Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնական բանկը դեմ է գնացել Սահմանադրական սահմանումներին». ՍԴ պատասխանը` ԿԲ-ին․ 1in.am

Փետրվար 10,2014 23:24

Սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ որոշման ընդունումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը հարկ համարեց հանդես գալ հայտարարությամբ՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, և հիշեցնում է, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»:

Ուստի ԿԲ-ն հորդորել էր «ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:

«Առաջին լրատվական»-ը ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին հարց է ուղղել՝ հարկ վճարողները չեն կողմնորոշվում՝ ենթարկվել ՍԴ որոշմա՞նը, թե՞ ԿԲ-ի ու հարկայինի պահանջներին: Բացի այդ՝ հետաքրքրվել էինք, թե արդյոք այդպիսով չի՞ նսեմացվում ՍԴ-ի դերը, քանի որ Կենտրոնական բանկն իր հայտարարությամբ փաստացի անիմաստ է հայտարարել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Մեզ ուղարկած գրավոր պատասխանում Առուշան Հակոբյանը հայտարարել է, որ համաձայն օրենքի՝ ՍԴ անդամներն ու աշխատակազմը պարտավոր են ձեռնպահ մնալ ՍԴ որոշման մասին տեղեկություն հայտնելուց: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձեր կողմից բարձրացված հարցը վերաբերում է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասին, որի գործողությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ կասեցվել է»:

«ՀՀ օրենքով ՍԴ որոշումները մեկնաբանելու իրավունք որևէ մեկին տրված չէ: ՍԴ-ի մասին օրենքում հստակ ձևակերպված է: Ես չեմ կարող մեկնաբանել, ոչ էլ որևէ մեկի հայտարարության հետ համեմատել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Մեր հարցադրմանը՝ չե՞ք կարծում, որ Կենտրոնական բանկի հայտարարության մեջ արդեն իսկ Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանություն կա, ՍԴ ներկայացուցիչը հայտարարեց. «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքների, այլ նաև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել: Որովհետև որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ՝ նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կշարժվենք՝ եթե այսպես լինի, այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշխատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»:

Դիտարկմանը, թե այսինքն՝ ԿԲ-ն հակասահմանադրակա՞ն հայտարարությամբ է հանդես եկել, Հակոբյանը պատասխանեց. «Էդպիսի բան ես չասացի: Ես ասում եմ՝ նրանք նախ սխալ են ներկայացրել դա, որովհետև ոչ մեկը չի կարող, ոչ մեկն իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Ի դեպ՝ անկախ այս իրավիճակից: Ընդհանրապես ոչ մեկն իրավունք չունի: Եթե անգամ սխալ է կատարել հաշվապահը, նախորդ աշխատավարձից իրավունք չունի պահումներ կատարելու»:

Մեր հստակեցմանը՝ ստացվում է, որ Կենտրոնական բանկի հայտարարությունը անհիմն սպառնալի՞ք է տնտեսվարողներին, ՍԴ ներկայացուցիչն ասաց. «Ոչ միայն տնտեսվարողները, այլև գործատուներն այդպիսի իրավունք չունեն: Չեն կարող, նրանց ասածը հակասում է»:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Առաջին լրատվական»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728