Լրահոս
Օրվա լրահոսը

28-ամյա դոկտորը ներկայացրեց ինքն իրեն

Հունվար 29,2014 13:45

«Առավոտի»` «Տնտեսագիտականի խորհուրդը 28 տարեկանին դարձրել է դոկտոր» հրապարակումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Հոդվածն այն մասին էր, որ անցյալ տարվեվերջին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 014 խորհուրդը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան է շնորհել 28-ամյա Դավիթ Հարությունյանին, որը ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի որդին է: Հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեց Դավիթ Հարությունյանը՝ ցանկանալով ներկայացնել նաեւ իր տեսակետը: «Խորհուրդը որոշել է շնորհել գիտական աստիճան, ինչը կատարվել է որոշակի չափանիշներից ելնելով: Այսօր մեկնաբանվում է տարիքային խնդիրը, բայց արդյոք գիտական աստիճան շնորհելը կապ ունի՞ տարիքի հետ, պե՛տք է մարդու գիտական արդյունքը նայել»,- ասաց նա:

Իր գիտական արդյունքի գնահատման չափանիշները, մեր զրուցակցի ընկալմամբ եւ ձեւակերպմամբ, իր նախորդ գիտական աշխատանքներն են ու գործունեությունը: «Գիտական գործունեությամբ սկսել եմ զբաղվել դեռեւս երկրորդ կուրսից, հոդվածներ գրել եւ այլն: Առաջին հոդվածը մեր ժողինստիտուտի «Տնտեսագետում» էր տպագրվել: Խմբագրությունը խթանեց, որ ավելի ակտիվ զբաղվեմ դրանով: Երբ հինգերորդ կուրսն էի ավարտում, արդեն շուրջ 30 գիտական հոդված էի տպագրել, այդ թվում՝ «ֆինանսներ եւ էկոնոմիկա»-ում, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»-ում, «Տնտեսագետ»-ում, ներառյալ նաեւ իմ մասնակցած կոնֆերանսների գիտական ժողովածուները: Երբ ավարտում էի ինստիուտը՝ իմ չափ հոդվածներ դեռ ոչ ոք չէր տպագրել»,- ասում է Դավիթ Հարությունյանը՝ ուսանողական շրջանի հաջողությունները ասոցացնելով գիտական գործունեության հետ: Նաեւ հավելում է, որ մի շարք մրցանակներ է ստացել, կրթաթոշակներ շահել, այդ թվում՝ «Մխիթար Գոշ», Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի սահմանած եւ այլն: «Դոկտորական ատենախոսության հետ կապված՝ նշեմ իմ հետագա գործունեության մասին: Երբ ավարտեցի ժողինստիտուտը, զբաղվեցի ակտիվ գիտական գործունեությամբ, դրա մեջ էր մտնում ՀՊՏՀ-ում դասավանդելը, հետագայում սկսեցի դասավանդել նաեւ Ամերիկյան եւ Ֆրանսիական համալսարաններում: Ի դեպ, երբ առաջին անգամ դասախոսություն կարդացի, Ամերիկյան համալսարանի պրեզիդենտն ու դեկանը զարմացել էին»,- իրեն շարունակեց ներկայացնել երիտասարդ գիտնականը:

Հետաքրքրվեցինք, եթե իրեն ուսանող ժամանակվանից լուրջ «ստաժով» գիտնական է համարում, Scopus-ում, կամ գոնե Google Scholar-ում որեւ բան կա՞ իր մասին: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ԲՈՀ-ը, չափանիշները սահմանելիս, այդ ամենը հաշվի է առել, այնուհետեւ հղում արեց Համաշխարհային բանկի պատվերով իր կատարած վերլուծություններին, ցույց տվեց այդ աշխատանքի դիմաց իրեն տրված վկայականները: Երբ ասացինք, որ իր բիզնես գործունեությունը չպետք է շփոթել գիտական գործունեության հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Duing Business report-ի վերլուծությունները կատարվում են աշխարհի 183 երկրի շրջանակում: Երբ վերլուծություն ես կատարում, դրա հիմքը գիտությունն է, վա՞տ է, որ միջազգային պրակտիկայում քո վերլուծության արդյունքը վճարովի է: Մեզ մոտ, չգիտես ինչու, ընդունված է, որ գիտնականը պետք է վատ ապրի… Հավելեմ, որ համագործակցել եմ տարբեր կառույցների հետ: Օրինակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ ունենք անգլերեն համատեղ հրապարակում, որը վերաբերում է ՀՀ-ում գործարար միջավայրին, ՊԵԿ-ի հետ համատեղ հրապարակել ենք գիրք, որը տրամադրվել է աշխարհի բոլոր դեսպանատներին, թե Հայաստանում ինչպիսի՞ն է գործարար միջավայրը»: Դոկտորը, պատասխանելով մեր հարցին, նշեց, որ տեղյակ չէ, թե քանի անգամ է հղում արվել իր բազմաթիվ հոդվածներին. «Ես չեմ կարող հետեւել, թե քանի ատենախոսություն է պաշտպանվել եւ քանի հղում է կատարվել իմ աշխատանքերին: Եվ եթե հարյուրից ավելի հոդվածներ եմ հրապարակել, ու դրանք գիտական համաժողովների արդյունքներ են, գիտական համաժողովի արդյունքում դրանք արդեն ռեյտինգ են ստացել»: Նշենք, որ նրա հրապարակումները, բացի մեկից, տպագրված են տեղական կամ ԱՊՀ կոնֆերանսների ժողովածուներում եւ նույնիսկ Google-ի բազայում չգտնվեցին:

Դավիթ Հարությունյանին խնդրեցինք պատմել ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում իր ուսումնառության մասին: Ասաց, որ հաղթելով Ասո Թավիթյանի մրցույթում, մեկնել է ԱՄՆ, 6 ամիս սովորել Ֆլետչերի դպրոցում (Fletcher School of Law and Diplomacy – Tufts University): Նաեւ հպարտորեն հավելեց, որ այդտեղ է սովորել նախին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ դիվանագիտություն եւ ո՛չ տնտեսագիտություն: Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենց կուրսի համար դասընթացը ֆինանսների գծով էր: Պարզեցինք, որ ուսուցումը վճարովի էր, մեկ անձի համար Դավիթ Հարությունյանի խոսքով, մոտ $80000, սակայն այդ գումարը վճարել է Ասո Թավիթյանը: Ճապոնիայում էլ սովորել է JICA-ում (Japan International Cooperation Agency), այնտեղ հիմնական ուղղվածությունը բիզնեսի կառավարումն էր Կովկասի երկրների համար: Դավիթ Հարությունյանի ասելով. «Այն ժամանակ ֆինանսական ճգնաժամը նոր էր սկսվել, սովորեցնում էին ինչպես հաղթահարել ճգնաժամը, հիմնական շեշտադրումը ՓՄՁ-ների խրախուսումն էր եւ օրենսդրական դաշտի ճիշտ ներկայացումը»:

Խնդրեցինք զուգահեռ տանել հայաստանյան եւ «դրսի» տնտեսագիտության միջեւ: «Տնտեսագիտական տեսանկյունից նույնն են մոտեցումները, դրանց գործադրման մեջ է տարբերությունը՝ կախված երկրների զարգացածության աստիճանից: Երբ Ֆլետչերում սովորում էի, ինձ այնտեղ դասավանդում էր Գանայի նախկին վարչապետը, անգամ Թոնի Բլերը մեկ օրով եկավ դասախոսություն կարդաց: Հիմա էլ Սահակաշվիլին է այնտեղ դասախոսում: Օրինակ, Գանայի վարչապետը, որ դասախոսություն էր կարդում, ասում էր, որ նույն Գանայում կան հարկային արտոնություներ, օտարերկրյա ներդրումների ներգրավման տարբեր միջոցներ: Երբ ինքը այդ օրենսդրական դաշտը ներկայացնում էր, տեսնում էի, որ Գանայի ու Հայաստանի օրենսդրությունները շատ նմանություններ ունեն, պատկերացրեք աֆրիկյան երկրի ու Հայաստանի օրենսդրությունների միջեւ նմանություններ, տնտեսության խրախուսման մասով այս երկու երկրները նման են»: Խոսելով մեր եւ «դրսի» բուհերի մասին՝ Դավիթ Հարությունյանը ասում է, որ ամերիկյան համալսարանի ընթերցասրահը պայմաններով հինգ աստղանի հյուրանոց էր հիշեցնում:

«Երբ գնացի ԱՄՆ սովորելու, ինձ հանձնարարում էին օրական 300 էջ, ինչը ֆիզիկապես հնարավոր չէր կարդալ: Սակայն, երբ քննության արդյունքներն ամփոփումն էին, ես ամենաբարձրն էի ստանում, ի տարբերություն մյուսների, որ օրուգիշեր կարդում էին»,- ասաց գիտնականը՝ հավելելով, որ ինքը հաջողությունների է հասել նախկին ժողինստիտուտում կուտակած գիտելիքների հաշվին: Իսկ ինչո՞ւ «դրսում» չպաշտպանեց, մանավանդ, իր ասելով, Բենթլիի եւ Ֆլետչերի համալսարանների դասախոսներից նման առաջարկ ուներ: «Մի քիչ հայրենասիրական պահ կար եւ պայմանագրային պարտավորվածության: Այն մարդը, որ ֆինանսավորել էր իմ կրթության համար, պահանջ էր դրել, որ չորս տարի աշխատեմ Հայաստանում: Թավիթյանը վեց ամսվա ընթացքում երկու անգամ հրավիրեց իրենց տուն, ասաց՝ Դավիթ ջան, այսքան ներդրում եմ արել քո վրա, որպեսզի գնաս Հայաստան, բարեփոխումներ անես, շարունակես դասավանդել ու քո գիտելիքները տարածես»:

Իսկ ի՞նչ է տալիս իրեն գիտական աստիճանը, այն էլ այսօր, երբ այսքան շատացել են պաշտպանությունները: Դավիթ Հարությունյանի ձեւակերպմամբ՝ այդկերպ գնահատվում է իր աշխատանքը, եւ դա հասարակությունից տարբերվելու միջոց է: Նա նաեւ տարակուսանք է հայտնում, որ պետությունը շահագրգիռ չէ գիտնականների աշխատանքի արդյունքները տնտեսության մեջ ներդնելու հարցով. «Կյանքում պետությունը չի կանչել, չի ասել՝ Դավիթ ջան, արի քո արդյունքը կիրառենք: Այստեղ պետության անտարբերության հարցն է: Մինչդեռ բազմաթիվ վերլուծություններ եմ արել, ներկայացրել ՀԲ, կառավարություն, Էկոնոմիկայի նախարարություն»: Նաեւ հարցրինք, թե ինչո՞ւ հոդվածներ չունի հեղինակավոր միջազգային ամսագրերում: «Եթե ուզում ես հեղինակավոր ամսագրում տպագրվես, դա կապ չունի քո գիտական արդյունքի հետ: Ընդամենը ենթադրում է ֆինանսական մեծ միջոցներ, որպեսզի կարողանաս էդտեղ հրապարակվել: Մեր գիտնականից նման բան պահանջելը այնքան էլ արդարացված չէ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Անդրանիկ says:

    Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ տնտեսագետները մեղավոր են մեր երկրի ծանր վիճակի համար: Եթե գիտության դոկտոր է դարձել, գոնե պետք է մի փոքր պատկերացում ունենա, թե ինչ է գիտությունը: Այս մարդը պատկերացում չունի անգամ, թե որն է գիտական արդյունքն ու գիտական հրապարակումը: Նա երևի կուրսային է պաշտպանել ոչ թե թեկնածուական ու դոկտորական, իսկ աստիճանները տվել են հենց այնպես՝ որպես փիլաքյան:

  2. Ara Kirakosyan says:

    Սա կոչվում է տիպիկ հայկական լոպազություն` մերն ուրիշ է, մենք ամենախելացին ենք: Ես այդ մասին շատ եմ գրել… Տվյալ երիտասարդին իհարկե ցանկանում եմ հաջողություններ ապագա գիտական գործնեության մեջ: Եվ վերջապես մի խորհուրդ. Տղա ջան դու դոկտոր չես, դու չունես նույնիսկ մեկ ցիտված աշխատանք, իսկ 100-ից ավել գիտական աշխատանքներդ ուղղակի ոչ մի գիտական արժեք չունեն և չեն էլ կարող ունենալ: Քո «թեզիսիկներով» դու գիտնական չես կարող դառնալ: Վերջապես, նորից հիշենք հայտնի անեկդոտը` «դու ձեր գյուղում էս դոկտոր…» Ավաղ սա է ճշմարտությունը…….

  3. K. A. says:

    Վերջն այնպես է լինելու, որ այս երիտասարդի գործը մի օր ընկնի նրա նման պաշտպանած դատավորի ձեռքը, հետո նույն մեթոդներով պաշտպանած բժիշկը բուժի նրան, իսկ նրա երեխաներն այցելեն այնպիսի մանկապարտեզ, որտեղ դասավանդում է նույն մեթոդներով պաշտպանած մանկավարժության թեկնածու, հետո սովորի այնպիսի դպրոցում, որտեղ նույն մեթոդով պաշտպանած բանասիրության թեկնածուն լեզու կսովորեցնի, իսկ ԲՈՒՀում կդասավանդեն այս 28-ամյա պատանու մակարդակի ու նրա նման լիքը հոդվածներ ունեցող գիտության դոկտորները: Ամեն ինչ փոխադարձ է: Չմոռանամ ասել, որ այդ գեղեցիկ կոստյումն էլ հավանաբար դերձակության թեկնածուն է կարել:

  4. Տիգրան Անանյան says:

    Մի ուրիշ կարգի տաղանդավոր է երիտասարդը. սկսել է տպագրվել երկրորդ կուրսից սկսած (ասենք 18 տարեկան հասակում), այժմ 28 տարեկան է և ունի հարյուրից ավել հոդված: Պարզության համար ընդունենք` 100 հոդված ունի: Այսինքն, միջինում 36 օրը մեկ ունենում էր տպագրելու արժեք ունեցող ԳԻՏԱԿԱՆ հոդված..
    .
    Հայհոյանքներից զատ, ուրիշ խոսքեր շատ դժվար է գտնել նկարագրելու` թե ինչպիսի անիմաստ և ծիծաղելի են այդ թվերը հնչում ցանկացած լուրջ գիտաշխատողի համար: Ցանկացած մասնագիտության մեջ նույնիսկ կայացած, աշխարհահռչակ գիտնականները այդպիսի տեմպերով որակյալ հոդվածներ չեն հասցնում արտադրել…

    Ջահելը իհարկե իր հայրիկի արժանի զավակ է , քանզի ո՛չ Դավիթ, ո՛չ էլՎլադիմիր Հարությունյանի անունով որևէ ցիտում ունեղող գիտական հոդված Google Scholar-ը, Scopus@ կամ գոնե Google-ը չեն գտնում…

  5. Ռուբեն says:

    Երիտասարդ դոկտորը պատճառաբանում է.
    «Եթե ուզում ես հեղինակավոր ամսագրում տպագրվես, դա կապ չունի քո գիտական արդյունքի հետ: Ընդամենը ենթադրում է ֆինանսական մեծ միջոցներ, որպեսզի կարողանաս էդտեղ հրապարակվել: Մեր գիտնականից նման բան պահանջելը այնքան էլ արդարացված չէ»:

    Հաստատ գիտե՞ք, հարգելի դոկտոր, որ դա այդպես է, թե՞ ուզում եք տպավորություն ստեղձել, որ ֆինանսական մեծ միջոցներ չունենալու պատճառով է, որ չեք կարողացել աշխարհի տնտեսագետներին տեղեկացնել Ձեր աշխատանքների մասին: Այ եթե մի քիչ էլ Ձեզ փող հատկացնեին, դրսում արդեն կիմանային մեր տնտեսագիտական ձեռքբերումների մասին:
    Ուրեմն իմացեք, որ կան բազմաթիվ հեղինակավոր ամսագրեր, որտեղ տպագրվելու համար ֆինանսական մեծ միջոցների կարիք բացարձակապես չկա: Ընդհակառակը, հոդվածագիրն է հոնորար ստանում, իսկ լավ հոդվածի դեպքում` հոդվածագիրը կարող է հոնորարից բացի նաև դրամական մրցանակ էլ ստանալ:

  6. Վահագն says:

    Անձամբ ճանաչում եմ Դավիթին, սովորել եմ ֆրանսիական համալսարանում, որտեղ նա ինձ ՛՛հարկեր՛՛ էր դասավանդում Մագիստրատուրայում: Հավատացնում եմ, որ նա ոչ մի աղերս չունի ՛՛ՏարոնՄարգարյանական՛՛ գիտնականների հետ: Կողքից մի քիչ կարող է ճիշտ չընկալվել, մանավանդ, որ հոդվածը գրված է փոքր-ինչ էրոնիայով, սակայն Դավիթը իրոք արժանի է նրան ինչին հասել է: Նա տարբերվում է նավթալին գիտնականներից՝ ունենալով ոչ միայն գիտելիքնեքների մեծ պաշար, այլ նաև ունակ լինելով դրանք օգտագործել պրակտիկայում

    • Artur says:

      Գուցեև արժանի է, կամ խելացի է: Դա ամենևին հարցի դրվածքը չի փոխում հարգելիս: Դրա համր կա ժամանակ, այսինքն ժամանակ է պետք աճելու համար` դոկտորական պաշտպանելը խաղ ու պար չէ: Մարդը ոչ մի արժանահավատ աշխատություն չի ներկայացրել և դոկտոր է արդեն: Իսկ լավ դասախոս կարող է լինել նույնիսկ սովորական ասպիրանտը:

    • Հրայր says:

      Հարգարժան Վահագն, շատ գիտելիքները եւ լավ դասախոս լինելը իրեն բնութագրում են որպես դոցենտ կամ պրոֆեսոր, դրանք մանկավարժական աստիճան են: Իսկ այս հարցազրույցով Դավիթը մի շարք անհեթեթ բաներ է ասել, եւ երեւում է, որ ինքը լավ չի պատկերացնում թե ինչով է գիտությունը տարբերվում լրագրությունից եւ ինչպես է աշխատում գիտական համակարգը: Եթե լավ դասախոս է, ապա թող դոցենտի կոչման դիմի ոչ թե դոկտորի, դոկտորը դա գիտական աստիճան է, որի համար անհրաժեշտ է շատ արդիական եւ լուրջ գիտական նորույթ ունենալ եւ շատ ավելին: Ազդեցության գործակցով ամսագրերը այդպիսի բաները ստուգում են, իսկ սովետական տիրույթում կարելի է ցանկացած անիմաստ բան տպել: Դա պետք է արմատախիլ անել, Դավիթը լավ տղա կլիներ եթե հաջորդող տարվա ընթացքում գոնե մի հատ ազդեցության գործակցով ամսագրում հոդված տպի, հակառակ դեպքում դիտվելու է, որպես տնտեսագիտական թեմայով գրող լրագրող: Հնարավոր չէ տարեկան տպել 10 հոդված առանց մեծ գիտական խմբի ղեկավարման, իսկ իր պնդմամբ նա մեծ խումբ չուներ եւ իր ձեռքբերումները իր արժանիքներն են:

  7. Անահիտ says:

    Շատ տաղանդավոր մարդ:
    Շնորհավորում եմ, հպարտ եմ նման հայրենակից ունենալու համար:
    Հուսով եմ պայմանագրի ավարտից հետո կշարունակի աշխատել Հայաստանում:

Պատասխանել Անահիտ

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031