Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային հերթական կորուստը

Փետրվար 08,2014 14:17

Կյանքի 72-րդ տարում վախճանվեց ճանաչված օպերային
երգիչ եւ մանկավարժ Ռաֆայել Հակոբյանցը:

«Առավոտին» այս մասին ցավով հայտնեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:

Ռաֆայել Հակոբյանցի հարուստ կենսագրության մեջ, ինչպես առիթի դեպքում ինքն էր նշում, առավել կարեւորը իր սաների՝ հատկապես այսօր Մոսկվայում եւ արեւմտյան թատրոններում աշխատող երգիչների հաջողություններն են եւ այն հպարտությունը, որ ապրում է նշանավոր մանկավարժը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի պրոֆեսորը: Հիանալի դպրոց անցնելով Գոհար Գասպարյանի մոտ եւ երկար տարիներ հանդիսանալով նրա բարեկամը՝ աշխարհահռչակ երգչուհուց նա վերցրել է այն ամենն, ինչ անհրաժեշտ է թատրոնում երեւալու ու վոկալիստներ պատրաստելու համար:

1970-91թթ. Ազգային օպերային թատրոնում Հակոբյանցի դերերգերից շատերը, այդ թվում՝ Ամոնասրոն (Վերդիի «Աիդա»), Տոնիոն (Լեոնկավալոյի «Պայացներ»), Սպանդարատը (Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»), այսօր էլ տարբեր առիթներով հիշվում են մասնագետների եւ հանդիսատեսի կողմից: Ասում են՝ ճանաչված երգիչն ու մանկավարժը, խորհրդային տարիներին մտերիմ լինելով ԽՍՀՄ-ում օպերային արվեստի ոլորտում «եղանակ ստեղծող» այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Իրինա Արխիպովան, Զարուհի Դոլուխանյանը, Ելենա Օբրազցովան, Պավել Լիսիցյանը, Թամարա Սենյավսկայան եւ մյուսները, կարողացել է հայ երգիչներին «մղել» ռուսաստանյան բեմեր ու տարբեր հեղինակավոր մրցույթներ:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում 2012թ. օգոստոսի 29-ին նշվեց Ռաֆայել Հակոբյանցի ծննդյան 70-ամյա հոբելյանը, եւ նրա դասարանում (պրոֆեսորը կոնսերվատորիայում դասավանդում էր շուրջ 40 տարի) սովորող այլ վոկալիստների թվում հանդես եկան նրա երբեմնի ուսանողները՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ, Մոսկվայի Նեմիրովիչ- Դանչենկոյի անվան թատրոնի մեներգիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր Արսեն Սողոմոնյանը, Լոնդոնի թագավորական ակադեմիայի օպերային ստուդիայի մեներգչուհի Թերեզա Գրիգորյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Ալինա Փահլեւանյանը:

Ժամանակին մեզ հետ զրույցներից մեկում Հակոբյանցն ասել էր. «Արտերկրում, մանավանդ հեղինակավոր թատրոններում, թեկուզ մեկ հայ երգչի բեմելը հպարտություն է ե՛ւ մեր կոնսերվատորիայի, ե՛ւ մեր երկրի համար… Այսօր էլ մեր թատրոնի ու կոնսերվատորիայի մասին հպարտորեն եմ խոսում, հպարտանում եմ մեր անվանի երաժիշտներով, հատկապես վոկալիստներով, որոնք զարդարում են աշխարհի բեմերը: Ոչ միայն կուզեի, այլ անհրաժեշտ է հիշել արվեստի հայ մեծերին ու անմահացնել նրանց…»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728