Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում աղանդավորների թիվը սպառնալի չափերի է հասնում

Հունվար 21,2014 22:44

Աղանդավորությունն ի սկզբանե ուսմունք է եղել ցանկացած կրոնում, որը խոտորել է պաշտոնական դավանությունից և հակադրվել նրան։ Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են մարդկանց տարբեր խմբերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները՝ որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։ Մասնավորապես՝ միջնադարում աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական-գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական պետության և իշխող եկեղեցու դեմ (պավլիկյաններ, բոգոմիլներ և այլն), ինչպես նաև բյուրգերականությունը (կատարներ, ալբիգոյցիներ, վալդեսականներ)։ 4-5-րդ դարերում Հայաստանում տարածում ստացան բորբորիտների, մծղնեականների աղանդավորական շարժումները, իսկ 7-րդ դարում սկիզբ առավ պավլիկյան շարժումը, որը մի քանի դար շարունակ ահաբեկման մեջ պահեց եկեղեցուն ու պետությանը, հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին։ 9-11-րդ դարերում Հայաստանում տարածվել է թոնդրակեցիների հզոր շարժումը։ Ֆեոդալական կարգերի քայքայման ու կապիտալիստական հարաբերությունների ձևավորման շրջանում առաջ եկավ կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական շարժումը, որը լայնորեն տարածվեց եվրոպական երկրներում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում։ Այդ աղանդներից են անաբապտիստները, մենոնիտները, քվակերները, ադվենտիստները և ուրիշներ։ Ռուսաստանում աղանդավորության ղեկավարները հանդես եկան բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթների ու սոցիալիզմի գաղափարների դեմ։ Նրանք թշնամաբար դիմավորեցին Հոկտեմբերյան հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմի տարիներին պայքարում էին խորհրդային իշխանության դեմ։ Խորհրդային տարիներին պետական հստակ քաղաքականության արդյունքում շատ քիչ աղանդավորական կազմակերպություններ գոյություն ունեին, այն էլ՝ այն երկրներում, որտեղ նրանց համար գործունեության և ծավալման շատ թե քիչ շրջանակներ կային։ Դրանք էին Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսիան։ Հայաստանում մինչև 1987 թվականը աղանդավորական կազմակերպություններ գրեթե գոյություն չունեին։ Աղանդները Հայաստան ներթափանցեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ հոգևոր դաշտը նոսրացել էր։ Աղանդավորական կառույցների թիվն այդ ժամանակ երկուսն էր։       Այժմ, ինչպես «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնություն» հկ նախագահ Ալեքսանդր Ամարյանն է տեղեկացնում, վերջին տվյալներով պաշտոնապես գրանցված է կրոնական 67 կազմակերպություն, որոնցից 10-ը Հայ առաքելական եկեղեցուն կից գործող կառույցներ են, 6-ը հին, ավանդական եկեղեցիների ճյուղերն են, իսկ մնացած 51-ը՝ աղանդավորական։ Նշենք նաև, որ, ըստ  հկ տվյալների, մոտ երկու այդքան էլ ընդհատակում են գործում։ Իսկ աղանդավորների ընդհանուր թվաքանակը Հայաստանում անցնում է 300-350 հազարից։ Աղանդների ներթափանցումից ի վեր դրանց թվաքանակի նվազման դեպքեր չեն գրանցվել։ Ընդհակառակը՝ ամեն տարի ավելի են շատանում՝ իրենց մեջ ընդգրկելով նորանոր մարդկանց։ Սա կատարյալ անտարբերության և բարձիթողի վիճակի արդյունք է։ ՀՀ Կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը ստեղծված իրավիճակի մեղավոր համարում է ոչ միայն իշխանություններին։ «Եղել են կրոնական հիմք ունեցող հանցագործություններ, սակայն տվյալ քրեական գործերը հասունացած չեն եղել, և մարդիկ էլ վճռական ու հետևողական չեն եղել։ Միայն լրատվամիջոցներն են պարբերաբար աղմուկ բարձրացրել, բայց հասարակության կողմից այդ ընթացքում որևէ նախաձեռնություն չի եղել»,- ասում է Վ. Ասցատրյանը։ Նշենք, որ անցյալ տարի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կողմից ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը Եվրոպայի մասնագետների հետ զբաղվում էր աղանդավորական շարժումների նկատմամբ ռազմավարության նախագծի մշակմամբ, սակայն մինչ այսօր այդ հանձնաժողովի կողմից որևէ կոնկրետ գործողություն չի իրականացվել։ Իրականում աղանդավորական կազմակերպություններն ունեն իրենց, այսպես կոչված, պաշտպանիչ հզոր շերտը։ Կան ուժեր, որոնք հովանավորում  և աջակցում են այդ կազմակերպություններին։ Գաղտնիք չէ, որ աղանդավորական կազմակերպություններն իրականում փոխկապակցված են։ Նրանք իրավաբանորեն անկախ են, սակայն շատ լրատվամիջոցներ են գրել, որ գրեթե բոլոր աղանդավորական կազմակերպությունները հովանավորվում են Արևմուտքի կողմից։ Աղանդավորական կազմակերպությունների նպատակը, անկախ ուսմունքի բովանդակությունից, նույնն են՝ խարխլել, քանդել պետության հիմքերը, կազմաքանդ անել բոլոր բարոյական նորմերը, ժողովրդին hետ վանել իր ավանդույթներից և դեգրադացնել ու զոմբիացնել մարդկանց։ Աղանդավորականների թվաքանակի աճը բացատրվում է նաև բնակչության, հատկապես դեռահասների և երիտասարդների թերկրթվածությամբ և սահմանափակ մտածողությամբ, ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակով, կրոնի, պետության և ազգի գոյատևման գաղափարներին մասամբ և բացարձակ անտեղյակությամբ։ Երկրորդ գլխավոր պատճառը սոցիալական ծանր կացությունն է, որից օգտվում է աղանդավորական կազմակերպությունների գերակշռող մեծամասնությունը։ Աղանդավոր դարձածների մի մասի համար էլ այդ կազմակերպությունները դարձել են փաստացի աշխատատեղեր, որտեղ բավարար գումար են ստանում իրենց ընտանեկան կամ անձնական ծախսերը հոգալու համար։ Շատ քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր դուրս են եկել որևէ աղանդից։ Նրանց թիվը չի գերազանցում 10-15-ը։ Միաժամանակ, ինչպես «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության» հկ նախագահն է տեղեկացնում, աղանդավոր դարձած քաղաքացուն հետ բերելու համար անհրաժեշտ է 2-7 տարի և ահռելի մեծ գումարներ։ Աղանդների տարածումը կանխելու հարցով Հայաստանում պետք է զբաղվի և՛ իշխանությունը, և՛ օրենսդիրը, և՛ Հայ առաքելական եկեղեցին, և՛ ժողովուրդը։ Հայաստանում չկա մի օրենք, որով կարող են ճնշել կամ գոնե հսկել աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը։ Եկեղեցուն կից պետք է լինեն իրավաբան և հոգեբան կրոնագետներ, ովքեր իրենց քարոզչական լայնածավալ գործունեությամբ կարող են գոնե կանխել աղանդավորական կազմակերպությունների հետագա բազմացումը։ Ինչպես Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն է ասում, առաքելական եկեղեցին իր մեղավորությունն այնքանով է ընդունում, որ չի հասցնում պատրաստել անհրաժեշտ քանակով հոգևոր հովիվներ։ «70 տարվա ընթացքում 1000-2000 հոգևորական կորցրեցինք, իսկ նոր հոգևորական պատրաստելու համար պահանջվում է 7-8 տարի»,- ասում է տեր Շմավոնը՝ հավելելով, որ մեկ միլիոնանոց Երևանը սպասարկում է ընդամենը 25-30 հոգևորական, որը շատ քիչ է։  Գաղտնիք չէ, որ աղանդավորներն էլ են հայ և Աստծո զավակը։ Նա շեշտում է, որ առաքելական եկեղեցին պայքարում է ոչ թե հայ ազգի, այլ օտար ներգործության դեմ։ Ազգային արժեքների, հայրենասիրության, ազգային ինքնագիտակցության, ավանդույթների, բարոյական նորմերի ոտնահարումն ու խեղաթյուրումը դառնում է այդ կազմակերպությունների հիմնական և գլխավոր նպատակը: Կան նաև որոշ պաշտոնյաներ, ովքեր այդ  կազմակերպություններից, այսպես ասած, ունեն իրենց փայաբաժինը։ Հավատքը ցանկացած պետությունում, առավելապես Հայաստանի նման փոքր երկրում, հանդիսանում է ազգի համախմբման, հետագա գոյատևման և բարգավաճման հզոր գործոն։ Ցավալին այն է, որ քայքայիչ աղանդների դեմ պետական հստակ քաղաքականության բացակայության պայմաններում դրանց թիվը գնալով ավելանում և նոր սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի ու պետության համար։ Ըստ «Առաջին լրատվական» կայքի՝ Հայաստանում այս տարի սկսել են գործել նոր աղանդներ՝ «Ռեյկի. Էներգետիկ կենտրոն», «Աստծո մանուկներ», «Լոգոս եկեղեցի», «Արարատ եկեղեցի»։ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ աղանդներից տուժած քաղաքացիների հետ աշխատելու են բացվելիք նոր կենտրոնների հոգեբանները։ ««Ռեյկի» աղանդն իբր կենսական էներգիա է տալիս մարդկանց։ «Աստծո մանուկներ» աղանդը դասվում է  խարիզմատիկ եկեղեցիների դասին, գործում է Կոտայքի մարզում։ «Լոգոս» և «Արարատ» չգրանցված աղանդները գործում են Երևանում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց ձեռքի տակ են բազմաթիվ հայտնի անձանց անուններ, այդ թվում՝ քաղաքական գործիչների և շոուբիզնեսի ներկայացուցիչների, ովքեր բազմաթիվ աղանդների հետևորդներ են։ «Նրանց անունները չենք հրապարակի, պարզապես կասենք, որ ոմանց մասին տեղեկություններն արդեն ուղարկել ենք համապատասխան իրավապահ մարմիններին»,- նշեց Ս. Հովհաննիսյանը։ Լիգայի համակարգող Գոռ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Երևանում և ՀՀ մի քանի մարզերում հարցումներ են անցկացրել 8 հազար 357 մարդու շրջանում՝ պարզելով, որ հարցվածների միայն 56,37 տոկոսն է առաքելական եկեղեցու հետևորդ, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցու հետևորդ է 1,95 տոկոսը, «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ՝ 24,4 տոկոսը, «Եհովայի վկա» աղանդի հետևորդ՝ 9,8 տոկոսը, հեթանոս է հարցվածների 0,16 տոկոսը և այլն։ «Համոզված ենք՝ «Կյանքի խոսք» աղանդը ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից։ Դրա ղեկավար Արթուր Սիմոնյանն այդ երկրում իր եկեղեցին է կառուցում, ինչը նշանակում է, որ լայն հովանավորչություն է վայելում»,- նշեց նա։ Ինչպես ասացինք, քիչ է խոսվում կրոնական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից կատարված քրեական, տնտեսական բնույթի հանցագործությունների մասին։ Ըստ arm.am, irates և de focto լրատվական կայքերի՝ իրականում դրանք բավական մեծ թիվ են կազմում։ Կայքերում նշված է, որ դատախազությանը մոտ կանգնած իրենց աղբյուրների փոխանցմամբ՝ ինքնասպանությունների գերակշիռ մասն ունի աղանդավորական հետք։ Զուգադիպությո՞ւն է, որ մորմոններն իրենց «եկեղեցիները» հիմնում են այն տարածքներում, ուր տեղակայված են ՀՀ ռազմական կարևորագույն օբյեկտները։ Օրինակ՝ Գյումրում, Արտաշատում, Վանաձորում դրանք զորամասերից հեռու են ընդամենը մի քանի տասնյակ մետր։ Խնդրին իրազեկ անձինք համոզված են, որ նրանց նպատակը ռազմական անհրաժեշտ տեղեկատվություն հայթայթելն է։ Հայտնի է, որ աղանդավորական կառույցներն ունեն իրենց բացահայտ կամ գաղտնի կրթական համակարգերը, որոնց նպատակն է՝ լվանալ մարդկանց ուղեղները, զրկել մարդուն ինքնուրույն մտածելու ունակությունից, ու, ինչպես ասում են, տեղ բացել կրոնական շերտով քողարկված քայքայիչ գաղափարների «ներարկման» համար։ Դրան է միտված մեր երկրում «կրոնական» գրքերի տպագրական ծավալի կրկնապատկումը։ Աճել է աղանդավորական գրախանութների թիվը, ակտիվ գործում են նրանց ինտերնետային կայքերը։ Այս առումով բավական ակտիվ է գործում «Կյանքի խոսք» կոչվող աղանդավորական կառույցը։ Պարզվում է՝ այս աղանդն ունի «7×70» կոչվող սեփական հեռուստաստուդիա, որը արբանյակային հեռուստաալիքի և ԱՄՆ-ում սփռվող «ITN» կաբելային հեռուստակայանի միջոցով հեռարձակում է իր հաղորդումները։ Այս ամենը փաստում է կառույցի ֆինանսական հզորության մասին։ Դրսից տրամադրվող ֆինանսներն ուղղվում են հստակ ծրագրված, նպատակային քարոզչության իրականացմանը։ Նշենք նաև, որ այս աղանդի ներկայացուցիչները բավականին մեծ թիվ են կազմում նաև առողջապահության ոլորտում՝ բարեգործական ակցիաների անվան տակ ներազդելով հիվանդ մարդու հոգեբանության վրա։  Կրթական աղավաղված համակարգի պայմաններում աշակերտները չեն դաստիարակվում որպես հայ քաղաքացիներ և իրենց կոսմոպոլիտ, վերացական մտածողությամբ մտնում են քաղաքացիական կյանք։ Առաջարկում եմ այսուհետ կրթական համակարգում, սկսած մանկապարտեզից և առաջին դասարանից, դասավանդել կրոնագիտության, հայրենասիրության առարկաները, որոնք ոչ թե պետք է լինեն երկրորդական, երրորդական առարկաներ, այլ առաջնային։ Դա պետք է մտցնել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ անկախ ֆակուլտետից։  Դպրոցներում դասավանդվող «Կրոնի պատմություն» և «Հայրենագիտություն» առարկաները չեն ծառայում իրենց նպատակին։ Երկու տարի աշխատել եմ դպրոցում և գիտեմ, թե ինչ խայտառակ վիճակում է այդ առարկաների դասավանդումը։ Իսկ փոփոխված, մատչելի և արդյունավետ կերպով դասավանդելու դեպքում ուսուցիչը կարող է մեղադրվել ծրագրից շեղվելու համար։ Միայն կազմակերպված և հստակ, բազմաբնույթ քաղաքականության արդյունքում կարող ենք հասնել դրական արդյունքի և վերջապես արմատախիլ անենք այդ չարաղետ ուսմունքները և կանխենք դրանց հետագա ներթափանցումը Հայաստան։ Էլ չեմ խոսում դրսից ներխուժած տարբեր այլասերությունների մասին, որոնք հանդես են գալիս համասեռամոլների, էմոների և այլ անունների ներքո։ Վերջիններս նույնպես, ըստ մեր աղբյուրների, ունեն իրենց քարոզիչները, և տարածողները հովանավորվում են Արևմուտքի կողմից։  «Խղճի ազատության մասին» օրենքի ընդունումը մեր երկրի համար իսկական պատուհաս է դարձել։ Բայց այն իրավունք չի տալիս որևէ աղանդի՝ զբաղվել հոգեորսությամբ, այլասերվածություն քարոզել, ինչպես անում են, օրինակ, մունականները (այս աղանդին տարիներ առաջ անդրադարձել է «Ազգ» օրաթերթը)։ Լոռու մարզում և մարզկենտրոն Վանաձորում տոտալ աղանդներից առավել ակտիվ են եհովականները (նրանց թիվն, ըստ մեր տվյալների, հասնում է մի քանի հազարի) և մորմոնները։ Վերջիններս մի հսկա շենք են վարձակալել Գարեգին Նժդեհի փողոցում։ Ուրեմն մեր իշխանությունները և ընդդիմությունը պետք է մի կողմ դնեն գաղափարական և այլ տարաձայնություններն ու միավորվեն մեկ միասնական նպատակի շուրջ՝ փրկել մեր ազգը և պետությունը կործանումից։ Այստեղ իրենց մեծ ներդրումը պետք է ունենան նաև Հայ առաքելական եկեղեցին և հասարակության բոլոր խավերը։ Դնենք ամուր հիմնաքար, որպեսզի կարողանանք կառուցել հզոր երկիր։

 

Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031