Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե առաջարկենք Տիգրան Սարգսյանին հետևել քաղաքապետարանի նոր մեթոդին ու աշխատել ավելի «արդյունավետ»

Մարտ 10,2014 22:26

Այսուհետ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը բաժինների պետերի հետ ամեն երկուշաբթի անցկացվող աշխատանքային խորհրդակցությունները կանցկացնի անհատական եղանակով` առանց լրագրողների:

Ամեն ամսվա առաջին երկուշաբթի օրն էլ տեղի կունենա  ընդլայնված խորհրդակցություն, որտեղ լրագրողների մասնակցությամբ կլսվեն մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցներ:

«Անկախ նրանից, թե Վանաձորի հեռուստաընկերությունները ներկա կգտնվեն երկուշաբթի օրվա խորհրդակցություններին, թե ոչ, քաղաքապետարանը պարտադիր նրանց կուղարկի խորհրդակցության տեսանյութը, ինչպես նաև կտեղադրի իր կայք էջում, ինչը հասանելի կլինի բոլոր լրագրողներին»,-իր facebook-ի էջում փոփոխության մասին է տեղեկացնում Վանաձորի քաղաքապետի  օգնական Էդիկ Հովսեփյանը:

Նա բացատրում է, որ փոփոխությունը միտված է բարձրացնելու քաղաքացիների իրազեկման մակարդակը և աջակցելու հեռուստաընկերություններին:

Հակառակ սրան` «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հովհաննես Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նկատում է, որ նոր աշխատելաոճն ամենեւին էլ չի արդարացնի իրեն:

«Եթե քաղաքապետը գտնում է, որ անհատական հանդիպումները կնպաստեն աշխատանքներին, դա կարող է անել աշխատանքային խորհրդակցություններից դուրս` օրենքը չի արգելում»,-ասում  է Հովհաննես Ղազարյանը` նշելով, որ քաղաքապետարանի աշխատանքների թափանցիկությունը ապահովում են լրագրողները` նիստերի ձևաչափով անցկացվող խորհրդակցությունների լուսաբանման միջոցով:

«Անձամբ ես համաձայն չեմ այն մտքին, թե նոր՝ անհատական փակ հանդիպումները բաժինների պետերի ու մյուս պատասխանատուների հետ ավելի արդյունավետ են:  Այս դեպքում հարց է առաջանում, ինչու  են  կառավարության նիստերը ևս ընդհանուր ձևաչափով անցկացվում: Գուցե առաջարկենք Տիգրան Սարգսյանին հետևել քաղաքապետարանի նոր մեթոդին ու աշխատել ավելի «արդյունավետ»:  Ի դեպ, արդեն տևական ժամանակ է, ինչ լրագրողների աշխատանքները խոչընդոտելու միտում է նկատվում, որ գնալով ավելի ու ավելի սպառնալից է դառնում, մինչդեռ ըստ օրենքի` դա անթույլատրելի է: Լրագրողները գտնվում են մեր՝ քաղաքացիներիս պաշտպանության ներքո, այլ հարց է, որ Հայաստանի երրորդ՝ արդեն ավարտվող Հանրապետությունում կա քաղաքացիական գիտակցության լուրջ խնդիր՝ մեր երկրում բնակիչներն են գերակշռում, մինչդեռ պետք են քաղաքացիներ»,-իր կարծիքն է հայտնում «Նախախորհրդարանի» անդամը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31