Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհքաղաքական ծուղակ

Մարտ 15,2014 23:35
qartez

«Պոետի հոգին լսում է ճշմարտությունը, ինչը  բացվում է նրա առջեւ

այն ոգեշնչված վիճակում, երբ հոգին վեր է հառնում սահմանափակ ու

մակերեսային տրամաբանությամբ իմացողությունից»

ՌԱԴԽԱԿՐԻՇՆԱՆԱ

 

Դիվանագիտության պատմությանը թեկուզեւ մակերեսորեն ծանոթ ցանկացած մեկը տեղյակ է թուրքական, որքան հմուտ, նույնքանեւ նենգ քաղաքական ավանդույթների մասին: Ժամանակին, Վեհ Դուռը հսկայածավալ կայսրությունում ազգամիջյան ընդհարումները կամ էթնո-կրոնական միավորների ապստամբությունները մարելու յուրօրինակ մեթոդաբանություն էր մշակել: Կենտրոնական իշխանությունը չէր միջամտում այնքան ժամանակ, քանի դեռ տեղերից գերագույն դատավորի դերը ստանձնելու աղերսը չէին հղում: Այժմ էլ, կարծես թե ամեն ինչ ընթանում էր դասական տարբերակով, եւ դեռ երկար կարելի էր բավարարվել ներքրդական արնահեղության հրդեհի վրա երբեմն-երբեմն վառոդ ավելացնելով: Բայց ժամանակները փոխվել են եւ ինչպես ասված է՝ փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:

Թուրք-իսրայելյան համակողմանի համագործակցությունը շոշափելի պտուղներ է տալիս: Թուրքերը եւս «կուտը կերան»: Քեմալ Աթաթուրքի հանճարը խամրում է երկրի նոր քաղաքական ընտրախավերի տգիտության ցոլանքում: Թեսալոնիկի մասոնական օթյակներում ձեւակերպված ճշմարտությունները մոռացության են մատնվում եւ ակնհայտ է, որ Անկարայում նույնպես «լոխ գյուդում են»: «Թուրքիան երբեք եւ ոչ մի պարագայում չպետք է դուրս գա հանրապետության բնական սահմաններից», -ուսուցանում էր Աթաթուրքը, բայց 1974-ին պատվախնդիր թուրքերը մտան Կիպրոս, չհաշված՝ ետխորհրդային տարածքներում Անկարայի ծավալապաշտական հավակնությունները: «Օսմանյան կայսրության ողբերգության հիմքում չափազանց մեծ վստահությունն էր օտարազգի խորհրդատուների նկատմամբ: Թուրքիան չպետք է կրկնի նույն սխալը»,- հորդորում էր Քեմալը, իսկ Դեմիրելը Ափոյի ձերբակալման ու ստորացման գործարքի մեջ է մտնում իսրայելցիների եւ ամերիկացիների հետ: Հազիվ թե որեւէ մեկի համար պարզ չէր, որ աշխարհով մեկ շրջագայող Օջալանը չէր ներկայացնում այն վտանգի մեկ հազարերորդական մասը, ինչը այժմ՝ Մարմարի ծովի կղզիներից մեկում զնդանված մարտիրոսի կարգավիճակում:

Չափազանցություն չի լինի, եթե արձանագրենք, որ թուրքերը «երկրորդ Կիպրոս» ստացան՝ չունենալով խնդրի տրամաբանական հանգուցալուծման որեւէ հեռանկար: Ինքնըստինքյան հասկանալի է, որ բաց թողնել Օջալանին պաշտոնական Անկարան չի կարող, իսկ ինքնադատաստանն ընդամենը կխտացնի քրդական առաջնորդի շուրջ ձեւավորված լուսապսակը: Ուրեմն, մնում է երկարատեւ դատական պրոցեսը, ինչը թուրքական արդարադատության թերի համակարգի պայմաններում անխուսափելի ընդհարումներ է բերելու տարաբնույթ միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների հետ: Կամա թե ակամա, բայց Ափոյի ձերբակալությունը ոչ միայն նոր ազդակ հաղորդեց քրդական շարժմանը աշխարհով մեկ, ոչ միայն քրդերի համախմբման հավելյալ խթանիչ է, այլեւ միջազգային հանրության ուշադրության խիստ բեւեռում երկրի, նրա ներքաղաքական զարգացումների եւ բնականաբար արտաքին հարաբերությունների վրա: Թուրքական իրականությունը հուշում է, որ բացասականը տվյալ դեպքում անհամեմատ ավելին է, քան դրականը:

Եթե որեւէ երկրի քաղաքական ղեկավարությունը կոպիտ սխալ է գործում, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է եւ ինչ-որ կոնկրետ բանի է ծառայելու: Պետք է հաշվի առնել, որ քրդերը թուրքական վարչակարգի միակ պրոբլեմը չեն: Երկրում մեծ ազդեցություն եւ ծավալում ունեն Իսլամ արմատականները, որոնք ընդամենը վերջերս օրինական ճանապարհով կառավարություն էին կազմել: Իսլամականներն այժմ արգելված են, ընդ որում՝ ոչ այնքան ժողովրդավարական հիմքի վրա: Ուժի միջոցով գաղափարական հոսանքները ճնշելու փորձերը սովորաբար հակառակ արդյունքին են հանգեցնում: Պաշտոնական Անկարայի կողմից հավասարապես հետապնդվող քրդերի եւ թուրք Իսլամ արմատականների միջեւ շփման եզրերը շոշափելի բնույթ են ստանում, իսկ փոխըմբռնման հեռանկարը՝ առարկայական տեսք: Եւ այս տեսանկյունից չի կարելի բացառել, որ Ափոյի ձերբակալությունը նաեւ նպատակ է հետապնդում հիասթափության եւ գաղափարախոսական վերարժեւորման մթնոլորտ ստեղծել Քրդական Բանվորական Կուսակցության շարքերում, որպեսզի քրդերի ավելի ու ավելի լայն զանգվածներ վերակողմնորոշվեն դեպի իսլամական շարժում:

Իհարկե, այսօր դեռ թուրքական ռազմա-քաղաքական համակարգը անխորտակ ապառաժի տպավորություն է ստեղծում: Բայց չմոռանանք, որ կրոնական ընդհանրության հիմքի վրա ներհասարակական ճգնաժամի հաղթահարման գաղափարը միշտ կարող է աշխատող տարբերակ լինել: Ինչպես որ ժամանակին Քեմալ Աթաթուրքը, երկիրը կործանումից փրկելու համար, կտրուկ միջոցառումներով ճնշեց Խալիֆաթի հասարակական գիտակցությունը՝ արմատավորելով զուտ ազգային պետության ընկալումը, այնպես էլ այժմ, ազգայնականության հիմքի վրա զարգացման փակուղին հաղթահարելու համար, ազդեցիկ ուժերը կարող են հարություն տալ Խալիֆաթի իդեալներին:

Էթնո-քաղաքակրթական նախատիպերը շատ ավելի կայուն եւ երկարակյաց երեւույթներ են, քան դա թվում է նրանց, ովքեր պատմությունը, առավել եւս՝ ներկան դիտարկում են իրավիճակային աբեռացիայի ոսպնյակի միջով: Դարասկզբին, արաբա-մահմեդական «Նահդայով» (Վերածնունդ) ձեւավորված հավասարակշռությունների համակարգն առաջինը ճեղքվածք տվեց Իրանում՝ մահմեդական աշխարհի առավել ազգայնական միավորում, համենայնդեպս, դարերով ձեւավորված ավանդույթների առումով: Իրանի շահը եւս ամենակարող ՍԱՎԱԿ հատուկ ծառայությունն ուներ, յոթանասնականների ամենահզոր բանակը՝ Մերձավոր Արեւելքում: Բայց շահը եւս քրդական եւ այլ էթնո-կրոնական փոքրամասնությունների խնդիրներ ուներ, գումարած, իհարկե, կրոնական արմատականների համառությունը՝ քանդել ներհասարակական եւ ներէթնիկական դաշտի բոլոր հանգույցները ունիվերսալ գաղափարախոսական համակարգի որդեգրման շնորհիվ:

Որքան էլ այսօրվա դիրքերից անհավանական կթվա, սակայն Թուրքիան անխուսափելիորեն փոխելու է իր քաղաքական-գաղափարախոսական համակարգի գույնը՝ ներկվելու է «կանաչով»: Ութսունական թվականների Մագրեբի երկրների փորձը եւս ցույց տվեց, որ մահմեդական աշխարհում ազգայնական-սոցիալիզմից եւ սոցիալ-հեղափոխականությունից զանգվածների հիասթափման արդյունքում առատորեն համալրվում են Իսլամ արմատականների շարքերը: Հենց այս գործընթացն է, որ դամոկլյան սրի նման կախված է ժամանակակից Թուրքիայի գլխին: Ի վերջո, թուրք ժողովրդի գերակշռող մեծամասնության համար իրերի դրության նման փոփոխությունը ողբերգական երանգներ չի կրելու, քանզի անգամ քեմալական ազգայնական ռեակցիան չէր կարող մի քանի տասնամյակում արմատախիլ անել հիշողությունը երբեմնի կայսերական վեհության մասին, առավել եւս, որ ընդհուպ մինչեւ 20-րդ դարի սկիզբը Օսմանյան կայսրության մահմեդական բնակիչներն իրենց ինքնանվանում էին ընդունում նաեւ «ռումել» կամ պարզապես «հռոմեացի» բառը:

Անկարայի քաղաքական վերնախավն անզգուշություն ունեցավ մեծ կարեւորություն հաղորդել Օսմանյան կայսրության ձեւավորման կլոր տարեդարձին: Իսկ դա, ամեն ինչից զատ, նաեւ ավելորդ առիթ է անդրադառնալ կայսրության պատմությանը, այդ թվում՝ նրա վերջին շրջանին, երբ կպարզվի, որ այն ամենը, ինչի համար ժամանակին քննադատում էին Ստամբուլի միապետներին, այժմ հատուկ է Անկարայի հանրապետական կառավարությանը, ներառյալ՝ մեծ պարտքային կախվածությունը օտար տերություններից, ինքնուրույնությունից զուրկ ներքին եւ արտաքին քաղաքականությունը, անդադար արյունահեղության աղբյուր՝ անհանդուրժողությունը պետության տարածքում բնակվող ազգային եւ էթնո-կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, եւ ոչ միայն մահմեդական քրդերի, այլեւ ալավիների ու այլոց: Եւ ինչպես կասեր ինքը՝ Աթաթուրքը, «նման վայրագ ու դավաճան քաղաքականությունն էր, որ հարցականի տակ դրեց երկրի ապագան»: Կկարողանա՞ արդյոք Թուրքիան աշխարհաքաղաքական այս անցումային փուլը հաղթահարել՝ չկորցնելով Աթաթուրքի ժառանգականությունը: Համենայնդեպս, այսօր Թուրքիայի քաղաքական վերնախավի քայլերի հաջորդականությունը ավելի շատ ներքին եւ արտաքին լարվածության աճին է ուղղված:

Հ.Գ. Թուրքիայի վարչապետը հանկարծ հասկացավ, որ Եվրոպայում կան ուժեր, որոնք շահագրգռված են իր երկրի մասնատման հարցում: Իբրեւ ուշացած հասկացողության մխիթարանք՝ հուշենք պարոն Բյուլենտ Էջեւիթին, որ այդ հարցում շահագրգիռ երկրների աշխարհագրությունը շատ ավելի լայն է եւ ընդգրկում է նաեւ Ատլանտիկի արեւելյան ափն ու Մեռյալ ծովի առափնյա շրջանները:

 

«Առավոտ», 21.02.1999

Հրապարակված հոդվածը Տիգրան Հայրապետյանի «Աշխարհքաղաքական ծուղակ» գրքից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Норайр says:

    Опять сотрясаем воздух. Опять решаем за великих, великие проблемы. Может оставим в покое Внешнюю политику Турции, Израиля и не будем смешить кур. Курдскую проблему решаем! Про салоникские масонские ложи пишем. Господа, займитесь СВОИМИ проблемами. Очень полезно. Меньше говорите про вещи, в которых ничего не смыслите. Кстати, грандиозный блеф про еврейское происхождение Таалата, Джемала и Энвера, для мира давно стала бородатым анекдотом. Анекдотом про то, как ушлые деятели КГБ СССР, навязали эту сказку наивному армянскому народу, чтобы использовать армян Ближнего Востока против государство Израиль. Поразительно, как легко мы поддались на эту уловку. Поразительно, что до сих пор еще крутим эту шарманку. Что Таалат был исламизированным славянином, писали даже в АрмССР, но “знающие историки”, которым в России открывали глаза, подмигивая говорили, что все равно он тоже был евреем. Ну так принято было. В СССР, все плохие должны были быть евреями, даже если они боснийцы. И то, что Энвер был этническим гагаузом(потомком печенегов, тюрком христианином), тоже давно известно. Также известно, что он говорил про свое арабское происхождение, и что его предком был сам, пророк Мухаммед. Давно известно, что он врал. Но к евреям он относится, только в умах армян, по приказу КГБ. Самое обидное было происхождение Джемала. Ну совсем все банально. Просто турок. Ну как не рассердится и не обзывать его евреем?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31