Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «Ռուսներին պատերազմով չես վախեցնի»

Մարտ 09,2014 20:21

Ներկայիս աշխարահաքաղաքական գործընթացներն, ըստ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահեվրդյանի, 300 տարի առաջ սկսված իրադարձությունների տրամաբանական շարունակությունն են` երբ Պյոտր Մեծը Բալթիկ ծովով պատուհան բացեց դեպի Եվրոպա, եւ Ռուսաստանը փորձեց մտնել եվրոպական իրադարձությունների հորձանուտ ու իր խոսքն ասել ու հանդիպեցին անգլոսաքսերի լուրջ դիմադրությանը: Վերջիններիս դերում, այսօր, ըստ մեր զրուցակցի, ԱՄՆ-ն է` իր համակաիր եվրոպական պետություններով: «Այդ շահերի բախումը եղել է միշտ: Ռուսական կայսրության գոյության տարիներին այն արտահայտվել է Բալկաններում եւ Մերձավոր Արեւելքում` այն ժամանակ ռուս-թուրքական պատերազմների միջոցով, բայց Ռուսաստանին միշտ հակահարված է տվել Անգլիան` իր եվրոպական դաշնակիցների միջոցով»,- ասաց մեր զրուցակիցը:

Քանի որ Ղրիմի խնդիրն այսօր օրակարգում է, Մովսես Շահվերդյանն անդրադարձ անելով 1853-55 թվականներին Ղրիմի տարածքում ծավալված պատերազմական գործողություններին, հիշեցնում է, որ թեեւ պատերազմն Օսմանյան կայսրության եւ ռուսաստանի միջեւ էր, բայց Անգլիայի գլխավորությամբ միջամտեցին եվրոպական պետությունները, եղավ Սեւաստոպոլի հերոսական պաշտպանությունը ու նկատում է. «Այսօր, կարծես թե պայմաններ են ստեղծվում Ղրիմի երկրորդ պատերազմի համար: Կրկին շահերի բախման խնդիրն է առաջանում: Ինչքան էլ ասեն աշխարհը միաբեւեռ է, այսօր հստակ ուրվագծվում է երկբեւեռ աշխարհի գոյությունը` ՌԴ-ն իր կողմանկիցներով, մյուս կողմից` ԱՄՆ-ը Եվրոպական երկրներով: Ոչ ոք չի կարող ասել` գործը երրորդ համաշխարհայինին կհասնի, թե` ոչ, բայց լուրջ վտանգի առկայությունը ոչ ոք ժխտել չի կարող: Բայց ռուսներին ինչով-ինչով` պատերազմով երբեք չես կարող վախեցնել: Նրանք այն ժողովուրդն ու պետությունն են, որ պատերազմի ժամանակ զգում են ինչպես ձուկը` ջրում: Դա հենց այն վտանգն է, որը միշտ վախեցրել է Արեւմուտքին, ԱՄՆ-ին: Հիշեք սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, երբ ընդամենը երկու շենք պայթեց, բայց ԱՄն-ում ինչպիսի խուճապ էր սկսվել: Կանխատեսումներ անել չեմ ցանկանում, բայց կասկած չունեմ, որ ՌԴ-ն չի նահանջելու եւ Ղրիմի խնդիրը լուծելու է այնպես, ինչպես ինքը հարմար կգտնի»:
Մովսես Շահվերդյանը, կրկին պատմական անդրադարձներով եկել է այն եզրահանգման, որ Արեւմուտքը չպետք է Ուկրաինայի հետ մեծ ծրագրեր կազմի, քանի որ ռուս-ուկրաինական հարաբերություններում կնճիռներ առկա եղել են, պատմական բարդ իրավիճակներ են եղել, որոնք հարթվել են: Հիմա էլ, նա վստահ է, որ Ուկրաինայի եւ ՌԴ-ի հարաբերությունները կկարգավորվեն, քանզի ուկրաինացի ժողովուրդը նույն սլավոնական արմատներից սերած ժողովուրդ է ու նրանց մեջ չեն կարող մեծ կոնֆլիկտներ լինել: Դրա վկայությունը, ըստ մեր զրուցակցի, նաեւ օրերս Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներն էին, համաձայն որոնց, նախագահական ընտրություններում այս շարժման լիդերները չնչին տոկոսներ ունեն:
Բայց, աշխարհաքաղաքական այս իրավիճակում, մեր զրուցակցին առավել մտահոգում են հայաստանյան անցուդարձերը, քանզի «նրանք առանց մեր միջամտության էլ իրենց հարցերը կլուծեն», բայց Հայաստանի վրա այդ զարգացումներն ուղղակիորեն ազդելու են, մանավանդ, որ վերջին տարիներին մեր երկրի «աքիլեսյան գարշապարը» եղել եւ մնում են մեր իշխանություններն` իրենց ոչլեգիտիմությամբ ու դրանից բխող հետեւանքներով:
Այս համատեքստում, Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով մարտիմեկյան հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի` Գագիկ Ծառուկյանի եւ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ անցկացրած զուգահեռներին, Մովսես Շահվերդյանը նկատեց. «Տեր-Պետրսյանի հայտարարությունից տեւական ժամանակ է անցել. բոլորը խոսում են այդ թեմայով, դրական կամ բացասական գնահատականներ են տալիս, բացի Գագիկ Ծառուկյանից: Յուրաքանչյուր մարդ ինքն է վերցնում իր վրա որեւ դերակատարություն եւ ինքն է որոշում` ի՞նչ չափով ու ինչպե՞ս է պատրաստվում այն իրականացնել: Բայց Գագիկ Ծառուկյանը լռում է»:
Ընդհանրապես, մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանում պետք է շուտափույթ նոր իշխանություն ձեւավորվի, որի կրթական եւ կառավարման ցենզը էականորեն կտարբերվի գործողից` նշաձողը բարձրանալու առումով: «Այս իշխանությունը չունի ոչ լեգիտիմության պաշար, ոչ էլ իր ետեւում ժողովրդի աջակցություն ու դա շատ լավ գիտեն դրսի ուժերը, ինչը եւ իշխանությանը, եւ պետությանը խոցելի են դարձնում, այն էլ մեր խնդիրների առկայության պարագայում: Դա մեզ համար աններելի շռայլություն է»: Ու եթե մինչեւ հիմա այս հարցը չի լուծվել, դա, Մովսես Շահվերդյանի համոզմամբ, բնավ էլ լուծումի բացակայությունից չէ, այլ հարցը լուծողների անընդունակությունից: Շահվերդյանն անգամ, հարցերի կարգավորման մի քանի տարբերակ է տեսնում, որոնցից մեկը քաղաքական: Բայց, ինչպես Տեր-Պետրոսյանն ասաց «հրաշալի քառյակը»` խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, մեր զրուցակցին հավատ չեն ներշնչում, քանի որ հստակ չէ, թե նրանց օրակարգում ինչ խնդիրներ են դրված: Նրա գնահատմամբ, խորհրդարանն այս ուժերի համար ընդամենը «զբաղմունքի վայր» է: Մինչդեռ, քաղաքական ուժերի ճիշտ համագործակցությունը, ըստ ՀԱՍԿ նախագահի կարող է լուրջ արդյունքներ ապահովել: Դրա օրինակներն իրենք ունեն: Հիշեցնելով ԲՀԿ-ի վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ քաղաքական եւ հասարակական լայն կոնսոլիդացիա պետք է լինի, Շահվերդյանին մտահոգում է այն, որ դեռ քայլեր չեն հետեւում` հանդիպումների եւ կոնսուլտացիաների պայմանավորվածություններ չկան:
Հաջորդ տարբերակը` իշխանության նախաձեռնությամբ իրավիճակ փոխելն է: «Ես ուղղակի զարմացած եմ որոշ ՀՀկ-ականների այն անլուրջ հայտարարությունների վրա, որ ասում են պատրաստվեք 2017-18 թվականների ընտրություններին: Իսկ ո՞վ կարող է ասել, թե այդ ժամանակ Երկիր մոլորակի վրա ի՞նչ իրավիճակ կլինի, երբ աշխարհում ժամերով է իրավիճակը փոխվում»:
Մովսես Շահվերդյանը վստահ է, որ Հայաստանում շուտով Արեւմուտքի կամ ՌԴ-ի դրդմամբ լուրջ քաղաքական գործընթացներ են սկսվելու: ՀՀԿ-ականներին էլ հորդորում է միամիտ չլինել, քանի որ անգամ Մաքսային միություն գնալու որոշումը ՌԴ-ին չի ստիպի մոռանալ «իրենց ծագումնաբանությունը»: Իսկ ՄՄ-ին անդամակցության գործընթացը նա բնորոշում է Ավետիկ Իսահակյանի հայտնի արտահայտությամբ` նորից գնացինք եւ կանգնեցինք քանդվող պատերի տակ ու Աստված չանի, որ այդ պատերը մեր գլխին քանդվեն: Մովսես Շահվերդյանը դեմ չէ ՄՄ-ին անդամակցելուն, դեմ է այն ձեւին, ինչպես դա արվեց` ոչինչ չշահելով անվերապահ կապիտուլյացիայի ակտ ստորագրվեց: «Հայաստանին պետք է իշխանությունը, որը կկառավարի այնպես, ինչպես պահանջում են մեր ազգային-պետական շահերը, որոնք, ցավոք, ցայսօր ձեւակերպված չեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31