Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինյան կողոպտված նոճիների հարցը` Վլադիմիր Գասպարյանի կառույցում

Դեկտեմբեր 06,2013 17:44

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Վլադիմիր Պուտինի այցի նախօրյակին Գյումրու թատրոնի բակում տնկած ու երեկ անհետացած նոճիների հարցով դիմել է ոստիկանություն: Նա հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` այն հասցեագրելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կ.Բաբակեխյանին.

«Գյումրու թատերական հրապարակում, թատրոնի սանդղաշարին 2013 թվականի դեկտեմբերի 1-ին տնկված մի քանի ծառեր անհետացել են դեկտեմբերի 4-ին: Դատելով Aravot.am կայքի հրապարակման մեջ եղած լուսանկարներից` դրանք տարվել են հապճեպ և չեն հասցրել անգամ փոսերը հողով լցնել: Կարծում եմ գողություն է տեղի ունեցել:

Խնդրում եմ ՀՀ գործող օրենսդրությամբ այս հաղորդումը ընդունել ի գիտություն, ձեռնամուխ լինել դրանից բխող բոլոր գործողություններին և նեղություն քաշել` ինձ կամ հանրությանը պարբերաբար տեղեկացնել գործի ընթացքի մասին»:

1479407_10202603997970541_1

 

Aravot.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասաց, որ Վլադիմիր Պուտինի այցին նախօրյակին տնկած ծառերը եղել են ոչ թե եղևնիներ, այլ նոճիներ, որոնց հետ սակայն Գյումրու քաղաքապետարանը «ոչ մի կապ ու կապակցություն չի ունեցել»:

«Կարող էին հանձնել քաղաքապետարանի տնօրինմանը, բայց որոշել են չհանձնել, վերցնեն ու տանեն, երևի ամեն մեկը մի 80-100 հազար դրամանոց ծառ է եղել, կամ չեն տեսել էլի մեր քաղաքին էդ ծառերը թողնել: Քաղաքապետարանը ինչ-որ տեղ, ինչ-որ մեղքի բաժին ունի, օրինակ` այնտեղ տնկել թույլ տալուց սկսած պետք է պայմանավորվեր, որ ինչ է լինելու դրանց ապագան:

Օբյեկտիվորեն դրանք այնտեղ աճելու, մեծանալու դեպքում հսկա ծառեր են դառնում, ի դեպ. տեղը չէր դիզայնի տեսանկյունից, բայց կարող էին վերցնել, մեկ ուրիշ տեղ քաղաքում տեղավորել: Քաղաքապետարանին էլ տեղյակ չեն պահել, տեղյակ էլ չենք`ո՞վ է բերել, ո՞վ է տարել հանել-տարել: Ես այսօր հաղորդում եմ տալիս ոստիկանությանը հանցագործության մասին. հետքերից դատելով` տեղի է ունեցել կողոպուտ», -ասաց ավագանու անդամը:

Մեր այն դիտարկմանը՝ միգուցե ապառիկ հիմունքներո՞վ էին վերցրել ու Գյումրի բերել, ասենք մեկ օրով, Լևոն Բարսեղյանը ծիծաղելով պատասխանեց. «Կարող է, պարզ էլ չէ` ո՞վ է բերել, ո՞վ է տարել: Դե գիտեք, ստորացված պետության մեջ, նվաստացած քաղաքում նման բաները , դժբախտաբար, օրինաչափություն են դառնում, շատ դաժան ապտակ է մեր քաղաքին:

Գյումրիում փաստացի գործել է արտակարգ դրություն այդ օրը (նկատի ունի Վլադիմիր Պուտինի այցի օրը) չհայտարարված արտակարգ դրություն է գործել. փողոցներ փակելով, մարդկանց երթևեկությունը, անցուդարձը փակելով, փոխելով, ստիպելով, որ մարդիկ` հարսանքավորները, մեռելատերերը իրենց ճամփեքը փոխեն:

Հաշվի չեն նստել քաղաքային իշխանության հետ, հաշվի չեն նստել քաղաքի բնակիչների հետ, կարելի էր անգամ փողոց փակել, բայց շատ հարգալից լինել բնակիչների հետ, պատշաճ իրազեկել ԶԼՄ-ներով, որ էս ինչ ժամից էս ինչ ժամը… Երևանում կարծեմ նման իրազեկում եղավ, իսկ այստեղ չեղավ, մարդահաշիվ չեն արել մեզ, էլի:

Գյումրեցիները, բոլոր նրանք, ովքեր հասկանում են այս խնդիրը, պարտավոր են ինչ-որ համապատասխան պատասխաններ գտնել պետական իշխանությանը նման այլանդակության ու այլասերության համար: Դժվար վիճակ է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031