Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախ թող աշխատավարձերը փոխանցեն, հետո նոր պահումներից խոսեն». դպրոցի տնօրեն

Հունվար 31,2014 16:34

Չնայած Սահմանադրական դատարանը ժամանակավորապես` մինչև մարտի 28-ը, կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը, այդուհանդերձ տարբեր տեղեկություններ են տարածվում այն մասին, որ պետական կառույցներում 1974 թվականից հետո ծնվածների աշխատավարձից արդեն իսկ 5 տոկոսի չափով պահում են անում` վստահ լինելով, որ Հայաստանում ոչինչ չի փոխվելու:

Այսօր Aravot.am-ը Գյումրու մի շարք պետական կառույցներից` դպրոցների տնօրեններից, ՏԻՄ մարմիններից հետաքրքրվեց, թե կատարե՞լ են արդեն պահումներ:

Ազատանի ՀՀԿ-ական գյուղապետ Վարդան Իկիլիկյանը մեզ տեղեկացրեց, որ օրենքը եթե ընդունվի՝ կտարածվի միայն գյուղապետարանի մեկ աշխատակցի վրա, մյուսները տարեց մարդիկ են: Նա ասաց, որ չի պատրաստվում օրենքից առաջ ընկնել ու թեկուզև ներքին կարգով նման բան անել: Գյուղապետը նաև վստահեցրեց, որ Շիրակի մարզպետարանից ոչ մի նման պարտադրանք չի եղել գյուղապետարաններին:

«Մենք օրենքով աշխատող մարդիկ են, օրենքը հարգող, կսպասենք ՍԴ-ի որոշմանը, մինչև չլինի այդ որոշումը՝ բացառվում է որևէ պահում», -հավաստիացրեց գյուղապետը:

Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանն էլ ասաց. «Պահումների մասին խոսք լինել չի կարող, դրա իրավունքը մենք չունենք էլ, քանի դեռ չկա գործող օրենք»:

Նկատի ունենալով, որ Գյումրու քաղաքապետարանը բավական մեծ թվով երիտասարդ կադրեր ունի, Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեցինք, թե ՍԴ-ի վավերացնելու դեպքում քանի՞ հոգի կդառնա օրենքի «զոհը»: «Մենք այս պահին չենք էլ հաշվառել, թե քանի աշխատակցի վրա կտարածվի այն, քանի որ դրա անհրաժեշտությունը դեռ չկա, չկա գործող օրենք»,-պատասխանեց Զոհրապ Եգանյանը:

Պահումների հետ կապված փորձեցինք ճշտումներ անել նաև Գյումրու դպրոցներից: Տնօրեններից մեկը, դեռ մեր հարցը չլսած, սրտնեղեց `ասելով. «Նախ թող աշխատավարձերը փոխանցեն, հետո նոր պահումներից խոսեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031