Լրահոս
Օրվա լրահոսը

Քշիշտոֆ Պենդերեցկի. «Ամեն անգամ մեծագույն հաճույքով եմ գալիս Հայաստան»

Հունվար 13,2014 20:55

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական 15-րդ տարին սկսվում է մեծ հոբելյանով. լեհ մեծագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյակին նվիրված համերգաշարը Երևանում մեկնարկում է այսօր և կտևի մինչև հունվարի 16-ը:

Չորս համերգների ընթացքում կկատարվեն կոմպոզիտորի երկու տասնյակից ավելի գործիքային, վոկալ, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հայ և օտարերկրյա լավագույն կատարողների կողմից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը համոզվածություն հայտնեց, որ սա պատմական միջոցառում է լինելու:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ, խորհրդանշական համարելով այն, որ տարին սկսվում է մշակութային այսպիսի իրադարձությամբ, հույս հայտնեց, որ տարին կլինի մշակութային:

Կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին արդեն երրորդ անգամ է Հայաստանում. «Առաջին անգամ եղել եմ 2008 թվականին և պետք է ասեմ, որ ամեն անգամ մեծագույն հաճույքով եմ գալիս Հայաստան: Այստեղ, իհարկե, նաև էմոցիոնալ կողմը կա՝ գեների հետ կապված. իմ մեծ մայրը հայուհի է եղել»,- ասաց Քշիշտոֆ Պենդերեցկին:

Կոմպոզիտորի վրա հատկապես մեծ տպավորություն է թողել «Հովեր» կամերային երգչախումբը. «Չեմ կարող չշեշտել, որ թեև մենք բազմաթիվ երգչախմբեր ունենք, շատերն են երգել, այնուամենայնիվ, դրանցից որևէ մեկն այն մակարդակը, որակը չունի, ինչ «Հովեր» երգչախումբը, որը բացառիկ, հազվագյուտ երևույթ է»,- ասաց մաեստրոն:

Նա նաև նշեց, որ հայկական թեմայով իր երրորդ կվարտետն է արդեն գրել և պատրաստվում է հայերեն տեքստով նոր ստեղծագործություն գրել երգչախմբի համար, որը նվիրված կլինի հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Նշենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը 2007 թվականից Եվրոպայի փառատոնների ասոցիացիայի անդամ է: Եվ այս առիթով նույն ասոցիացիայի նախագահ, կլառնետահար Դարկո Բռլեկն ասաց. «Մենք շատ հպարտ ենք, որ «Երևանյան հեռանկարներ»-ի պես գործընկեր ունենք: Ամբողջ աշխարհում ընդամենը հարյուր փառատոն է ասոցիացիայի անդամ»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031