Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորուհու պապական տնից թռցրել էին նույնիսկ Լենինի կես մետրանոց բրոնզե արձանը

Հունվար 21,2014 22:01

Ինչպես հայտնի է, երեկ գողություն էին կատարել ՀՀԿ-ական պատգամավորուհի  Նաիրա Կարապետյանի` Գյումրիում գտնվող պապական տնից` ցավ պատճառելով նրա ընտանիքին: Այսօր Aravot.am-ը պատգամավորուհու հորից` Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանից, հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ են տարել իր հայրական տնից ու արդյո՞ք հայտնաբերվել են գողերը: Արտաշես Կարապետյանը, ինչպես և իր դուստրը, գտնում են,  որ այս գողությունը ավելի շատ բարոյական կորուստ էր իրենց  համար, քան նյութական:

Նշենք, որ Արտաշես Կարապետյանի  հայրական տունը գտնվում է Գյումրու հին ու կենտրոնական թաղամասերից մեկում` Հաղթանակի պողոտայում, Բեռլին հյուրանոցի հարևանությամբ: Այստեղ մինչև օրս քաղաքի արիստոկրատիան,  մեծամասամբ բժիշկներն են բնակվում: Արտաշես Կարապետյանի հայրն ու մայրը ևս եղել են  ճանաչված բժիշկներ,  հայրը 1951 թվականին եղել է Ախուրյանի հիվանդանոցի 1-ին դեմքերից մեկը`բուժական բաժնի վարիչը, իսկ  մայրը երկար տարիներ աշխատել է երկաթգծի հիվանդանոցում`որպես գինեկոլոգ:

«Այն  լքված, հին տուն է, մեկ տարի է` ոչ մեկը չի բնակվում, կահույքը, գույքն ամբողջությամբ հին էր, բայց ինձ համար շատ թանկարժեք էր, քանի որ դրանք մասունքներ էին իմ հարազատներից: Այստեղ խնդիրը բարոյական է, ոչ թե նյութական, այն նախապապերիս տունն է, ովքեր 1850-ական թվականից բնակվել են այստեղ, և շատ վիրավորական է, որ ջարդել, մտել են… Ինչպես ասում են` գողը իր ոտքի քիրեն հանել է: Մորս գորգն էին տարել, միգուցե հիմա 20 հազար դրամ անգամ չտան այդ գորգին, բայց ինձ համար այն մորիցս մնացած մասունք էր, շատ թանկարժեք: Գիտեք հետաքրքիրը որն է, գորգը հանել են պատից, գորգի վրա փակցված մորս լուսանկարը մեծ խնամքով հանել, կողքի էին դրել, երևի ճանաչել են, թե նա ով է, ինչ վաստակ է ունեցել այս քաղաքում:

Չեմ կարող ասել, ինչքան նյութական վնաս են մեզ պատճառել, որովհետև հստակ չգիտեմ, դեռ չենք կողմնորոշվում, թե ինչեր են տարել: Բայց ասեմ, որ տարել են Լենինի կես մետրանոց բրոնզե արձանը, որը ես ժամանակին Ռայկոմից էի բերել, եթե 500 դոլար անգամ ինձ առաջարկեին, ես արձանը չէի տա, իմ համար եզակի  հուշանվեր է, տարել էին 19-րդ դարի նարդին` դեղին զառերով, անտիկվարիատ է, միգուցե օլիգարխ մի մարդ մի կողմ շպրտեր էդ նարդին, ասեիր` էս ինչ է, որ տունս մնա, բայց ինձ համար, նորից եմ կրկնում, մասունք են, հիշողություններ են … », -ցավով ասաց Արտաշես Կարապետյանը:

Նրա ասելով, գողերը մտել են տան հետևի մասից, որը ամայի տարածք է, մի քանի իրեր էլ շարել էին, որպեսզի հետո գային թալանի: Սակայն, Արտաշես Կարապետյանի բնութագրմամբ, Գյումրու ոստիկանության Կումայրի բաժանմունքի պետ Գևորգ Թադևոսյանը  այնքան պրոֆեսիոնալ է ու այնպես լարված է   աշխատել, որ կարողացել է կանխել, արդեն կան կասկածյալներ:

Արտաշես Կարապետյանն ասում է, որ իր հայրիկի պապիկը` Արտաշեսը, որի անունը հիմա ինքը կրում է և ով ևս այդ տանն է բնակվել, ցարական կայսրության ժամանակ փոխգավառապետ է եղել: Որքան էլ զարմանալի է, Արտաշես Կարապետյանի պատմելով, նա «սլուժեբնի» ֆայտոն ու ձի է ունեցել, երբ մեկնել է գյուղերը, նրան երկու ձիավոր են ուղեկցել, իսկ քաղաքի մեջ ման է եկել «սլուժեբնի» ֆայտոնով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Spartak says:

    Դե լավ է, որ կորուստը մեծ չի եղել:Ցավալի է, որ հիշողությունների հետ կապված իրեր են տարել չարագործները:Ճիշտ են ասում՝ չկա չարիք առանց բարիք:Չարագործների շնորհիվ Արտաշեսն առիթ ունեցավ պատմելու ապուպապերի, գերդաստանի անցած ճանապարհի մասին:Անկեղծորեն ինձ էլ հետաքրքրեց , և ես հաճույքով կարդացի:

  2. Maxim says:

    Կարծում եմ, որ այս դեպքից հետո հարգելի Արտաշես Կարապետյանը, ինչպես ասում են՝ իր կաշվի վրա ավելի խորը զգալով գողության ու ավազակության արատավոր երևույթների հատկապես բարոյական և ինչու չէ նաև նյութական ցավը, իր դստեր՝ Նաիրա Կարապետյանին խորհուրդ կտա, որ
    նա լքի ՀՀ կուսակցությունը, որը տարիներ շարունակ գողանում է պետբյուջեի գումարները և թալանում սեփական ժողովրդին, ողջ երկիրը՝ առավել ևս Գյումրին դարձրել աղետի գոտի։

  3. Կարո Մելիքյան says:

    «Բայց ասեմ, որ տարել են Լենինի կես մետրանոց բրոնզե արձանը, որը ես ժամանակին Ռայկոմից էի բերել »,այ, այդ մեկ «անտիկբարը» չպիտի ասեիք, «չարքից» պրծել էք, թէ չե մնացածը նորմալ էր.

  4. Դավիթ says:

    Հա ,դե ջրի բերածը ջուրն է տարել էլի,մի մեծ կորուստ չի եղել առանձնապես ։)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031