Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթի զոհերը. Ընտանեկան բռնություն՝ շարունակել լռե՞լ, թե՞ պայքարել

Փետրվար 26,2014 13:16

 «Կյանքի ու մահվան կռիվ էի տալիս,  մտածեցի. եթե չփախնեմ` ինձ կսպանի»…

      Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք, թեև դեռևս դժվարանում են ճեղքել լռությունը և նրանց 50 տոկոսից ավելին նույնիսկ արդարացնում է «մեղավոր կնոջ» վրա  ձեռք բարձրացնող տղամարդուն, սակայն  փորձագետները հավաստիացնում են, որ հասարակությունը դանդաղորեն կոտրում է կարծրատիպերը:

Չնայած ընտանեկան բռնությունների դեպքեր հաճախ են արձանագրվում, որոնցից շատերն ունենում են ողբերգական հանգուցալուծում, սակայն այս թեման Հայաստանում շարունակում է մնալ «չսիրված» ու քողարկվել. «մենք ընտանիքը հարգող ազգ ենք, հայերին սազական չի, ամոթ ա», ծանրացած արտահայտությունների շղարշում:

Կանանց նկատմամբ բռնության հետևանքով մահացության վերջին դեպքերը գրանցվեցին ընդամենը օրեր առաջ՝ Արմավիրի մարզում, երբ փետրվարի 15-ին 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանին ամուսինը սպանել էր՝ քարերով հարվածելով գլխին և շեղբով կտրելով պարանոցի հատվածը: Իսկ 43-ամյա Ժենյա Հարությունյանին էլ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող ամուսինը՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մետաղաձողով հարվածներ էր հասցրել մարմնի տարբեր մասերին ու սպանել:

Ըստ ոստիկանության տվյալների՝ 2012-ին գրանցվել է ընտանեկան բռնության մոտ 760 դեպք, իսկ 2013-ին՝ մոտ 500 դեպք:

Սակայն սրանք այսբերգի միայն երևացող մասերն են, քանի որ բռնության դեպքերը սովորաբար այդպես էլ մնում են ընտանեկան պատերի ներսում:

Հայաստանում դեռ դժվար է պարզել, թե իրականում որքան է ընտանեկան բռնությունների թիվը: Տարբեր հարցումներ նշում են, որ տասը հայ կանանցից ավելի քան երեքը ընտանիքում ենթարկվում են ֆիզիկական բռնության, իսկ նրանց 66%-ը` հոգեբանական ճնշման:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում դեռևս 2009-ին իրականացված համապետական հարցման  մասնակիցների 80 տոկոսն իր դեմ կիրառվածը բռնություն էր համարել, սակայն միայն 15 տոկոսն էր համաձայն եղել բարձրաձայնել այդ մասին:

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքից 27-ամյա Հասմիկ Խաչատրյանի իննամյա ամուսնական դժոխային կյանքից հիշատակ են մնացել բազում սպիներ, որոնցից ամեն մեկը մի դժբախտ օրվա պատմություն են:

«Կյանքի ու մահվան կռիվ էի տալիս, ինքը ծեծում էր առանց որևէ պատճառի: Ոչ էլ բաժանվում էր ինձնից: Մի անգամ էլ ծեծից հետո տասն օրից ավել պառկած էի, մտածում էի գոնե այս անգամ կուղղվի, բայց հետո ավելի շատ սկսեց ծեծելը: Վերջին անգամ էլ ականջիս էր խփել, ականջիս թաղանթն էլ պայթել, այդ օրը մտածեցի, որ եթե չփախնեմ` ինձ կսպանի»,-պատմում է Հասմիկ Խաչատրյանը, ով 2013-ի հունիսին, հերթական ծեծի ժամանակ, գիշերով մի կերպ կարողացել է փախչել տնից ու հարազատների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Հիվանդանոցում նրան տեղեկացրել են «Կանանց աջակցման կենտրոնի» մասին, որը տրամադրում է նաև հոգեբանական, փաստաբանական աջակցություն և Հայաստանում ունի ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված միակ ապաստարանը, որտեղ էլ տեղափոխվել է Հասմիկը:

«Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանն ասում է, որ Հասմիկը դաժանաբար ծեծի է ենթարկվել նաև հղիության ընթացքում, ինչի հետևանքով նրա առաջնեկը՝ 7-ամյա Վարսիկը, լսողության խնդիր ունի:

Հասմիկն այն խիզախներից է, ով, այնուամենայնիվ որոշում է բարձրաձայնել իր հետ կատարվածի մասին ու պայքարել արդար պատժի համար, սակայն նրա պայքարը պարբերաբար խոչընդոտվում է, քանի որ նրա ամուսինը երկրում հայտնի պաշտոնյաների վստահելի բախտագուշակ Վարսիկի որդին է՝ Սարգիս Հակոբյանը: Հասմիկի կարծիքով իրեն բռնության ենթարկածին հովանավորում են նույնիսկ ոստիկանները, ովքեր իրեն հորդորել են հետ վերցնել դիմումը ոստիկանությունից և չխայտառակել «նայող» Վարսիկի ընտանիքի անունը:

Ըստ Կաժոյանի՝ Հասմիկի դատական գործն անընդհատ հետաձգվում է, ինչը հավանաբար արվում է գործի հնչեղությունը մարելու համար:

«Հավանաբար կարծում են, որ կձգձգեն ու մի օր մենք չենք գնա դատին, կամավորները չեն գնա ու իրենք կմնան մեն-մենակ Հասմիկի հետ ու արդեն ինչ ուզեն կանեն, բայց մենք Հասմիկին և նմանատիպ վիճակում գտնվող մեզ դիմած այլ կանանց մենակ չենք թողնի: Այդ երիտասարդի վրա մի քանի դատական գործեր կան բացված և արագ փակված, ընդհուպ բռնաբարություն: Ստացվում է, որ բախտագուշակ Վարսիկն օրենքից վեր է»,-ասում է Կաժոյանը:

2001-ին հիմնադրված «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանի կարծիքով Հայաստանում ընտանեկան բռնությունը տարածված երևույթ է և լուրջ հիմնախնդիր, որի պատճառներից մեկն էլ հենց այն է, որ կանայք հիմնականում լռում են:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն 2013-ին արձանագրել է ընտանեկան բռնության 16 դեպք, որոնցից 6-ն ավարտվել են կնոջ մահով, «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն տարվա ընթացքում թեժ գծի միջոցով ստացել է 1344 ահազանգ, որոնցից 473-ը վերաբերել է ֆիզիկական, իսկ 261-ը՝ հոգեբանական բռնության դեպքերի։

«Կանայք շատ հաճախ լռում են, քանի որ երբեմն չեն գիտակցում, որ բռնություն է կիրառվել, երբեմն էլ շատ լավ հասկանում են, սակայն չգիտեն ինչ պետք է անել այդ իրավիճակից դուրս գալու համար»,-ասում է Նիկողոսյանը՝ հավելելով, որ շատ դեպքերում էլ կանայք վախենում են խոստովանել բռնության մասին, քանի որ շրջապատում «ճիշտ չեն հասկանա, կամ մատով ցույց կտան ու կասեն ամուսինը ծեծում էր՝ բաժանվեց»:

Իսկ երեխաների գործոնը հաճախ դառնում է երկսայրի սուր, երբ մտածելով երեխային հորից չզրկելու մասին՝ արդյունքում և՛ իրենք են անօգուտ անձնազոհության  գնում, և՛ երեխաներին դարձնում բռնության զոհ:

Ընտանեկան բռնության՝ երեխաների վրա թողած ազդեցության, թերևս ամենավառ օրինակը 2011-ին տեղի ունեցած ահասարսուռ դեպքն էր՝ մոր կողմից երկու մանկահասակ երեխաների սպանությունը:  34-ամյա Ռոզա Ալոյանը իր ձեռքերով, խոհանոցի պատի կախիչից կախել էր 6 և 4 տարեկան որդիներին:

Ըստ մասնագետների՝ Ալոյանի այս դաժանությունը մանկական տարիքում ապրած ցավի և ողբերգության հետևանքն էր: Ըստ դատախազության տվյալների` Ռոզա Ալոյանի մայրը կացնահարվելով սպանվել էր ամուսնու կողմից, որից հետո 12-ամյա Ռոզան երկու քույրերի և եղբոր հետ տեղափոխվել էր մանկատուն: Հետագայում նրա եղբայրն էլ ինքնասպան էր եղել:

Ընտանեկան բռնության թեմայի տաբուն կոտրվեց 2010-ին, երբ Մասիս քաղաքում ամուսնու և սկեսրոջ կողմից դաժան ծեծի հետևանքով մահացավ երկկողմանի ծնողազուրկ, մանկատան սան Զարուհի Պետրոսյանը: Զարուհուն դաժանաբար ծեծելով սպանելու համար 2011-ին տասը տարվա ազատազրկման դատապարտվեց նրա ամուսինը: Սակայն, իրավապաշտպանների կարծիքով, եթե չլինեին հասարակական ճնշումներն ու բողոքները, այս գործը ևս կկոծկվեր:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններ հենց այս գործի շուրջ համախմբվեցին ու ձևավորեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որն այս տարիների ընթացքում զբաղվել է ընտանեկան բռնության շուրջ 40 դեպքերով:

Առհասարակ, Պետրոսյանի սպանությունը բեկում մտցրեց ընտանեկան բռնության խնդրի ընկալման մեջ. եթե մինչ այդ ԱԺ և կառավարության բազմաթիվ անդամներ հաճախ պնդում էին, որ նման խնդիր Հայաստանում գոյություն չունի, և դա «ուռճացնում են ՀԿ-ները` դրամաշնորհներ ստանալու համար», ապա 1,6 տարեկան երեխայի մոր` Զարուհու մահն ապացուցեց, որ խնդիրն առկա է:

Սակայն, 2013-ի հունվարին Հայաստանի կառավարությունը մերժեց երկար տարիներ մշակված ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը՝ պատճառաբանելով, որ այն «լրամշակման կարիք ունի», մինչդեռ դրա նախորդող տարին՝ 2012-ն, աննախադեպ էր ընտանեկան սպանությունների թվով:

Միայն կես տարում միմյանց հաջորդեցին վեց սպանություններ` ընտանիքի ներսում տիրող դաժանությանը զոհ գնացին երկու երեխաների մայր, 25-ամյա Անժելա Դաշյանը, չորս երեխաների մայր 37-ամյա Քրիստինե Զաքարյանը, հղի ու մեկ երեխայի մայր 21-ամյա Մարո Գուլոյանը, երեք երեխաների մայր 50-ամյա Անահիտ Բաբայանը, 60-ամյա Լիանետա Պետրոսյանն ու երկու երեխաների մայր, 35-ամյա Դիանա Նահապետյանը:

Մինչ օրենքը կընդունվի և նոր մեխանիզմներ կստեղծվեն կանանց ու երեխաներին  իրենց ընտանիքում պաշտպանվելու համար, փորձագետները մատնանշում են մեդիայի ազդեցությունն ու կարևոր դերը բռնությունների «ավանդույթի» դեմ պայքարում:

Աննա Նիկողոսյանը կարևորում է կանանց նկատմամբ իրականացված բռնությունների մասին ԶԼՄ-ների լուսաբանումներն ու կարծում է, որ այդ լուսաբանումները նպաստում են հանրության իրազեկմանը, գիտակցության բարձրացմանը, բացի այդ նմանատիպ դեպքերը մեդիայի ուշադրության տակ պահելը նպաստում է, որպեսզի գործերը թափանցիկ ու արդար վերջաբան ունենան:

«Ընտանեկան բռնությունը գլոբալ հարց է և ամբողջ աշխարհում առկա է, սակայն մոտեցումներն են տարբեր: Հայաստանում ժամանակին շատ քիչ էին խոսում բռնության մասին, ոստիկանությունում հաղորդումներ գրեթե չկային, մինչդեռ այսօր նույնիսկ ԶԼՄ-ներով ամեն օր մի բան կա, փոխվեց պետության քաղաքականությունն ու ստեղծվեց ազգային ռազմավարություն, որ պայքարի գենդերային հիմքով բռնության դեմ, ձեռնարվկեցին նաև արշավներ հեռուստատեսությամբ, դրանց շնորհիվ  մարդիկ առավել իրազեկ դարձան»,- ասում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը:

 Գոհար Աբրահամյան 

Տեսանյութում ընտանեկան բռնության զոհ դարձած Հասմիկ Խաչատրյանը դատարանում ցուցմունք է տալիս խոշտանգումների և ծեծի մասին: Նրա ամուսնական կյանքի դժոխային մանրամասները տեսանյութում.

Տեսանյութը՝ epress.am-ի

Լուսանկարը՝ Կանանց աջակցման կենտրոնի

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան Հեռախոս: +37498 566 886

Էլ.հասցե: [email protected] Ֆեյսբուք:

 https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր:   https://twitter.com/4equalrightsarm  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728