Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ՕԵԿ-ականներն ընտրեցին կուսակցության խորհրդի նոր նախագահ

Փետրվար 27,2014 20:56

Քիչ առաջ ՕԵԿ Շիրակի մարզային գրասենյակում ավարտվեց կուսակցական ժողովը, որի ժամանակ Գյումրու ՕԵԿ խորհրդի նախագահ ընտրվեց Անդրանիկ Գրիգորյանը: Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց. «Ասեմ, որ մեր կուսակցությունում ունենք քաղխորհրդի որոշում, և պարոն Բաղդասարյանի հանձնարարականով ամրագրվել է արդեն, որ քաղխորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է կոորդինացնի մեկ մարզ: Եվ ես որպես գյումրեցի` այլևս ես կոորդինացնելու եմ ամբողջ Շիրակի մարզը, այսինքն` քաղխորհրդի կողմից կուսակցության գործունեության Շիրակի մարզի պատասխանատուն եմ: Գիտեք, որ մինչ այդ ես Գյումրիի համակարգող խորհրդի նախագահն էի, այսօր մենք հերթական կուսակցական նիստը գումարեցինք Գյումրու խորհրդի և միաձայն խորհրդի նախագահ ընտրեցինք Անդրանիկ Գրիգորյանին: Նա մեր ակունքներից եկած, 1998 թվականից ՕԵԿ-ի ակունքներից եկած անձ է, Գյումրիում շատ-շատերը ճանաչում են նրան: Նա եվրոպական քոլեջի տնօրենն է եղել երկար տարիներ, այսինքն` բացված օրվանից»:

Հովհաննես Մարգարյանի պարզաբանմամբ, ինքը, ընդգրկված լինելով խորհրդարանական ակտիվ աշխատանքի մեջ, ֆիզիկապես չի կարող ամեն օր գտնվել Գյումրիում, հարազատ քաղաք այցելում է շաբաթը 1 կամ 2 անգամ, հետևաբար և ՕԵԿ-ին անհրաժեշտ էր այնպիսի մարդ, ով ամեն վայրկյան կգտնվի եվրանորոգված, գեղեցիկ գրասենյակում: Ըստ նրա, Գյումրին այն քաղաքն է, որի վրա անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ հատկացնել, պարբերաբար  հանդիպել  ընտրողների հետ, նրանց հարցերը հետագայում խորհրդարանում բարձրացնելու համար ու առհասարակ ակտիվ կուսակցական աշխատանք կատարել:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե մի ժամանակ գյումրեցիները հիասթափվեցին ՕԵԿ-ից ու լքեցին կուսակցության շարքերը, հաջողվե՞լ է այսօր ՕԵԿ պատասխանատուներին նորից վերականգնել վստահությունը կուսակցության նկատառմամբ, պարոն Մարգարյանն ասաց. «Ճիշտն ասած եզակի դեպքեր են եղել, ընդ որում կուսակցական գործունեության մեջ թերանալու համար մենք ենք հեռացրել  կուսակցության շարքերից: Էդպիսի ժամանակ չի եղել, որ ՕԵԿ-ը համատարած լքեն, չեմ հիշում էդպիսի մի ժամանակ: Ես անկեղծ եմ ասում, քիչ առաջ դուք տեսաք ովքեր էին այստեղ` դպրոցի տնօրեններ, ովքեր եղել են, հիմա էլ կան, նույն թիմը կա: Կարող է բացառիկ դեպքեր լինեն`1-2, բայց համատարած դեպքեր չեն եղել և չկա: Ես էդպիսի դեպք չեմ հիշում, նույնիսկ մեր ընդդիմության ժամանակ»:

Մեր հստակեցմանը, որ խոսքը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածի մասին է, երբ ընդդիմությունից Արթուր Բաղդասարյանը անցավ իշխանության շարքերը, Հովհաննես Մարգարյանն ասաց. «Ես էլի եմ կրկնում, առավել ևս այդ ժամանակ եղել է 1-2 եզակի դեպք: Ով կա, էստեղ է, ես չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր տեղափոխվել են Երևան, էնտեղ են գրանցվել: Դուք գիտեք, որ Գյումրին շատ է դատարկվում, մարդիկ գնում են արտագնա աշխատանքի, մենք ունենք կուսակցական ընկերներ, որոնք 3 տարի էստեղ չեն, Ռուսաստանում են, մասնավորապես Մոսկվայում, ասել, թե նրանք լքե՞լ են շարքերը…Նրանք տևական ժամանակ է`էստեղ չեն, բայց նրանք նույնիսկ դուրս չեն կուսակցության շարքերից»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728