Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ը ոստիկանություն չէ

Փետրվար 28,2014 14:01

Հարցազրույց Բարձրագույն որակավորման
հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ

– Ձեր նշանակումը գիտական հանրության կողմից լավ ընդունվեց: Վստա՞հ եք, որ կարդարացնեք սպասելիքները: Եվ ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում ԲՈՀ-ում:

– Ես համակարգի համար նոր մարդ չեմ, քսան տարի է՝ ԲՈՀ-ում եմ եւ կարծում եմ, որ հարգանքի որոշ մասնաբաժին, այնուամենայնիվ, կա, կա նաեւ վստահություն: Այսօր իմ բոլոր քայլերն անելիս հենվում եմ հենց այդ վստահության վրա եւ շատ ուրախ եմ, որ այդ ամենը ըմբռնումով է ընկալվում: Որեւէ հակադարձում, թշնամանք եւ չարություն իմ հանդեպ չեմ զգում: Բոլորն էլ հասկանում են, որ կա դաշտը հնարավորինս կարգավորելու ընդհանուր մտահոգություն: Ամենակարեւորը, այդ համատեսքտում, պատասխանատվության զգացումի բարձրացումն է: Իմ նպատակը հիմնականում դա է՝ պատասխանատվություն արածդ գործի հանդեպ: Հարկ է՝ բոլոր հարցերին մի քիչ գլոբալ նայենք, ոչ թե տվյալ հիմնարկի, համակարգի, այլ երկրի սահմաններում, կտեսնենք, որ այսօր հասարակության մեջ առկա բոլոր բացասական երեւույթները բնականաբար կան մեր համակարգում, ու հենց պատասխանատվության պակասից է ամեն ինչ, անբարեխղճությունից: Մենք անբարեխիղճ ենք մեր արած գործի ու երկրի հանդեպ: Ախր երկիրը տուն է, մենք միայն մե՛ր տունն ենք փայփայում: Հարկ է գիտակցություն ունենալ, որ եթե ես մտնում եմ գիտության բնագավառ, պետք է կարողանամ այդ լուծը պատվախնդրորեն քաշել: Այսինքն՝ գիտությանը պետք է լուրջ վերաբերվեմ, իմ գիտական աշխատանքին լուրջ վերաբերվեմ, ղեկավարը պետք է բարեխիղճ լինի, մասնագիտական խորհրդի նախագահը՝ նույնպես, խորհրդի անդամները՝ քվեարկողները պետք է բարեխիղճ լինեն՝ մտածելով, որ գիտական աստիճան տալիս են մեկին, որը վաղը կանգնելու է իրենց կողքին որպես հավասարը՝ հավասարի: Ու գիտակցումը՝ արդյոք այդ մարդը արժանի՞ է կանգնելու գիտության այդ աստիճանի վրա, այդ գիտակցումը չկա, ինձ ամենաշատը դա է մտահոգում, այսօր իմ քայլերը միտված են պատասխանատվության բարձրացմանը: Առայսօր 62 աշխատանք վերադարձվել են խորհուրդներ, դա ընդամենը զգոնության կոչ է…

– Որո՞նք են աշխատանքները խորհուրդներին վերադարձնելու պատճառները:

– Հիմնականում բացասական կարծիքներ եւ արտագրություն…

– Ո՞ր ոլորտներն են այդ առումով առանձնանում, ո՞ր ոլորտներից են ամենաշատ աշխատանքներ վերադարձվում:

– Հիմնականում տնտեսագիտություն…

-Տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող մի քանի խորհուրդ կա, նպատակահարմար չէ՞ դրանք միավորել:

– Միավորել հնարավոր չէ, որովհետեւ այդպիսով նախ ստեղծում ես մոնոպոլիա, ինչին կատեգորիկ դեմ եմ: Բացի դրանից, եթե այսօր նայեք ասպիրանտուրայի տեղերը, ամեն ինչ սկսվում է այդտեղից, առյուծի բաժինը տնտեսագիտությանն է: Նայեք բուհերի ցանկը, չկա որեւէ բուհ, որ տնտեսագիտություն մասնագիտություն չունենա: Այս ամենը արձագանք պետք է ունենա: Այդ քանակը ձեւավորվում է այնտեղից, ոչ թե այստեղից, եւ այդ քանակով ծանրաբեռնել ընդամենը մեկ խորհրդի՝ հնարավոր չէ: Ճիշտը այլընտրանքային տարբերակներն ունենալն է:

– Կարծում եք՝ ՀՀ իշխանությունները կշարունակե՞ն աջակցել գիտության վարկի բարձրացմանն ուղղված Ձեր քայլերին, որին, ակնհայտորեն, սպասում են գիտության վարկով շահախնդիր շրջանակները։

– Կարծում եմ՝ այո… Բացի այդ, կոնկրետ հանձնարարական ունեմ: Այսօր ԿԳ նախարարն էլ է մտահոգ, ինքն էլ է ուզում բարեփոխումներ, չափանիշների բարձրացում: Դա ուզում են նաեւ մեր ճիշտ գիտնականները: Նրանցից շատերը վերջին շրջանում զանգում են, ասում են, որ իմ կողքին են եւ շատ ուրախ են: Որովհետեւ ոչ մեկը չի ուզում վատ երկիր ունենալ, չափանիշների խախտման մեջ «տապակվել»:

– Հիմա՞ են սկսել ավելի շատ խոսել չինովնիկների գիտնական դառնալու ցանկության մասին, թե՞ նախկինում էլ է գիտությունը «չինովնիկացել», ուղղակի չի բարձրաձայնվել:

– Չինովնիկները միշտ էլ պաշտպանել են: Միշտ էլ եղել է այդ հարցը: Պետպաշտոնյայի ծանրաբեռնվածությունը պետք է շատ լինի, եթե հակված ես գործ անելու: Երեւույթի դեմ ռեակցիան գալիս է նրանից, որ գիտությունը աշխատատար պրոցես է, ժամանակ է խլում, ինչպե՞ս է, որ այդ ծանրաբեռնվածության կողքին պետպաշտոնյան կարողանում է ժամանակ գտնել գիտությամբ զբաղվելու: Բայց պետք գանք վերջիվերջո այն գիտակցության, որ գիտությամբ պետք է զբաղվեն գիտնականները:

– ԲՈՀ-ի կայքում նշված է, որ ԲՈՀ-ի հիմնական գործառույթներից է մասնագիտական խորհուրդների ստեղծումը, նրանց աշխատանքի կազմակերպումը, գիտական որակավորման չափանիշների պահպանումը։ Կարելի՞ է նշել մի քանի կոնկրետ որակավորման չափանիշ, որոնք պետք է պահպանվեն եւ ի՞նչ մակարդակի չափանիշներ են դրանք` միջազգային են, թե հայկական։

– Պետք է անկեղծ լինել եւ իրատես: Այսօր խորհուրդները ստեղծվում են եւ պետք է ստեղծվեն մեր գիտական ներուժին համապատասխան, լուսնից գիտնականներ չենք կարող բերել: Մենք լավ եւ նախանձախնդիր գիտնականներ ունենք, եկեք չարժեզրկենք մեր ունեցածը: Այո, կան որոշ չափանիշներ, օրինակ, 5 դոկտոր պետք է լինի խորհրդում: Իսկ չափանիշներ ընտրել, որոնք մաղելու են, բարոյական իրավունք չունենք: Կարող ենք բարձր չափանիշներ ընտրել, որ ոչ մեկին հասու չլինի, բայց մենք սա ենք: Եվ հետո հայկական գիտությունը միշտ էլ մրցունակ է եղել:

– Երբ խորհուրդներ աշխատանքներ են վերադարձվում, ինչ-որ բան նախատեսվո՞ւմ է, նկատի ունեմ «տույժ», կամ այլ բան:

– Շատ կոպիտ ասած՝ պատժամիջոց կոչվածն է, եւ վատ կլինի, եթե հասնենք դրան, որովհետեւ մենք ոստիկան չենք, ԲՈՀ-ը ոստիկանություն չէ, սա գիտության բնագավառ է: Այն ամենը, ինչ արվել է այս ամիսների ընթացքում, զգոնության կոչ է եղել, կարծում եմ՝ բոլորը կհասկանան: Չի՛ կարելի… եթե աշխատանք ես ղեկավարում, պետք է բարեխիղճ ղեկավարես, եթե ընդդիմախոս ես, պետք է բարեխիղճ ընդդիմախոս լինես, որպեսզի արդյունք լինի: Համենայնդեպս պետք է անբարեխիղճների անունները հնչեն: Տարիների ընթացքում մենք կորցրել ենք պատժելու, մեղադրելու ունակությունը եւ ամենաթողության մթնոլորտ է եղել: Բոլորը ամեն ինչ կարող են ու անպատիժ են: Լավը պե՛տք է գնահատվի, վատը պե՛տք է ասվի: Ի դեպ, մասնագիտական խորհուրդներն ունեն լայն հնարավորություններ վատ աշխատանքը չվերցնելու, ամենաօբյեկտիվ քննարկում կազմակերպելու եւ վերջապես փակ, գաղտնի քվեարկության ճանապարհով ճիշտ գնահատելու:

– Դեպքեր լինո՞ւմ են, երբ մի մասնագիտական խորհրդում մերժված աշխատանքը պաշտպանվի մեկ այլ խորհրդում:

– Այո…

– Հե՞շտ է պայքարել բացասական երեւույթների դեմ:

– Վերջերս մանկավարժության խորհրդում մի աշխատանք մերժեցինք, այդ աղջիկը բողոքեց, բայց ախր պետք է իրատես լինել, ասել, որ ոչ թե դուք եք վատը, որ մերժել եք, այլ գուցե պետք է մտածել, որ աշխատանքը լավը չի: Կան բացասական երեւույթներ, որոնց դեմ պայքարելը ամենադժվարն է: Օրինակ, ուրիշի համար գրել տված աշխատանքները: Մարդիկ կան, որ գրում են բարեխիղճ, որոնց դեմ լրիվ անզոր ենք: Հաճախ գիտենք, որ այսինչ աշխատանքը այսինչն է գրել այսինչի համար, բայց իրականում անզոր ենք: Անշուշտ, համընկնումները «բռնում» ենք, արտագրություններ, որ ասում ենք, առյուծի բաժինը հենց դրանց է վերաբերվում: Դա էլ դառնում է ընդհանուր շղթայի մի կտոր. ես գրել եմ տալիս իմ ատենախոսությունը, պաշտպանում եմ, ու գիտության թեկնածուի վկայագիրը ձեռքիս է: Հասարակությունը պետք է այնպիսին լինի, որ ես տեղ չունենամ այդ հասարակության մեջ, եթե իմ գլխում բան չկա: Հենց որ առած վկայագիրը ոչ մի բան չարժենա, եթե տերը բան չարժի, ամեն ինչ տեղը կընկնի: Հասարակությունը չպետք է ընդունի ո՛չ մասնագետին: Այսինքն՝ ԲՈՀ-ը ընդհանուր շղթայի մի օղակն է: Եթե ուզում ենք այդ օղակը լավ լինի, պետք է կարգի բերենք ողջ շղթան:

-Ի՞նչ կուզենայիք հավելել ասվածին;

– Պակասել է սրտացավությունը երկրի հանդեպ, բոլորը պահանջատեր են, այդպես երկիր չի սարքվում: Ամեն անձի մեջ իր մեծ սերը պետք է լինի հայրենիքի հանդեպ: Սրտացավ հասարակություն եմ ուզում:

– Ի՞նչ բարեփոխումների կարիք կա, ի՞նչ փոփոխություններ են հասունացել:

– Ես կուզեմ, որ կարգի բերվի իրավական դաշտը, որ ամբողջը խոսի իրար հետ՝ կրթության համակարգը, իրավական համակարգը եւ ԲՈՀ-ը: Բոլորը իրավական նույն դաշտում լինեն: Այդ ամենը արժի իրականացնել:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728