Ռուբեն Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի կայացման 5 ուղեցույցներից մեկն է

Ռուբեն Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի կայացման 5 ուղեցույցներից մեկն է

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 25-ամյակի (հունվարի 21) առիթով Championat.com-ը հիշել է ֆուտբոլային այն հինգ գործիչներին, ովքեր կարեւոր դերակատարություն են ունեցել հայկական ֆուտբոլի «Ոսկե տղայի» կայացման գործում:

Առաջինը, հասկանալի է, Հենոյի հայրն է՝ Համլետ Մխիթարյանը, հայ երկրպագուների ամենասիրած ֆուտբոլիստներից մեկը, որը երկաթյա վարագույրների իջնելուց հետո տեղափոխվել էր ֆրանսիական «Վալանս», սակայն 1996 թվականին առողջական խնդիրների պատճառով հարկադրված եղել վերադառնալ Հայաստան: Հենրիխը հենց հորից է ժառանգել ֆուտբոլային լավագույն որակները՝ բարձր արագությունը եւ լավ դրիբլինգը:

Նշվում են նաեւ Մխիթարյանի մանկական տարիների կուռք Զինեդին Զիդանի, Հայաստանի մարզիչներից առաջինը Pro լիցենզիա ստացած Արմեն Գյուլբուդաղյանցի, ներկայումս Հենրիխի գործակալ Մինո Ռայոլայի անունները:

Աղբյուրը հատուկ անդրադարձել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Մամուլի ասուլիսներում ոչ ստանդարտ խոսքով եւ Միշել Պլատինիի հետ անձնական մտերմություն ունեցող ՀՖՖ կոլորիտային նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնի է նաեւ ֆուտբոլին անսահմանորեն կապվածությամբ ու երիտասարդ ֆուտբոլիստների հանդեպ հոգատար վերաբերմունքով: Հայաստանի երիտասարդ ֆուտբոլիստների վարպետության բարձրացման ուղիներ որոնելու փնտրտուքների արդյունքում նա ժամանակին բրազիլական հանրահայտ «Սան Պաուլույում» հայ պատանի ֆուտբոլիստների համար ստաժավորում անցնելու պայմանավորվածություն ձեռք բերեց: Եվ որ հայ առաջին տաղանդը, որի հղկումով պիտի զբաղվեին բրազիլացիները, 13-ամյա Հենրիխը պիտի լիներ, ֆեդերացիայի ղեկավարը չէր կասկածում:

«Ես այնտեղ շատ բան սովորեցի, թե ինչպես պետք է խաղալ: Բրազիլացի ֆուտբոլիստները տեխնիկապես շատ բարձր են, մարզումների ժամանակ մեծ ուշադրություն են դարձնում հարվածների վրա. ինչպե՞ս ճիշտ հարվածել եւ ինչպես գնդակը պտտեցնելով ուղարկել դարպասի անկյունը», – իր չորսամսյա որակավորումը հիշում է Հենրիխ Մխիթարյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ be-part-of-it.unicredit.eu-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք