Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարին. News.am

Հունվար 18,2014 20:55

News.am. «Նախարարը կամ ցանկացած այլ պաշտոնատար անձ (ներկա կամ նախկին), կարծում եմ, պետք է հպարտանա, եթե իրեն համարեն մեր երկրի եւ սերունդների համար կարեւորագույն նշանակություն ունեցող համակարգային բարեփոխումների կնքահայր. կարծում եմ, որ այդ գործում իրապես վաստակ ունեցող նախարար Արտեմ Ասատրյանը մեծ հպարտությամբ կհամաձայներ դրան»:

Այս մասին հայտարարել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Կորյուն Սարգսյանը՝ ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարության:

«Խիստ ցանկալի է, որ հանրային բանավեճի ցանկացած մասնակից հստակորեն շարադրի միայն այնպիսի հավաստի փաստեր, որոնց ցանկության դեպքում կարող է ծանոթանալ ցանկացած անձ: Ցավոք, հայտարարությունում առկա են բառախաղեր, որոնք որեւէ առնչություն չունեն քննարկվող խնդրի էության հետ: Փաստը, սակայն, մնում է փաստ, որ ներկայումս ներդրվող կենսաթոշակային համակարգի կառուցվածքը ներառյալ պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանվել է դեռեւս 2005-2006թթ. ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով:

Այս առումով խորհուրդ կտամ այս թեման բոլոր քննարկողներին մինչեւ հայտարարություններ անելը ուշադիր կարդալ ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 26-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 796-Ն որոշումը, որից մեջ բերվող պարբերությունները ավելի քան պերճախոս են պարտադիր կուտակային համակարգի ակունքների վերաբերյալ. «Նոր կենսաթոշակային համակարգի նկարագիրը» Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարության նպատակը կենսաթոշակային այնպիսի համակարգի ստեղծումն է, որը յուրաքանչյուր տարեց կամ ծեր մարդու համար կապահովի որեւէ տեսակի եկամուտ. նվազագույնն աղքատության շեմը գերազանցող նպաստից մինչեւ կենսաթոշակային տարիքն ունեցած աշխատավարձի կամ եկամտի փոխհատուցում:

Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներդնի բազմաստիճան, տարբեր ֆինանսավորման աղբյուրներից սնվող, նոր կենսաթոշակային համակարգ: Նոր համակարգի ներդրումը կսկսվի 2008 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նաեւ կանոն, թե որ քաղաքացիները կամ տարիքային խմբերը կարող են անցնել նոր կենսաթոշակային համակարգի: Նոր համակարգն ուժի մեջ մտնելու պահին 30 տարին չլրացած քաղաքացիները պարտադիր անցնում են նոր համակարգին, 30-45 տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին տրվում է ընտրության իրավունք մնալու հին համակարգում կամ անցնելու նոր համակարգ: Այս տարիքային խմբի քաղաքացիները նոր համակարգին անցնելուց հետո չեն կարող երբեւիցե վերադառնալ հին համակարգ: 45-ից բարձր տարիքի քաղաքացիները մնում են հին համակարգում:

Այս սահմանափակումը բացատրվում է այն հանգամանքով, որ նոր կենսաթոշակային համակարգը հասունանալու եւ դրա առավելություններից օգտվելու համար կպահանջվի 25-30 տարի:

Նոր կենսաթոշակային համակարգը կներառի հետեւյալ 4 աստիճանը` (ա) նվազագույն ծերության սոցիալական նպաստ, (բ) բազային կենսաթոշակ, (գ) պարտադիր մասնավոր կուտակային կենսաթոշակ եւ (դ) կամավոր կուտակային կենսաթոշակ:

Պարտադիր կուտակային կենսաթոշակ

Այս կենսաթոշակը համարվում է բարեփոխման հիմնաքարը եւ վճարվում է կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացիների անհատական հաշիվներում կուտակված միջոցներից եւ տարիների ընթացքում դրանց դիմաց հաշվեգրված տոկոսային եկամուտներից: Նոր համակարգին անդամագրվածներն իրենց աշխատավարձի 10 տոկոսի չափով գումար յուրաքանչյուր ամիս պարտադիր կերպով փոխանցում են իրենց կողմից ընտրված կենսաթոշակային հիմնադրամի իրենց անհատական հաշիվներին: Այս կենսաթոշակ ստացողներն ստանում են նաեւ բազային կենսաթոշակը: Այս կենսաթոշակից օգտվողները չեն կարող ստանալ նվազագույն ծերության սոցիալական նպաստ, սակայն կարող են լրացուցիչ կենսաթոշակ ստանալ կամավոր կուտակային համակարգից:

Պարտադիր կուտակային համակարգից կենսաթոշակները տրամադրվում են մասնավոր կյանքի ապահովագրության անուիտետ ձեռք բերելու միջոցով, որը կնկարագրվի կենսաթոշակների վճարման եղանակները բաժնում: Կամավոր կուտակային կամ ոչ կուտակային կենսաթոշակ Այս կենսաթոշակի համակարգն աշխատում է պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի նման, միայն թե կամավոր սկզբունքով: Սոցիալական վճարների չափը եւ կենսաթոշակների ստացման կարգը որոշվում են կենսաթոշակային հիմնադրամի եւ քաղաքացու միջեւ կնքված պայմանագրի հիման վրա: Համաձայն պայմանագրի կենսաթոշակները կարող են վճարվել ուղղակիորեն կենսաթոշակային հիմնադրամներից եւ կյանքի ապահովագրության անուիտետ ձեռք բերելու միջոցով:

Կենսաթոշակային ապահովագրությունը, այս դեպքում, կարելի է գնել եւ որպես կուտակային (defined contribution) եւ որպես ոչ կուտակային (defined benefit) կենսաթոշակներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031