Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Մարգարյան. «Ռուսաստանի միգրացիոն նոր օրենսդրությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»

Փետրվար 08,2014 18:32

«Ռուսաստանում գտնվելու 90-օրյա ժամկետը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք աշխատանքային պայմանագրեր կամ թույլտվություն չունեն։ Իսկ թույլտվություն ստանալը բավական դյուրին է։ Հարկավոր է ընդամենը դիմել Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային բաժին»,-այսօր Օրինաց Երկիր կուսակցության կազմակերպած  Ռուսատանում միգրացիոն օրենսդրության խստացման շուրջ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նա, մեկնաբանելով Ռուսաստանում օրենսդրական փոփոխություններն, ասաց, որ Ռուսաստանում աշխատանքային քվոտան կազմում է 2-3 միլիոն մարդ, իսկ այդ թիվը Հայաստանի համար գրեթե անսպառ է: Իսկ եթե քաղաքացին Ռուսաստանում օրինական թույլտվություն է ստացել աշխատելու համար եւ նշված ժամկետը լրացել է,  ապա այն կարելի է կրկին օրենքի սահմաններում՝ երկարացնել՝ առանց ՌԴ սահմանը հատելու, այսինքն, պարտադիր չէ լքել Ռուսաստանի տարածքը, հետո կրկին վերադառնալ՝ թույլտվություն ստանալու համար: Պարզապես, աշխատանքային միգրանտը պարտավոր է նշել, թե ոլորտում՝ ձեռնարկությունում է պատրաստվում աշխատել. «Թույլատրվում է աշխատել նաեւ ֆիզիկական անձանց մոտ: Այդ դեպքում անհրաժեշտ է ստանալ մինչեւ 3 ամսվա փաթեթ: Սակայն այդ դեպքում էլ այն կարելի է երկարացնել՝ մնալով Ռուսաստանում: Սատանան այնքան էլ վատը չէ, որքան որ հորջորջում են, մեկ տարվա աշխատանքային թույլտվությունը մինչև լրանալը, միգրանտը կարող է կրկին պատենտով դիմել եւ երկարացնել ժամկետը»:

Պարոն Եգանյանի խոսքերով՝ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ չի ստեղծում այն օրինական ներգաղթյալների համար,  որոնք բավարարում են այդ երկրի օրենսդրական պահանջներին: Գագիկ Եգանյանը նշեց, որ այդ գործընթացը բարդ չէ, անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ 2 հազար ռուբլի, ինչպես նաեւ՝ բժշկական տեղեկանք՝ սոցիալական վտանգավոր հիվանդությունների բացակայության վերաբերյալ:

Միգրացիոն ծառայությանը պետը նշեց նաեւ, որ աշխատանքի մեկնողները կարող են ռուսական fms.gov.ru եւ հայկական  smsmta.am կայքերում ծանոթանալ  աշխատանքային ներգաղթյալների գտնվելու ռեժիմին՝ մուտքագրելով իրենց անձնական տվյալները եւ իմանալ՝ թույլատրվո՞ւմ է տվյալ անձի մուտքը Ռուսաստան:

Պարոն Եգանյանի այս լավատեսությանը քննարկմանը ներկաներից մեկն էլ նկատեց, որ մեկնողներից շատ շատերն համակարգչից օգտվել չգիտեն, ուր մնաց թե համացանցում տվյալներ փնտրեն: Սրան էլ ի պատասխան պարոն Եգանյանն ասաց, որ մարդու մտքին տեղ լինի, կանի:

Պարոն Եգանյանի խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցելով, մեզ համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում. ՄՄ տարածքում աշխատանքային միգրանտը կարող է գործունեություն ծավալել առանց թույլտվության, առանց փաստաթղթեր ներկայացնելու, այսինքն՝ ՄՄ երկրների քաղաքացիների  համար աշխատաշուկան բաց է: Հիմա, ճանապարհային քարտեզի շրջանակներում իրականացվող աշխատանքներից հետո: Ներկայիս յոթօրյա ժամկետը փոփոխվելու է երեսուն օրվա: Այսինքն` քաղաքացին ՄՄ տարածք մուտք գործելուց  յոթ օրում հաշվառման պետք է կանգնի, ՄՄ մտնելուց հետո, այն երեսուն օր է դառնալու:

Ռուսաստանն իր երկրում միգրանտների համար օրենքները խստացրել է, ըստ պարոն Եգանյանի, այդ երկրում միգրանտների կողմից կատարված ապօրինությունների պատճառով. Ռուսաստանում  ամենափոքր հանցանքի-զանցանքի դեպքում արգելվում է օտարերկրացու մուտքը ՝ երեք տարով,  անգամ եթե միգրացիոն օրենսդրություն չէ, վարչական իրավախախտումներ չկան, կարմիր լույսի տակով երթեւեկելու երկու արարքը բավական է, որ օտարերկրացու մուտքը արգելվի. «Մինչեւ դեկտեմբերի երեսունմեկը, նշված դեպքերով, հինգ հարյուր հազար մարդ դեպորտ են արել, այդ թվում նաեւ հայաստանցիներին, ամեն ամիս այս ցանկն ավելանում է հարյուր հազարով»:

Քննարկմանը ներկա ՕԵԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ Ռուսաստանում օրենսդրական փոփոխությամբ կոռուպցիոն ռիսկեր են դրսեւորվում. «Համարենք, Հայաստանի քաղաքացին ենթակա է արտաքսման աշխատանքային պայմանագրի բացակայության պատճառով: Իսկ եթե նրա երեխաներն օրինականորեն դպրոց են գնում, հետագա կրթության իրավունք ունե՞ն, թե՝ ոչ:  Նույն խնդիրն է վերաբերում նաեւ ընտանիքի հիվանդ անդամներին. արդյոք իրավունք ունեն շարունակել բուժում ստանալ: Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների որոշ հատվածներ , նույնիսկ առանց աշխատանքային պայմանագրի, կարող են ազատվել օրենքի ազդեցությունից»:

 

 Պարոն Մարգարյանի դիտարկումները՝ տեսանյութում.

 

Նելլի Բաբայան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728