Լրահոս
Օրվա լրահոսը

Մարշալ Բաղրամյանի կողմից տուն ստացած չարդախլվեցին հիմա անտուն է

Փետրվար 21,2014 22:01

Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղում բնակվում են Ադրբեջանի Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից 1988թ. բռնագաղթածները: Զորականի 64-ամյա բնակիչ Լեւոն Պողոսյանն ավելի քան 7 ամիս անտուն է : Պողոսյանը մեզ պատմեց, որ ինքը եղել է անվանի ծանրամարտիկ, 1971թ. 60 կգ քաշային կարգում դարձել ԽՍՀՄ չեմպիոն, եղել նաեւ ԽՍՀՄ զինված ուժերի առաջնության հաղթող: Նրա հաջողություններն ուրախացրել են ծագումով Չարդախլուից մարշալ Հովհաննես Բաղրամյանին: Մարշալը նրան ինքնագրով իր լուսանկարն է նվիրել, նաեւ բնակարան հատկացրել Երեւանում: 10 տարի առաջ Լեւոն Պողոսյանը բաժանվել է կնոջից: Դրանից հետո դժբախտ պատահարից Երեւանում մահացել է նրա 27-ամյա աղջիկը՝ որբ թողնելով իր երկու երեխաներին: Լեւոն Պողոսյանը 10 տարի առաջ տեղափոխվել է Զորական գյուղ, ուր բնակվում էին իր հայրն ու մայրը: Նրանք այժմ մահացած են: Լեւոնի միակ որդին՝ Անդրանիկը նախկինում ֆուտբոլիստ էր, հետո թողել է սպորտը, մեկնել Վլադիվոստոկ: Հայրն ասում է, որ ինքը երկար ժամանակ Անդրանիկի մասին լուր չունի:

Լեւոն Պողոսյանի վկայությամբ՝ 2013թ. հուլիսի 16-ի գիշերը քամուց էլեկտրական հոսանքի լարերն իրար են բախվել, դրա հետեւանքով տանիքում հրդեհ է բռնկվել: Նա գիշերվա 3-ին արթնացել է, լսելով կրակից պայթող կղմինդրների ձայնը: Մինչ Նոյեմբերյան քաղաքից հրշեջների ժամանելը երկհարկանի տունն ամբողջությամբ այրված էր: Ոչնչացել է նաեւ տան ողջ գույքը, հրդեհից ընդհանուր վնասը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ: Այրվել է նաեւ մարշալ Բաղրամյանի նվիրած լուսանկարը:

Զորականի գյուղապետարանը կենսաթոշակառու Լեւոն Պողոսյանին գյուղի փոստի շենքում մի սենյակ է հատկացրել: Այդ սենյակը նախատեսված է գյուղի թոշակառուների հանգստի եւ ժամանցի համար: Լեւոնն ասում է, որ հիմա թոշակառուներն իր պատճառով ստիպված դրսում են նարդի խաղում, ժամանակ անցկացնում: Լ. Պողոսյանն իր հարցով 2 անգամ դիմել է ՀՀ նախագահին, նաեւ վարչապետին, այլ ատյաններ: Սերժ Սարգսյանին ուղղված առաջին դիմումին ի պատասխան նա Տավուշի մարզպետարանից 30 հազար դրամ օգնություն է ստացել: Երկրորդ դիմումին պատասխանել են, որ նրան կացարանով ապահովելու համար աջակցություն կցուցաբերվի: Տավուշի մարզպետարանից Լեւոնին պարզաբանել են, որ դա նշանակում է վագոն-տնակի հատկացում: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ համագյուղացիները Լեւոնի համար դրամական եւ հագուստի հանգանակություն են կատարել, ինքն էլ մշտապես աջակցում է, որ լուծվի նրա հանապազօրյա հացի խնդիրը: Սակայն պարզ չէ, թե ով պետք է տրամադրի վագոն-տնակ գնելու համար շուրջ 400 հազար դրամը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728