Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանին խարույկի վրա այրելու Ասրյանի սպառնալիքը ՀՔԾ-ն լուրջ չի ընդունել

Մարտ 04,2014 21:25

Անցյալ տարի, երբ Խաչիկ Ասրյանը հայտարարել էր, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր տվել  ՀՀ գլխավոր դատախազություն եւ Հատուկ քննչական ծառայություն, որպես անձի նկատմամբ սպառնալիք: Սակայն ՀՔԾ-ն ու դատախազությունը մերժել էին քրեական գործ հարուցելը: Այս մերժման դեմ բողոք է ներկայացվել դատարան:

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատական նիստն էր, որը եւս մերժեց կազմակերպության բողոքը:

Aravot.am-ի հետ զրույցում, դատարանի այս մերժումը , Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ոչ օրինաչափ համարեց:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել` «Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք և այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո և ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:

Տիկին Փոստանջյանի այս հարցից հետո էլ սպորտի, երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հ/կ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանն էլ նախագահի «թասիբին» կանգնելով,սպառնացել էր, որ նմաններին խարույկի վրա պետք է այրել:

Մեզ հետ զրույցում Արթուր Սաքունցը ներկայացրեց, թե ինչու Ասրյանի հայտարարությունը պետք է սպառնալիք դիտարկվեր եւ գործ հարուցվեր, իսկ  ՀՔԾ-ի հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Բաբայանի` քրեական գործ հարուցելու մերժման դեմ բողոքով կազմակերպությունը մի քանի կարեւոր հանգամանքների է անդրադարձել: Ըստ պարոն Սաքունցի, նախ`քննիչը բացատրություն չէր վերցրել ո’չ Ասրյանից, ոչ էլ` Փոստանջյանից, բավարարվել էր միայն լրատվամիջոցով  տարածված տեղեկություններով եւ դրա շրջանակում էր քննություն կատարել: «Մենք գտնում ենք, որ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն չի իրականացվել, եւ բավարար հիմքեր կային քրեական գործ հարուցելու համար` քրեական օրենսգրքի 137 հոդվածի համաձայն: Եթե քննիչը գտնում է, որ իրական սպառնալիք չկար, բա ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանապետը տրամադրել էր ոստիկանության աշխատակիցներն, որոնք ապահովում էին նրա եւ հարազատների կյանքի անվտանգությունը: Միաժամանակ սպառնալիքի իրական լինելն այնքանով էր իրական, որքանով որ Ասրյանը պաշտոնատար անձ է, ունի լիազորություններ եւ մենք չգիտենք ինչպես դա կկիրառվեր»,-ասաց պարոն Սաքունցը:

Aravot.am-ի այն հարցին էլ, բայց հո՞ իրականում Փոստանջյանին խարույկի վրա չէր այրելու Ասրյանը, պարոն Սաքունցն ասաց. «Նա պաշտոնատար անձ է, նաեւ հ/կ-ի ղեկավար, որի խոսքի ազդեցությունը, չեմ կարող գնահատել, թե ինչ ազդեցություն կունենա իր համախոհների վրա, իսկ նրան իրո՞ք չեն կատարի համապատասխան գործողությունը: Երբ հանրային դեմքը  արտահայտություն է  անում, սա որոշակի հատվածի վրա ազդեցություն է ունենում: Ավելին` Ասրյանը լրատվական կայքերից մեկով ասել էր`եթե գիտակցաբար որեւէ քաղաքացի վիրավորի իմ պետության, իմ նախագահի արժանապատվությունը, պատասխանն այսուհետ լինելու է ավելի կոշտ: Այսինքն` գործողություններ կատարելու մտադրությունը մնացել էր»:

Ըստ իրապաշտպանի, Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով քննիչը պարտավոր է իրականացնել բոլոր միջոցառումները գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար: «Տվյալ դեպքում քննիչը պարտավոր էր առնվազն բացատրություն վերցնել, ինչը չի արել: Հիշեցնեմ, որ  Ժիրայր Սեֆիլյանին ժամանակին սահմանադրական կարգի դեմ բռնության կոչով դատապարտեցին. որքանո՞վ էր դա իրատեսական, ի՞նչ կարող էր անել Սեֆիլյանը, նա պաշտոնատար անձ չէր, հայտարարություն չէր արել: Այսինքն` դատարանի նման  ընտրական մոտեցումը անհասկանալի է»,-կարծիք հայտնեց պարոն Սաքունցը:

Aravot.am-ի այն հարցին էլ, դատարանի`իրավաշտպանի ասած` ընտրովի վերաբերմունքի պատճառն այն է, որ սպառնալիքով Սերժ Սարգսյանի «թասիբն են» պահել, թե՞ Խաչիկ Ասրյանի փոխնախարար լինելու հանգամանքն էր պատճառը, Արթուր Սաքունցն ասաց. «Դատարանի մեր բողոքի մերժումով նրանք կոծկում, հովանավորում են, կամ գուցե քննիչին հանձնարարել են բացատրություն չվերցնել: Տվյալ դեպքում Ասրյանը հանդես է գալիս Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան, եւ պաշտպանությունն իրականացնում է քրեական օրենսգրքի նորմերի խախտմամբ, իսկ դա իրավական գնահատականի չի արժանանում:  Եթե դատարանը քննիչի ոչ իրավաչափ գործողություններին իրավական գնահատական չտվեց, ապա ի՞նչ երաշխիք, թե  էլի նման սպառնալիքներն ինչ հետեւանք կունենան: Խաչիկ Ասրյանը չէ որոշողը` որեւէ անձի  արտահայտությունը հակապետակա՞ն է, թե` պետական: Դատարանը նույնիսկ հարկ չհամարեց պատասխանող կողմի` քննիչ բացակայության հարգելի կամ ոչ հարգելի լինելու հանգամանքին»:

Արթուր Սաքունցը վստահեցրեց, որ առաջին ատյանի որոշումն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31