Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բողոքարկում են «Ծածկած շուկայի» պատին փակցված ատելություն սերմանող պաստառի հարցով գործ չհարուցելու մասին որոշումը

Հունվար 31,2014 15:57

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պահանջեց դատավորի ինքնաբացարկ:

karoi-pastaban

Պաշտպանն իր պահանջը հիմնավորում էր դատավորի՝ գործին կարեւոր փաստաթղթերի անտեղյակությամբ ու դրանք չպահանջելու հանգամանքով. «Գտնում ենք, որ դատավորի գործողություններով խախտվել էր անաչառության սկզբունքը: Դատավորը մեր նկատմամբ անաչառ չէ ու կողմնակալ է: Այդ պատճառով, նույնիսկ եթե մեր մտավախությունը հիմնավոր չէ, դատարանը պետք է բավարարեր, որովհետեւ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով դատաքննությունը պետք է տեսանելի լինի, այսինքն որեւէ կասկած չլինի դատարանի անաչառության վերաբերյալ»:

Քսան րոպե խորհրդակցությունից հետո դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Նախորդ դատական նիստերին դատախազը չէր ներկայացրել պաշտպան Հայրապետյանի պահանջած գործին վերաբերող բոլոր նյութերը՝ պնդելով, որ ինքը պահանջել է, երբ արդեն դատաքննության փուլ են մտել, այսինքն` ուշացած միջնորդություն էր համարում: Իսկ դատարանը միայն այսօր որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը բոլոր նյութերի տրամադրման վերաբերյալ:

Մեր հարցին, թե հիմնավորվա՞ծ չէր դատախազի պնդումը, թե գործին վերաբերող նյութերի միջնորդությունը ուշացած է, պարոն Հայրապետյանն ասաց. «Այդպիսի կարգ չկա: Քրեական դատավարության օրենսգրքով, եթե տուժողը կամ այլ անձ վիճարկում է դատախազի կամ քննիչի գործողությունները, ընթացակարգ նշված չէ: Այսինքն, այդպիսի կարգ գոյություն չունի: Ինձ համար նորություն էր»:

Կարո Եղնուկյանը դատարան է դիմել՝ բողոքարկելով «Ծածկած շուկայի» պաշտպանության ընթացքում իրականացվող ակցիաների ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցների կողմից իր մեքենայի շարժիչի ծածկոցը, կողային հայելիները վնասելու ու Մաշտոցի պողոտայից մինչեւ հանրապետության հրապարակ տանող ճանապարհին Սամվել Ալեքսանյանի ու նրա աջակիցների կողմից հետապնդվելու փաստով գործ չհարուցելու վերաբերյալ քննիչի որոշումը:

Բողոքարկում են նաեւ «Ծածկած շուկայի» պատին փակցված Կարո Եղնուկյանի նկատմամբ ատելություն սերմանող պաստառի հարցով գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը:

Հիշեցնենք, պաստառը Եղնուկյանի լուսանկարով եւ «Մասոն, գրանտակեր եւ այլ մակագրություններով էր:

Պաշտպան Հայրապետյանը դատարանում պնդում էր, որ քննիչը պետք է պարզեր՝ ինչ նպատակով է այդ պաստառը փակցվել, կատարվել գրառումները, ինչի հիման վրա են հանգել այն եզրակացության, որ Կարո Եղնուկյանը մասոն է, գրանտակեր, քննիչը պետք է պարզեր՝ քանի անձ է մասնակցել պաստառի փակցնելու գործընթացին, ովքեր են նպաստել հանցագործության կատարմանը:

Քննիչը պետք է քրեաիրավական գնահատականներ տար, եթե քննիչը հանգեր, որ արարքներում բացակայում է հանցակազմը, պետք է պատճառաբանված որոշում կայացներ, ինչը չի կատարվել: Նա նաեւ ասաց, որ մեքենան վնասողներից մեկի ինքնությունը պարզվել է, բայց նույնիսկ չի բացահայտվել շարժառիթը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 13-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031