Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն պահի կարող է վերսկսել հայ-ադրբեջանական պատերազմը». Գրիգորի Այվազյան

Փետրվար 28,2014 13:47

«Ադրբեջանական ղեկավարության կողմից այդ հանցագործության իրականացումը երկու նպատակ ուներ. դա պատմական Աղվանքի եւ Հայոց Աղվանքի տարածքից բնիկ հայերի տեղափոխումն էր, եւ երկրորդը՝ այս ամենի կոծկումը, երկու պարագայում էլ ադրբեջանական ղեկավարությունը տանուլ տվեց»,- այսօր Սումգայիթի 26-րդ տարելիցի մասին խոսելիս հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ ավելացնելով, որ հենց այդ պատճառով էլ ադրբեջանցիները հորինել են Խոջալուի ցեղասպանությունը:

Ըստ բանախոսի, եթե մեր եւ միջազգային հանրության կողմից չընդունվի Ադրբեջանի կողմից իրականացված ադրբեջանահայերի ցեղասպանությունը, եւ չտրվի դրա իրավական եւ քաղաքական գնահատականը, մենք բոլորս դեռ վտանգի մեջ ենք լինելու:
«Մենք՝ ադրբեջանահայերս, մտադիր չենք նահանջել,- ասաց Գրիգորի Այվազյանը եւ ավելացրեց,- մենք հանուն արդարության, հաղթանակի մտադիր ենք հասնել նրան, որ ֆաշիստական Ադրբեջանի համար ոչ միայն փետրվար եւ հունվար ամիսները սեւ լինեն, այլեւ բոլոր օրերը, ինչպես սեւ են Գուրգեն Մարգարյանի ընտանիքում եւ սեւ են Սումգայիթի ցեղասպանության վերապրողների եւ զոհերի ընտանիքում»:

Ըստ ադրբեջանագետի՝ Հայաստանը լրջագույն ջանքեր է գործադրում Սումգայիթի ցեղասպանության ճանաչմանը հարցը բարձրացնելու ուղղությամբ. «Հայաստանի Հանրապետությունում երեք անձ, այն է պետության նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, եւ ես՝ ձեր խոնարհ ծառան, կարող ենք ասել, որ ամեն օր, ամեն պահի կարող է վերսկսել հայ-ադրբեջանական պատերազմը, եւ համոզված եմ, որ մեր երկիրը պատրաստ է պատշաճ արձագանքել թշնամուն եւ հասցնել լիակատար պարտության»,- հայտարարեց Գրիգորի Այվազյանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ ինքը չէր ցանկանա, որ պատերազմ սկսեր:

Խոսելով Ադրբեջանում տիրող ներքին կյանքից՝ բանախոսը նշեց, որ այժմ այնտեղ իսկական խուճապ է սկսվել, զանգվածային արտագաղթի նորագույն ալիք, որը բռնապետական երկիրն ամեն կերպ փորձում է կոծկել: «Շարքային ադրբեջանցին չի ցանկանում կյանքն անիմաստ զոհաբերել Ղարաբաղի համար»,-ասաց նա եւ նորից շեշտեց, որ ամեն ինչ անելու են, որ Ադրբեջանում բոլոր օրերը սեւ լինեն:

Հետո ավելացրեց, որ շնորհակալ է Իլհամ Ալիեւին՝ Խոջալուի մասին խոսելու համար, որովհետեւ այդպես ամեն անգամ բոլորին հիշեցնում են Սումգայիթը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728