Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Այսօր ունենք փտած քաղաքական դաշտ, պատճառը ոչ ընտրություններն են». «Հայոց աշխարհ»

Հունվար 31,2014 12:35

Հատված Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:

 -Նման բանավեճն արդյունավետ կարող է ծավալվել միայն կայացած քաղաքական դաշտում: Իսկ այսօր ինչպիսի՞ն է այն մեզանում, առհասարակ քաղաքական ուժերը համարժե՞ք են հակազդում մեր դեմ ուղղված մարտահրավերներին, նաեւ արձագանքում ներքին իրողություններին:

-Անկախացման հետ միասին՝ 1990-91-ին, Հայաստանում սկսեցին ձեւավորվել նոր կուսակցություններ, հայրենիք վերադարձան ավանդական կուսակցությունները, որոնք գաղափարական հենք ունեին: Այն ժամանակվա խոշոր կուսակցություններն էին ՀՀՇ-ն, Կոմկուսը, ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, թվում էր, որ հենց նրանք էլ պետք է կամաց-կամաց զարգանան:

Բայց Հայաստանի մեծագույն չարիքը կանգնեց կուսակցությունների առաջ ու խաթարեց նրանց զարգացման ընթացքը. 95-96 թթ. պարզվեց, որ ընտրությունների միջոցով մեզանում ո՛չ նախագահ է ընտրվում, ո՛չ էլ Ազգային ժողով ձեւավորվում: Սա հանգեցրեց հետեւյալ համոզմանը՝ ոչինչ կախված չէ գաղափարներից ու կուսակցություններից, ու ընտրապայքարը տեղափոխվեց մեկ այլ դաշտ: Սա էլ պատճառ դարձավ, որ շատ-շատերը հեռանան քաղաքական դաշտից:

Գիտեք, մարդը սիրելով գիտությամբ զբաղվելը՝ նաեւ մտածում է դոկտորական պաշտպանելու, Նոբելյան մրցանակի արժանանալու մասին, զինվորականը եւս ծառայելով հայրենիքին՝ ուզում է հրամանատար դառնալ, հետո գեներալ, քաղաքականությամբ զբաղվողն էլ ուզում է երկրի համար աշխատելով դառնալ պատգամավոր, քաղաքապետ, վարչապետ: Բայց ներուժ ունեցող մարդիկ համոզվում են, որ այստեղ իրենց գիտելիքներն ու կարողությունները դեր չունեն, որովհետեւ ինչ-որ մեկը կարող է փողոցից գալ ու հայտնվել գագաթին: Սա էր պատճառը, որ մտավոր կարողություն ունեցողները հեռացան քաղաքականությունից, մենք զրկվեցինք արժեքավոր, գիտակ անձանցից:

Ուրեմն այն, որ այսօր ունենք փտած քաղաքական դաշտ, պատճառը ոչ ընտրություններն են: Չնայած որքան էլ այսօրվա ընտրությունները նախորդից ավելի լավ են, բայց մենք ժամանակին կորցրինք այն կախարդական բանալիներից մեկը, որը բացում էր Հայաստանի ապագայի դուռը. դա արդար ընտրությունների անցկացման հնարավորությունն էր:

Իսկ կուսակցական դաշտն այսօր այսպիսին է. ՀՀԿ-ն ստեղծման առաջին փուլում փոքր կուսակցություն էր, ու Վազգեն Սարգսյանն այն արհեստականորեն մեծացրեց: Եվ միայն վերջին տարիներին ՀՀԿ-ն կամաց-կամաց վերաճեց կուսակցության:

ՀՅԴ-ն կատարեց սխալ քայլեր՝ մե՛կ իշխանություն, մե՛կ ընդդիմություն լինելով, բայց քանի որ Սփյուռքում ունի կառույցներ, ունի նաեւ մեծ ավանդույթներ, այն եւս կուսակցություն պետք է համարել: Մնացածի մեջ ես լուրջ կուսակցություն չեմ տեսնում:

Այսպիսով, մենք իրականում ունենք երկու կուսակցություն՝ մեկը իշխանական է, մյուսը ընդդիմության մեջ է, բայց իրենք երկուսով կարող են մարդկանց սպասումների մի փոքր մասը միայն բավարարել: Եվ այս առումով, քաղաքական դաշտում այսօր վակուում կա:
Բայց անգամ այս իրավիճակում, եթե ինչ-որ կախարդանքով մարդիկ ներքին համոզմունք ունենան, որ հաջորդ ընտրությունները կլինեն արդար, հենց այս պահից կսկսեն կազմավորվել այլ լուրջ կուսակցություններ եւս: Սակայն մարդկանց վստահությունն է կորել:

 -Փոխարենը մեզանում նկատելի է քաղաքացիական հասարակության ձեւավորում ու զարգացում: Ի՞նչ կասեք այս նոր իրողության մասին:

-Այո, այստեղ փոփոխություն կա, որովհետեւ մարդիկ զզվել են կուսակցություններից: Եթե այսօր սովորական մարդուն առաջարկես դառնալ որեւէ կուսակցության անդամ՝ կհրաժարվի, բայց եթե ասես՝ արի միասին պայքարենք Թեղուտի, Մաշտոցի պուրակի համար, կուտակային համակարգի ներդրման դեմ՝ կհամաձայնի ու կլինի քո կողքին: Սա փաստում է, որ Հայաստանում կուսակցություն անունը բավական արժեզրկված է: Փոխարենը քաղաքացիական հասարակության դաշտն է զարգանում:

Պատճառները երեքն են. նախ՝ ունենք երիտասարդություն, որը չի ապրել խորհրդային համակարգում եւ այս տարիներին ավելի շատ շփվել է արեւմտյան արժեքների հետ, ու նրա համար մարդու ազատությունը, օրինականությունը շատ կարեւոր են: Ունենք հասարակություն, որը չի հանդուրժի, որ իր իրավունքները ոտնահարվեն:

Երկրորդ՝ տարեցտարի մեր հարաբերությունները ավելի են խորանում Եվրամիության հետ, եւ դա եւս նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Երրորդ՝ շատ բան կախված է նաեւ այսօր գործող անձանցից: Կարծում եմ, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ ավելի հանդուրժող է, քան նախորդ երկուսն էին: Ու այս ամենի արդյունքում բարենպաստ հող է ստեղծվում քաղաքացիական հասարակության ձեւավորման համար:

Բայց, միեւնույն է, խոչընդոտը դարձյալ կա, դա ընտրություններն են: Եթե իշխանությունը ձեւավորվում է իրական ընտրության միջոցով, ապա այն շատ զգայուն է լինում հասարակական կարծիքի հանդեպ, որովհետեւ հակառակ դեպքում նա հաջորդ ընտրություններում կունենա ձայների զգալի կորուստ: Բայց երբ ընտրություններն այնքան էլ մաքուր չեն անցնում, հասարակության ձայնը որքան էլ «վերեւներում» լսում են, սակայն գալիս է մի եզր, որից այն կողմ այդ ձայնը կարող է եւ չլսվել, հետեւաբար նշանակություն չունենալ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031