Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պողոսյան. «Կթվորուհուն փոխարինել է միասեռականը»

Դեկտեմբեր 17,2013 17:13

ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, սոց. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը (լուսանկարում՝ աջից առաջինը) չի կարծում, որ վտանգն այնքան մեծ է, որքան ներկայացնում են հաճախ, բայց նաեւ վստահ է, որ եթե որեւէ քայլ չձեռնարկվի, մի օր կկանգնենք լուրջ խնդրի առաջ:

Խոսքը գլոբալիզացիայի արդյունքում Հայաստան ներխուժած արեւմտյան որոշ արժեքների, մասնավորապես՝ խորը լիբերալիզմի մասին է, երբ բոլոր բարոյական եւ քրիստոնեական արգելքները հանվում են ու մարդուն տրվում է այնքան ազատություն, որքան նա չի կարող տանել:

Այսօր «Արեգ» գիտակրթական կենտրոնի կազմակերպած «Քրիստոնեական արժեհամակարգը՝ որպես քաղաքակրթական ընտրություն եւ արդի մարտահրավեր» թեմայով գիտաժողովի ժամանակ պարոն Պողոսյանը ներկայացրեց իր տեսակետներն այս ամենի վերաբերյալ:

Ըստ պարոն Պողոսյանի՝ դարեր շարունակ հավատարիմ լինելով քրիստոնեությանը՝ որպես ազգային կրոնի, վերջին հարյուրամյակում երկու անգամ լուրջ փորձության է ենթարկվել մեր հավատը: Նախ 70 տարի տեւած կոմունիստական անհավատության դարաշրջանում, երբ «կրոնը արտամղվել էր մեր կյանքից», եւ ապա՝ անկախության ժամանակ, երբ, թվում էր, թե շատ արագ վերադառնում են կրոնն ու եկեղեցին մեր կյանք, մեր հասարակություն: Բայց, սովետական վարագույրի բացումից հետո, Արեւմուտքից Հայաստան ներթափանցեցին ոչ միայն տնտեսական լիբերալիզմը, այլեւ «որոշակի ազդակներ, միտումներ, որոնք ի չիք էին դարձնում երկու հիմնասյուն՝ ընտանիք եւ կրոն»:

Պարոն Պողոսյանը վստահեցնում էր, որ ամբողջ աշխարհում մասնագետների կողմից ընդունված է, որ կան ազգապահպանման եւ պետության պահպանման երկու հիմնական արժեքներ՝ ընտանիք եւ կրոն, սակայն 20-րդ դարի կեսերից՝ Արեւմուտքում սկսվեց եւ վերջին երկու տասնամյակում Հայաստանում տարածվեց այդ երկու արժեքների հանդեպ ոտնձգությունները:

«Մենք միշտ հավատարիմ ենք եղել քրիստոնեությանը, եւ Եվրոպան եղել է քրիստոնեության տարածման օջախը, սակայն այսօր Եվրոպան հրաժարվում է քրիստոնեությունից: Չգիտեմ, թե ինչու, բայց անում է, դա իր խնդիրն է: Մենք կարծում ենք, որ դա կործանարար է Եվրոպայի համար, բայց՝ շատ անգամ ավելի կործանարար է մեզ համար: Տեսակետ կա, որ հատուկ ծրագրով է ամեն ինչ արվում: Կամաց- կամաց Երկրի բնակչության թիվը հասնում է 10 մլրդի, եւ երկրագունդը չի կարող այդքան մարդու կերակրել: Ստեղծվել են հոսանքներ, որոնք նպատակ ունեն սահմանափակել Երկրի բնակչության աճը, ու դրա համար կիրառվում են տարբեր մեխանիզմներ, սկսած տարբեր հիվանդություններից՝ թռչնագրիպ եւ այլն, մինչեւ միասեռականության տարածում, միասեռական ընտանիքներ: Սրանք բնակչության աճը սահմանափակող մեխանիզմներ են, սակայն մենք 1 մլրդ բնակչություն չունենք, ոչ էլ մուսուլմանական երկիր ենք, որի կրոնը ողջունում է անզուսպ ձեւով երեխա ունենալը: Մենք ընդամենը 3 միլիոն բնակչությամբ հանրապետություն ենք, եթե ամբողջ Հայաստանը վերանա, աշխարհի խնդիրը չի լուծվի, բայց մեր խնդիրը միանգամից կլուծվի: Պետք չի տրվել արեւմուտքից եկող այդ տենդենցներին, քանի որ դա մեր խաղը չի: Կան քաղաքացիական հասարակությունում որոշ շրջանակներ, որոնք անմիջապես միանում են Արեւմուտքից եկող ցանկացած հոսանքի, չհասկանալով, որ այդ խաղը Հայաստանի համար չի»:

Պարոն Պողոսյանը օրինակ բերեց, ըստ որի, եթե ՍՍՀՄ ժամանակ Մոսկվայից եկող հանձնաժողովին մի պատգամավոր կթվորուհու էին ցույց տալիս, որպեսզի համոզեն, թե ինչ լավ է ամեն ինչ, ապա հիմա Արեւմուտքից եկող հանձնաժողովների համար միասեռականների ենք ցույց տալիս, որ, իբր, տեսեք, մենք ունենք միասեռականներ, ինչքան հանդուրժող ենք:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031