Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, ախմախների մի փնտրեք» (Տեսանյութ)

Մարտ 17,2014 13:46

«Սկզբունքորեն անհնար է, որ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը աշխատի»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշեց, թե «այն զոռով մեկ երկու ամիս աշխատի» ու մանրամասնեց. «Օրենքը  մեռելածին է, քանի որ դու չես կարող երեք միլիոն մարդու միաժամանակ խաբել: Առաջին անգամ է, որ մարդու գրպանից ուղղակի գումար են հանում: Այս օրենքը նաև գցում է մաքուր և սևով աշխատող հիմնարկների տարբերությունը: Օրենքը նստում է սպիտակ դաշտի վրա, այն մարդիկ, որոնք օրինապահ են»: Ուստի պարոն Վարդանյանը կարծում է, որ ընդդեմ կուտակայինի պայքարում կա արդարության վեր հանման երանգ:

Որպես իրավիճակից ելքի ճանապարհ՝ Կարեն Վարդանյանը տեսնում է այն, որ «պաշտոնական բանակցություններ պիտի լինեն ՀՀ նախագահի և վարչապետի մակարդակով»: Այնուհետև հավելում. «Տպավորությունն այն է, որ պետական մարմիններն անգամ մարդ չունեն, որ մարդկային լեզվով խոսեն պարտադիր կենսաթոշակայինի թեմայով: ՀՀ-ում երկու մարդ է մնացել, որ կարող են ադեկվատ մակարդակի խոսել այդ թեմայով ընդվզող զանգվածի հետ. դա վարչապետն ու նախագահն են: Մնացածն այնքան ամբարտավան են խոսում, որ մարդկանց, ընդհակառակը, դեմ են տրամադրում այդ օրենքին»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այսպիսով, ՏՏ ոլորտում գործող նորաստեղծ ձեռնարկություններին, որոնք կունենան ոչ ավելի քան 15 աշխատող, պետությունը կազատի բոլոր հարկատեսակներից՝ սահմանելով շահութահարկի զրոյական դրույքաչափ և թողնելով միայն եկամտահարկի նվազեցված 10 տոկոսանոց հարկը:

Aravot.am-ի հարցին՝ հարկային այս բարեփոխումները «Դեմ եմ» շարժումը լռեցնելու նպատակ չունե՞ն, պարոն Վարդանյանն ասաց. «Սրանք տարբեր խմբեր են: Կենսաթոշակայինի թիրախը տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցներն են և հատկապես այն աշխատողները, որոնք մեծ փորձ ունեն և լուրջ աշխատավարձ ունեն: Այս օրենքը վերաբերում է հատկապես նորաստեղծ ընկերություններին, այսինքն՝ ձեռներեցներին, թիրախները տարբեր են: Դա նման է այն բանին, որ ուզենաս երրորդ հարկի հարևանին լավություն անել, առաջինին անես՝ մտածելով, որ կտարածվի երրորդի վրա»:

Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կառավարության քայլի մասին ասաց հետևյալը. «Կառավարության այս միջոցառումը ՏՏ ոլորտում փոքր բիզնեսի զարգացմանը կնպաստի, քանի որ, եթե այսօր ՏՏ ոլորտից եկած եկումուտները մեր ՀՆԱ-ում 2-3 տոկոս են կազմում, այս միջոցառումից հետո այն կաճի»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այս առիթով նշեց. «Միշտ որակել եմ այդ բարեփոխումները, այսպես կոչված, բարեփոխումներ: Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին ուղղված օգնությանը, ապա նշեմ, որ ՏՏ ոլորտին 2010-2011-ին հատկացվել է ութսուն միլիոն դրամ, այն գրեթե այնքան է, որքան Նունե Եսայանին՝ մեկ համերգի համար: Սա ընդհանրապես հնարավոր բան չէ: Առավել ևս ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, ախմախների մի փնտրեք, բնականաբար ախմախ չեն մարդիկ, և բնականաբար չեն ուզում, որ իրենց մասին մտածեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31