Լրահոս
Օրվա լրահոսը

Հայեցակարգը կա, չափորոշիչները չկան

Հունվար 15,2014 13:55

Հաշմանդամ մարդիկ մտավախություն ունեն, որ նոր հայեցակարգը կիրառելու դեպքում իրենք կզրկվեն հաշմանդամության թոշակից կամ արտոնություններից

«Ինչ փոփոխություններ էլ որ լինեն՝ մեր սկզբունքային դիրքորոշումն այնպիսին է, որ ոչ մի հաշմանդամ, որն այսօր ունի կենսաթոշակի կամ որեւէ արտոնությունների իրավունք, չպետք է կորցնի այն այդ բարեփոխումների արդյունքում: Շատ կարեւոր է ոչ թե հայեցակարգը, այլ այն չափորոշիչները, որոնցով կհստակեցվեն, թե ինչպես եւ ինչ մեխանիզմներով այդ բարեփոխումները կկիրառվեն: Որպեսզի բացառվեն բյուրոկրատիան, կոռուպցիոն ռիսկերը, որպեսզի անաչառ ձեւով մարդու ֆունկցիոնալությունը գնահատվի, եւ նա ստանա համապատասխան կարգավիճակ»,- հաշմանդամությունը սահմանող նոր մոդելի վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց հաշմանդամ մարդկանց «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը: Պարոն Ալավերդյանը, որն ընդհանուր առմամբ դրական կարծիքի է հաշմանդամության կարգը սահմանող ՀՀ կառավարության նոր հայեցակարգի վերաբերյալ, այդուամենայնիվ՝ մտավախություն ունի, որ նոր մոդելով հաշմանդամության խումբը կորոշվի, այսպես ասած, պահպանված աշխատունակությամբ, որն, ըստ Արմեն Ալավերդյանի, բավականին սուբյեկտիվ մոտեցում է, եւ նման չափանիշով առաջնորդվելիս մի շարք գործոններ կանտեսվեն՝ ինչպես որ գործող կարգով էր կատարվում:

Նկատենք, որ տարիներ ի վեր սոցիալական ոլորտից ամենաշատ բողոքները բժշկա-սոցիալական փորձաքննության մարմնից էին, որի որոշումներն ամենաշատն էին բողոքարկվում: Հաշմանդամության կարգի համար դիմած քաղաքացիները դժգոհություն էին հայտնում, որ բժշկա-սոցիալական փորձաքննության մասնագետները կենսագործունեության սահմանափակման աստիճանները որոշելիս ցուցաբերում էին սուբյեկտիվ մոտեցում, ինչն էլ իր հերթին կոռուպցիայի տեղիք էր տալիս: Բացի այդ, գործող օրենսդրության համաձայն՝ հաշմանդամության սահմանումն առավելապես պայմանավորված է հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետեւանքով առաջացած ֆունկցիայի կայուն խանգարմամբ, որը բերում է կենuագործունեության տեuակներից որեւէ մեկի uահմանափակման կամ դրանց զուգորդման։
Նոր հայեցակարգով նախատեսվում է վերանայել նաեւ հաշմանդամության կարգավիճակի սահմանման մեխանիզմները եւ ներդնել անձի կարողությունների ու կարիքների բազմակողմանի՝ ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա հիմնված գնահատման համակարգ: Ինչպես որ կառավարության նախորդ նիստում վստահեցրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարությունը մտադիր է բարձրացնել հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվության մակարդակը, ինչպես նաեւ բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետությունը եւ հասցեականությունը:
Ըստ Արմեն Ալավերդյանի՝ սակայն հաշմանդամ մարդկանց մտահոգությունները ոչ թե բուն հայեցակարգի մասով են, այլ այն, որ մինչ այժմ սահմանված չեն հայեցակարգի չափորոշիչները, որոնցով էլ պետք է իրագործվեն կառավարության խոստումները:

«Նոր հայեցակարգը չէր էլ կարող վատը լինել, քանի որ հիմնված է ֆունկցիոնալության միջազգային չափորոշիչների դասակարգման վրա: Հայեցակարգում նշվում է, որ պետք է մշակվեն այդ չափորոշիչները՝ հաշվի առնելով միջազգային նորմերը: Մինչ նոր հայեցակարգը կառավարություն մտնելը՝ բավականին ակտիվ առաջ էին քաշում պահպանված աշխատունակության վրա հիմնված մոդելը, ինչը, նորից եմ կրկնում, սուբյեկտիվ մոտեցում է, եւ եթե այդ մոդելն անցներ, հազարավոր մարդիկ կզրկվեին հաշմանդամի կարգավիճակից, ինչը սխալ է: Այս նոր մոդելը հիմնված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների վրա, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այդ նույն կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է, որ աշխարհի բնակչության 15 տոկոսը հաշմանդամ է: Այդ ո՞նց եղավ, որ Հայաստանում, որը տեսել է ե՛ւ պատերազմ, ե՛ւ երկրաշարժ, ընդամենը 6 տոկոս են հաշմանդամները, այսինքն՝ մենք պետք է համակարգված նայենք այդ ամենին եւ ըստ այդմ, հասկանանք՝ բարեփոխո՞ւմ է իրականում այդ ամենը, թե՞ հետքայլ»,- նկատում է պարոն Ալավերդյանը: Նրա ներկայացմամբ՝ միջազգային փորձագետների կարծիքը, բարեբախտաբար, համընկել է մոդելի վերաբերյալ մտահոգություն հայտնած շահագրգիռ կազմակերպությունների կարծիքի հետ, որոնք եւս գտել են, որ այդ տեսքով կիրառության դեպքում Հայաստանում շատ մարդիկ կզրկվեն հաշմանդամության խմբից:

Պարոն Ալավերդյանի խոսքերով՝ ինքը եւ այլ հ/կ-ների ներկայացուցիչներ մասնակցել են հայեցակարգի մշակման աշխատանքներին: Նա հույս հայտնեց, որ չափորոշիչների սահմանման գործընթացին էլ իրենց կընդգրկեն:

ԷԽՈ հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանի դիտարկմամբ էլ՝ մինչ օրս հաշմանդամ մարդկանց վերաբերող մի շարք որոշումներ են ընդունվել, բայց միայն տեսականում են դրանք կիրառվել, գործնականում, ըստ Ս. Օհանջանյանի, հաշմանդամ մարդկանց կյանքում որեւէ փոփոխություն չի լինում: Պարոն Օհանջանյանը որոշ վերապահումներ ունենալով նոր հայեցակարգի վերաբերյալ՝ կարծիք հայտնեց, որ Հայաստանը պատրաստ չէ նման մոդել կիրառելու. «Հաշմանդամ մարդիկ ամեն մի որոշում ծանր են տանում, ուստի ամեն մի որոշում ընդունելուց առաջ պետք է ծանրութեթեւ անել եւ նոր միայն մատուցել հասարակությանը: Պետք է այդ փոփոխությունները քննարկվեն նրանց հետ: Այդ չափորոշիչներով հաշմանդամի աշխատունակությունը հնարավոր է չափել ֆիզիկապես, իսկ մտավոր կարողությունները անհնար է չափել»:

Անցյալ տարվա դրությամբ մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմել է 189 հազար 753 մարդ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական ծառայությունների մատուցման եւ հաշմանդամության կենսաթոշակի վճարման համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է շուրջ 60 մլրդ դրամ։

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031