Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարոտը զինվորների մասին մտածող հրամանատար էր»

Դեկտեմբեր 26,2013 14:14

«Կարոտից ու Կարոտի նմաններից այնքան բան եմ սովորել: Չեմ ուզում գովեստի խոսքեր ասել, կասեն՝ իր որդին է՝ գովում է, բայց էն փոքր ժամանակ էլ ոնց որ հասուն մարդ լիներ, լավ գիտեր հայրենիքի գինը: Ասեց՝ պիտի գնամ Ղարաբաղ ու հաղթանակած վերադառնամ: Հաղթանակը եղավ, բայց Կարոտը չվերադարձավ»,- աչքերը գետնից չբարձրացնելով՝ ասում է արցախյան պատերազմում անհետ կորած Կարոտ Մկրտչյանի հայրը՝ Հովհաննես Մկրտչյանը, որը 22 տարի է՝ աչքը ճանապարհին սպասում է որդուն: Հովհաննես հայրիկը դժվարությամբ համաձայնեց խոսել, իր խոսքերով ասած՝ «չեմ ուզում հիմա էլ վերքիս սպիի կեղեւը քաշեն պոկեն, 22 տարի է անցել, մի ամբողջ կյանք»:

Karot-1

Այսօր Մկրտչյանների ազգում ծնված տղա երեխաներից մի քանիսին Կարոտ են կոչել: Արյունակից հարազատները վստահ են, որ ազգի որդիները կժառանգեն Կարոտի համեստությունը, հայրենասիրությունն ու պարկեշտությունը:

Կարոտի եղբոր՝ Ղուկասի եւ նրանց հարազատների 5-6 փոքրիկ երեխաները, որոնք հավաքվել էին փայտի վառարանի շուրջը, կլանված լսում էին իրենց հորեղբոր մասին պատմությունները: Անգիր գիտեին բոլոր երգերը, որոնք գրվել են Կարոտի համար: Մայրաքաղաքից ոչ այնքան հեռու՝ Պռոշյան գյուղում, որտեղ տարիներ առաջ Սիրիայից տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Կարոտի ընտանիքը, արցախյան պատերազմի հերոսին մեծից փոքր շատ լավ են ճանաչում, գյուղի կենտրոնական փողոցում Կարոտի արձանն է կանգնեցված: Նրա մարտական ընկերներն էլ ամեն առիթով Կարոտի հարազատներին պատերազմի տարիներից մի դրվագ են պատմում, նկարագրում, թե ինչ քաջ, կրակոտ ու զինվորների մասին մտածող հրամանատար է եղել:

Չնայած իր վշտին, Հովհաննես հայրիկն իր ապրած 78 տարիների փորձով ավելի է ամրապնդել այն կարծիքը, որ՝ «Մարդ պետք է արժանավայել ապրի, մենք էլի պատրաստ ենք մեր հողի, ջրի համար արյուն թափել, եթե մարդը չի հասկանում հայրենիքի գինը եւ չի ուզում իր հայրենիքի, կնոջ, քրոջ համար արյուն թափել, ուրեմն ավելի լավ է չապրի»:

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Կարոտը պայքարողների շարքում է եղել: Ընտանիքի անդամներից գաղտնի մեկնել է սահմանամերձ շրջաններ՝ ասելով, թե գործուղման է գնում: Եղբոր՝ Ղուկասի պատմելով՝ այնինչ Կարոտը այդ օրերին մասնակցելիս է եղել Ոսկեպարի պաշտպանական գործողություններին, ազատագրել Մովսես գյուղը: Հարազատների պատմելով՝ Կարոտն ընդամենը 28 տարեկան է եղել, երբ մեկնել է պատերազմ. «Թեկուզ մի աղջիկ երեխա ունենար: Իր սերմից թողներ: Երբ փոքր էր, շատ հանգիստ ու համեստ երեխա էր, մտածում էի՝ էս երեխան կամ մի թերի տեղ ունի, կամ իսկական գանձ է, եւ իրոք այդպես էլ եղավ. Կարոտս գանձ էր»,- որդու կորստի ցավը արցունքների մեջ խեղդելով՝ ասում է Հովհաննես հայրիկը:
Ըմբշամարտիկ, մարտարվեստի գիտակ Կարոտը 1989 թվականից եղել է Պռոշյանի մարտական ջոկատների հրամանատարը: Նրա վերջին մարտը եղել է 1992 թվականի հունիսի 13-ին՝ Շահումյանի Ջամբազի դիրքերում: Նրա մարտական ընկերները հենց այդ վայրում էլ վերջին անգամ տեսել են Կարոտին: Այդ մարտերին Կարոտի ջոկատի տղաները պատերազմելիս են եղել թուրքական օմոնի եւ խորհրդային զորքերի դեմ: Կարոտն իր ջոկատով որոշել է հետ վերցնել ոսոխի ձեռքն անցած հայկական դիրքերը, սակայն հակառակորդի դիմադրությունն այնքան ուժեղ է եղել, որ տղաներն ի վերջո տեղի են տվել: Կարոտի եղբոր՝ Ղուկասի պատմելով՝ այն թեւի վրա, որտեղ Կարոտն էր մարտնչում, կտրուկ ժայռ է եղել եւ գնալու տեղ չի եղել. «Ջամբազի դիրքերում երկու զոհ են տվել, եւ երբ Կարոտի մարտական ընկերները նահանջել են, նրանց տեսել են, բայց Կարոտին ոչ զոհված են տեսել, ոչ էլ վիրավոր: Մուշեղը՝ Կարոտի մարտական ընկերը, պատմեց, որ երբ ինքը վիրավոր սողալով իջնելիս է եղել, Կարոտը նրան թիկունքով պաշտպանել է, որ վիրավոր Մուշեղը իջնի տեղ հասնի, բայց նա այլեւս Կարոտին չի տեսել»:

Ինչպես պատմում է Կարոտի եղբայրը՝ պատերազմի տարիներին եղբոր՝ Կարոտի գլխի համար ադրբեջանցիները մեծ գումարներ են խոստացել, պատերազմից հետո էլ, երբ Կարոտի եղբայրն ու մարտական ընկերները ադրբեջանցիների հետ բանակցություններ են վարել Կարոտի գտնվելու վայրի եւ կենդանի լինել-չլինելու մասին, ազերիները հույսով են արել, թե Կարոտը կենդանի է, Ադրբեջանում ռազմագերի է, սակայն Ղուկաս Մկրտչյանի պատմելով՝ քանի որ ոչ մի հավաստի փաստ չեն ներկայացրել, իրենք այդ լուրերին լուրջ չեն վերաբերվել:
22 տարիների ընթացքում Կարոտի վերադառնալու հույսն օր օրի մարել է, սակայն օրերս անհետ կորած ազատամարտիկի հարազատների մեջ մի փոքրիկ հույս է արթնացել. հեռուստատեսությամբ լսել են, որ եկող տարի Ադրբեջանը 90 ռազմագերի է հանձնելու Հայաստանին. «Չգիտենք՝ Կարոտը նրանց մեջ կլինի, թե ոչ, սպասում ենք»,- խորը հոգոց հանելով ասում է Կարոտի եղբայրը:

Հայրենիքին մատուցած սխրանքների համար Կարոտն արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031