Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում անցած մեկ շաբաթվա ընթացքում սուր շնչական վարակով առաջնակի դիմած բնակիչների թիվը հասել է 204-ի

Մարտ 06,2014 22:37

Կապանում  վերջին մեկ ամսվա ընթացքում  երեխաների շրջանում նկատվում են վերին շնչուղիների վարակի հիվանդացության աճի դեպքեր: Այս մասին փաստում է Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը: Ծնողներն երեխաներին բժիշկների մոտ են բերում տարբեր վիրուսային վարակներով, մի շարք դեպքերում նաեւ բարդացած վիճակում՝ թոքաբորբով, անզուսպ փսխումներով, բարձր ջերմությամբ, ջրազրկման երեւույթներով եւ այլն: Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Լարիսա Ջհանգիրյանի խոսքով՝ իրենց դիմող հիվանդների հոսքը բավականին շատ է՝ օրական 4-10 հիվանդ են ընդունում եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերում, իսկ այս պահի դրությամբ մանկական բաժանմունքում 28 երեխա է  ստացիոնար բուժում ստանում: Միայն փետրվար ամսին այստեղ  սուր շնչական վարակով   78 հիվանդ է բուժվել եւ դուրս գրվել, գրեթե նույնքան հիվանդ էլ բուժվել է հունվար ամսին: Մանկական բաժանմունք սուր շնչական վարակներով հիվանդ երեխաներ են տեղափոխվել ինչպես Կապան քաղաքից ու հարակից գյուղերից, այնպես էլ՝ Ագարակից ու Գորիսից: Վիրուսային վարակները հիմնականում գերակշռում են մինչեւ 7 տարեկան երեխաների շրջանում, վարակի դեպքեր են արձանագրվել նաեւ 7-12 տարեկան երեխաների մոտ: Մեզ հետ զրուցած ծնողները նշեցին, որ երեխաների մոտ հիմնականում նկատվում էր սրտխառնոց,  բարձր ջերմություն, թուլություն, տնային պայմաններում բուժումն արդյունք չտալուց հետո դիմել են բժիշկների օգնությանը:

«Այսօրվա դրությամբ, ինչպես ամբողջ Հայաստանում, Կապանում էլ երեխաների շրջանում կան վիրուսային վարակներ. դրանք սուր շնչական վարակներ են:  Քաղաքի տարբեր մանկապարտեզներից ու  դպրոցներից երեխաներ են բերել մեզ մոտ: Կապանում մենք հայտնաբերել ենք գրիպի Ա տիպի վիրուս մեկ երեխայի մոտ, մնացած երեխաներից վերցված քսուկների պատասխանները դեռ չենք ստացել: Սովորական վիրուսային վարակներ են, որ տարածված են Հայաստանում, երկրագնդի տարբեր ծայրերում, արտառոց ոչինչ չկա: Վիրուսը միշտ եղել է, հունվար-փետրվար ամիսներին նույնպես, նախորդ տարի դեռ ավելի շատ են եղել վարակվածության դեպքերը», – նշեց բժշկուհի Լարիսա Ջհանգիրյանը եւ խորհուրդ տվեց վարակից զերծ մնալու համար հնարավորինս նվազեցնել շփումը վիրուսով վարակված երեխաների հետ: Իսկ մեր այն հարցին, թե ներկայիս տվյալները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն կա՞ դպրոցների կամ մանկապարտեզների աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ անել կամ ժամանակավոր դադարեցնել դրանց գործունեությունը, մանկաբուժական բաժանմունքի վարիչը պատասխանեց, որ համապատասխան մարմինները պետք է որոշում կայացնեն, իրենք ընդամենը կարող են հիվանդների հոսքի վերաբերյալ տվյալներ հաղորդել միայն:

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ իրենք օրական մոնիթորինգ են իրականացվում եւ տվյալները ներկայացվում առողջապահության նախարարություն: Անցած մեկ շաբաթվա ընթացքում Կապանում սուր շնչական վարակով առաջնակի դիմած 204 դեպք են ունեցել, իսկ դրան նախորդող շաբաթ՝ 201 դեպք:  Բժշկուհին վստահեցրեց, որ նախորդ տարիներին այս ցուցանիշն ավելի մեծ էր եղել: «Մենք նմուշառություն ենք անում, որպեսզի հայտնաբերենք, թե գրիպի, որ տեսակն է շրջանառվում ներկա պահին, նմուշներն ուղարկում ենք Սյունիքի փորձագիտական կենտրոն: Մեզ հայտնի է, որ այլ վիրուսների հետ ունենք նաեւ գրիպի Ա տեսակի վիրուս՝ արդեն հաստատված 3-4  դեպք», – փոխանցեց ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը եւ հավելեց, որ Կապանում վիրուսային վարակվածության շատ դեպքեր կան նաեւ մեծահասակների շրջանում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31