին պահերին: Հետո ինքն իրեն զգոնանում էր, որպեսզի շատ չտրվի այդ դրական ազդեցություններին եւ հանկարծ գլխապտույտ չառաջանա: Ինքը շատ զգոն մարդ էր այդ հարցերում: Ես դա գիտեի: Երբ հերթական հաջողությունից հետո շատ-շատ լավ գովեստի խոսքեր էր լսում, ես իմ կարծիքն էի հայտնում, երբեմն ստացվում էր, որ նա ստիպված էր լինում ասել՝ ես չեմ հասկանում, բոլորը գովում են, դու ինչ-որ մի բան գտնում ես էլի: Դա եղել է իմ անկեղծ կարծիքը, եւ ես համարձակ էի դա անում, որովհետեւ գիտեի՝ իրեն դա դուր էր գալիս: Նա այդպես ասում էր՝ բոլորը գոհ են, մենակ դու գոհ չես, բայց ես նրա աչքերի մեջ կարդում էի իր գոհունակությունը, որ կողքին կար մի մարդ, որ իրեն կարող էր կանգնեցնել: Ինքը շատ էր զգուշանում նման գլխապտույտներ ստանալուց:

Ես նրա մահից հետո բոլորովին ուրիշ ձեւ խոսեցի նրա մասին՝ միայն փաստերից ելնելով, իհարկե: Բայց կենդանության օրոք նման բաներ երբեք չէի անում, իմ տղաներն էլ չէին անում: Լավագույն դեպքում հումորով տանը ինչ-որ բաներ կասեին: Հումորն էր իշխում տանը: Բայց երեսին կանգնեինք ու ասեինք՝ դու արտակարգ գործ ես արել, երբեք նման բան չի եղել, իմ կողմից՝ հատկապես: Բայց իր գնալուց հետո ես ստիպված եղա դա անել, այսինքն՝ գրել ճշմարտությունը, գրել այն, ինչը հասարակությունը չգիտեր եւ այդպես էլ չէր իմանա, եթե ես չգրեի: Ինքը արտակարգ համեստ մարդ էր, չէր սիրում գլուխ գովել, միայն կատակով մի բան կասեր տանը: Նախապես նա երբեք չէր խոսի իր գործերի մասին, մինչեւ չկատարեր: Բացի դրանից, այն ժամանակվա պայմանները թելադրում էին կանխել ինֆորմացիայի արտահոսքը, որպեսզի հարցի լուծումը չտուժի: Առանց այն էլ ինքն այնքան անկախ կեցվածք ուներ, հպարտ, արժանապատիվ, եթե դրա հետ էլ նա մի-երկու խոսք ասեր, թե ինչպես է պայքարել, դիմադրել քաղբյուրոյում եւ այլն, նրա գլուխը կուտեին: Հենց այդ է պատճառը, որ հասարակությունը շատ բաներ չի իմացել: Չի իմացել, թե ինչ ջանքերով է նա հասել հաջողությունների, ինչ դիվանագիտական մոտեցումներով, ինչպիսի հարվածներ է իր վրա վերցրել, ինչպիսի ռիսկերի է դիմել»:

Շատ պաշտոնյաների զավակներ ներկայումս ցոփ ու շվայտ կյանքով են ապրում: Տիկին Դեմիրճյանը պատմեց, թե ինչքան զուսպ են դաստիարակել իրենք իրենց որդիներին. «Այն ժամանակվա ժառանգները մի քիչ ուրիշ էին: Ամենավատերն էլ էլի սանձեր ունեին: Իմ ամբողջ փորձը բերում է մի հետեւության՝ ամեն ինչ կախված է ներսի մթնոլորտից՝ ծնողների անձնական օրինակից: Միշտ չէ, իհարկե, պատահում են եւ շեղումներ, բայց դա օրինաչափություն չի, առանձին դեպքեր են: Որպես օրինաչափություն՝ ինչ տեսնում են, այն էլ սովորում են: Մեր պաշտոնյաների զավակներն էլ ինչ տեսնում են՝ սովորում են: Ես եւ Կարեն Սերոբիչը երբեք չենք ասել մեր տղաներին, որ դուք պետք է ունենաք պատասխանատվության զգացում, իրավունք չունեք սա անել, նա անել: Իրենք դա հասկացել են՝ տեսնելով: Հիմա որ նայում եմ, թե ինչքան ազատ է կյանքը, երիտասարդությունը, ինչ-որ տեղ մեղավոր եմ մեզ զգում երեխաների առջեւ, որ նրանք բավականին խեղճ են մեծացել, այն ազատությունը չեն ունեցել: Այս ազատությունից էլ պետք է օգտվել իմանալ: Իմ երեխաները երբեք ծայրահեղության չէին հասնի ոչ մի հասարակարգում: Ռեստորաններ կգնային, ավելի ազատ կլինեին, բայց չափը երբեք չէին անցնի: Դա գալիս է տնից:

Հիմա չափանիշներն ուրիշ են, հիմա հիմնական չափանիշը փողն է, հարստությունը: Հարուստների երեխաները չեն մտածում քրտնաջան աշխատելու մասին, նրանք, ռուսերեն ասում են՝ родились в рубашке, ծնվում են արդեն հարուստ, սեփականատեր, էլի ինչի՞ մասին մտածեն՝ միայն զվարճալիքների: Փողն է, որ փչացնում է այդ երիտասարդներին, հատկապես՝ այս կաֆեների, կազինոների առատության պայմաններում: Ամեն ինչն ազատ է հասանելի է, ամեն ինչը կարող են գնել: Այդպես երիտասարդ մեծացնել չի կարելի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930