Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սարքած գործը փուլ է եկել

Դեկտեմբեր 27,2013 14:19

Անդրադարձ հրապարակմանը

Դատական երեք ատյաններում ավարտվեց ավելի քան երկու տարի տեւող մի գործի քննություն, որն ապացուցեց, թե մեր օրերում Գագիկ Աթասյան ազգանունով մի արկածախնդիր ինչպես է կարողանում աճպարարի հմտությամբ իրավապահներին մատների վրա խաղացնել եւ անպատիժ մնալ:

Ասենք, որ հորինելու եւ մարդկանց մոլորեցնելու տաղանդով օժտված այս անձին մինչ այդ հաջողվել էր մի ամբողջ տարի տեղեկություններ տարածել Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցներով, թե իբր ինքը երեք տարի Ղարաբաղում կռվելուց հետո, 10 տարի Մոսկվայում զբաղվել է կինոարտադրությամբ եւ հիմա եկել է Հայաստան՝ Ղարաբաղի մասին 7, 5 միլիոն դոլար բյուջե ունեցող իր ֆիլմն ավարտին հասցնելու, որին պակասել է ընդամենը կես միլիոն դոլար, ինչն էլ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոյով» պետք է վճարեր ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հակառակի պես, ինչպես նշում է «աշխարհահռչակ» այս ռեժիսորը, այս ծրագրի իրականացումը ձգձգում է նախարար Հասմիկ Պողոսյանը: Դեռ ավելին` Ադրբեջանի կողմից «աշխարհահռչակի» վիզը թռցնելու ամենօրյա սպառնալիքներին չեն արձագանքում երկրի անվտանգության ծառայությունները:

Մամուլը, սոցիալական ցանցերը լծվել էին այս անձի պաշտպանության եւ աջակցության խնդրին, հանգանակության նպատակով վերջինիս նախաձեռնությամբ բանկերում հաշիվներ էին բացվել, իսկ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «ՇՊԱԿ» կազմակերպությունը նրան հռչակել էր «ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱՑԻ»: Նման պատմություններով, իհարկե, չես զարմացնի Հայաստանի քաղաքացիներին. նրանք մինչ այդ լսել էին մեկ այլ գավառցի ինքնահռչակ տիեզերագետի պատմությունը` կապված Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Ստացվել է այնպես, որ այս նոր ինքնահռչակ ռեժիսորի փառքի բարձրակետին տողերիս հեղինակը համարձակվել է մամուլում («Առավոտ», «Հետք», «Հրապարակ», «168 ժամ», «Միտք») բացահայտել, որ այս անձն ընդամենը մի սովորական բախտախնդիր է, որը Ղարաբաղի կռիվներին ամենեւին մասնակցություն չի ունեցել, Մոսկվայում կինոարտադրությամբ զբաղվելը, 7,5 միլիոն դոլարի բյուջեով ֆիլմի նկարահանումը նրա հերթական բլեֆներից մեկն է, դեռ ավելին՝ նրա ստախոսության եւ շանտաժի պատճառով մինչ այդ մեկ այլ դրվագում անմեղ մարդիկ են տուժել, ինչպես, օրինակ, Հրազդանի հարկային տեսչության 7 աշխատակիցներ, որ պրոֆտեխուսումնարանի ուսումը կիսատ թողած այս անձն ընդամենը տեսասկավառակներ վաճառող է, որը Հրազդանում հայտնի է որպես գործ սարքող:

Թվում է՝ այս տեղեկությունների հրապարակումից հետո պետք էր նրան պատժի ենթարկեին եւ վերջ տրվեր սրա արկածախնդրություններին: Մինչդեռ տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Նրան ինչ-ինչ նկատառումներով իր հովանավորության տակ է վերցրել Կոտայքի մարզային դատախազի տեղակալ Յուրի Բաղյանը, որին եւ այս անձը համարում է իր բարեկամը: Հոդվածների հեղինակիս դեմ սկսվել է քրեական գործի հարուցման համար նյութերի նախապատրաստման մի գործընթաց, որը օրենքով նախատեսված 10 օրվա փոխարեն տեւել է 11 ամիս:

Փաստորեն, «Հրազդան» հեռուստաընկերության կոլեկտիվը եւ ղեկավարը 11 ամիս գտնվել են օրենքի բազում խախտումներով իրականացվող հոգեմաշ հարցաքննությունների մեջ, դրանք շարունակվել են այնքան ժամանակ, մինչեւ որ չեն կորզել իրենց ցանկալի ցուցմունքները: Ինչպես դատարանում հայտարարեց հետծննդյան արձակուրդում գտնվող լրագրողը, իր տանը իրեն հարցաքննել են նորածին մանկիկի լացի եւ ճչոցների ներքո (հիշեք «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմը): Ամեն ինչ արվել է Հրազդանի տարածաշրջանում միակ եւ Հայաստանում առաջին մասնավոր եթերային «Հրազդան» հեռուստաընկերության կոլեկտիվի կազմալուծման համար:

Ընկերությունը կրել է իր համար աղետալի ֆինանսական կորուստներ: Երեւում է՝ ինչ-որ մարդկանց խիստ անհանգստացրել է հեռուստաընկերության քսաներեքամյա գոյությունը: Բավական է ասել, որ այս գործի քննությանը մասնակից են դարձել կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ՀՀ գլխավոր դատախազության եւ ոստիկանության վարչությունները (տեսեք, տեսեք՝ ինչ կոռուպցիոներ են գտել), ընդգրկվել են ՊԵԿ օպերատիվ հետախուզության փորձառու հետախույզները, ՊԵԿ քրեական հետաքննության վարչությունը, էլ չենք խոսում հարկային ստուգումների մասին, որոնք 30 օրվա փոխարեն 9 ամիս են տեւել:

Դատախազի տեղակալ Յու. Բաղյանն իր ցանկալի արդյունքն ստանալու համար պարբերաբար միջամտել է ստուգողների աշխատանքներին: Ի վերջո, քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: Նման դեպքի համար են ասել` «Լեռը երկնեց, երկնեց, մուկ ծնանեց»: Այսքանից հետո դժվար չէ եզրակացնել, որ այստեղ կամ խիստ խնդրահարույց են Կոտայքի մարզի դատախազ Էդուարդ Անդրիկյանի, այս գործն առաջ տանելու բոլոր «հաղթաթղթերն» իր ձեռքում պահած նրա տեղակալ Յուրի Բաղյանի, դատախազի տեղակալի բոլոր «բանավոր ցուցումներն» ի կատար ածող, գործը քննող ոստիկանության փոխգնդապետ Վ. Սողոմոնյանի մասնագիտական պիտանելիությունների հարցերը կամ ինչ-ինչ դրդապատճառներով նրանք բոլորով այս անձի կողմից գերեվարվել էին` այդ բառի իսկական եւ փոխաբերական իմաստներով: Չի բացառվում նաեւ ինչ-որ ուժի կողմից իջեցված պատվերի կատարումը (Ծառայողական քննություն անցկացնելիս ամեն ինչ ջրի երես կհանվի):

Տեսնելով չեն կարողանում քրեական գործ հարուցել իմ նկատմամբ, Գ. Աթասյանին նրանք ուղղորդում են դատարան՝ իբր իր ունեցած պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու եւ զրպարտելու հայցապահանջով: 1,5 տարի էլ դատական այս գործի քննությունն է տեւել:
Սարքած այս գործը հիմա փուլ է եկել այս անձի եւ նրա հովանավորների գլխին: Վերջերս իմացանք, որ Կոտայքի մարզի դատախազ Է. Անդրիկյանը հրաժարականի դիմումով ազատվել է աշխատանքից, կարծում ենք հերթը կհասնի նաեւ այս գործի գլխավոր ճարտարապետին՝ դատախազի տեղակալ Յու. Բաղյանին, որի մասին համացանցում (https://life.panorama.am/hy/news/2013/11/04/dataxaz-bank-kasharq/28735, nrnak.am եւ այլն) հրապարակումներ են եղել այն մասին (առայժմ չեն հերքվել), որ նա կաշառք է վերցրել «ԱԳԲԱ ԿՐԵԴԻՏ» բանկի Հրազդանի մասնաճյուղի նախկին կառավարչից: Այդուհանդերձ, հարց է առաջանում՝ ով է այս արկածախնդիրը, որին Կոտայքի մարզի իրավապահները վերցրել են իրենց պաշտպանության տակ եւ որը շարունակում է իր գործողությունները նոր արկածներ փնտրելով: Պակաս կարեւոր չէ նաեւ այն հարցի պատասխանը, թե մեր իրականության մեջ ովքեր են կանաչ ճանապարհ բացում այս կարգի արկածախնդիրների առջեւ, հարց, որի պատասխանը պիտի տան ոչ միայն իրավապահները, այլ նաեւ մենք` լրատվամիջոցներս:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031